
ՄԱԿ-ում Սիրիային նվիրված նախարարական հանդիպում կանցկացվի սեպտեմբերի 21-ին

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Սիրիային նվիրված բարձր մակարդակի միջազգային հանդիպում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Սիրիայի ճգնաժամին նվիրված միջազգային հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 21-ին. այն տեղի կունենա ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդի դահլիճում լայն ձեւաչափով »,-ասել է դիվանագետը:
Նա պարզաբանել է, որ հանդիպումը, որը կայանալու է Եվրամիության նախաձեռնությամբ, առնչություն չունի Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) հետ, որը ներառում է շուրջ 20 երկիր, ՄԱԿ-ը եւ Արաբական պետությունների լիգան: ՍԱՄԽ-ի համանախագահներն են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: