«2018թ. ՀՀ վարչապետի նշանակման քննարկումների արդյունքների վրա շատ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը». Քաղաքագետ

«Չենք կարող ամեն ինչում մեղադրել վարչապետին, որովհետև այս իրավիճակի համար, որում հայտնվել ՀՀ-ն, պատասախանատվություն է կրում ամբողջ համակարգը և կոնկրետ ՀՀԿ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ եթե այս մեկ տարվա ընթացքում վարչապետին հաջողվել է որևէ բան անել, ապա այդ հաջողվածությունը հասարակությունն իր մաշկի վրա չի զգացել. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, այս մեկ տարվա ընթացքում որևէ դրական բան, որը շատ կազդի հասարակության կյանքի վրա դրական իմաստով, չեմ զգացել: Ինչպես արտագաղթը կար, այդպես էլ շարունակվում է, ինչպես գնաճն ամեն տարի եղել է, այդպես էլ շարունակվում է, սոցիալ-տնտեսական վիճակը բավական վատ է, և այլն: Այս ամենի համար պատասխանատու են բոլորը՝ սկսած նախագահից, վերջացրած վարչապետով, որովհետև Հայաստանի նման երկրում դրական արդյունքի հասնելը շատ հեշտ է, ընդամենը պետք է կամք դրսևորել, վերացնել մենաշնորհները, անպատժելիությունը, և ամեն ինչ տեղը կընկնի:

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ ավելի թանկ, քան Գյումրիից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նինոծմինդայում: Ինչո՞ւ է ՀՀ-ում գազը 30 տոկոսով ավելի թանկ, քան Վրաստանում: Այդ ամբողջ թանկությունների բացահայտումները շատ հեշտ են»:

Հարցին, թե՝ այն, որ ՀՀԿ-ի հիմնական ներկայացուցիչները դրական գնահատեցին վարչապետի գործունեության մեկ տարին, արդյոք չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն արդեն որոշում է կայացրել, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականից հետո, քաղաքագետը պատասխանեց, որ ինքն այլ բան չէր սպասում, ՀՀԿ-ն միշտ էլ շատ գոհ է իր ղեկավարությունից:

«Չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը լքել է մոտ 250-300 հազար մարդ, դա ՀՀԿ-ականների համար բացարձակ միևնույն է, ավելին, վերջերս ՀՀԿ-ի կարկառուն դեմք Գալուստ Գրիգորիչը պաշտոնապես հայտարարեց, որ ժողովուրդն է մեղավոր, անշնորհակալ ժողովուրդ ունենք, պարզվում է՝ իրենք այնպես են պահում ժողովրդին, որ շվեյցարացիները, Արաբական Միացյալ Էմիրության քաղաքացիները կամ կատարցիները պետք է նախանձեին մեզ: Խնդիրն այստեղ այն է, որ իրենք մեխանիկորեն պետք է իրենց գոհունակությունը հայտնեին իրենց հարազատ կուսակցության ղեկավարած կառավարությունից, եթե իրենք քննադատության ենթարկեին, դա կնշանակեր, որ ամբողջ ՀՀԿ-ն ձախողել է իր ծրագրերը»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ այս խնդիրը դեռևս ակտիվ քննարկման փուլում է գտնվում.

«Պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանն էլ «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում բացահայտ ակնարկեց, որ ինքը մեծ ցանկություն ունի դառնալ վարչապետ, մնալ ՀՀ ղեկավար:

Հիմա քննարկումները գնում են, և ցավով պետք է նշեմ, որ այդ քննարկումների արդյունքների վրա շատ մեծ ազդեցություն ունի նաև մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, որին մենք այնքան ենք թույլ տվել, որ նա պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ միջամտում է մեր ներքին գործերին և ուղղորդում է:

Վերջին վառ օրինակը Վրաստանում ՆԱՏՕ-ի զինավարժություններին չմասնակցելն է, դա Մոսկվայի ձեռքի գործն էր:

ՀՀԿ-ականներն իրենց վերջին հարցազրույցներում հավասարապես բաժանել են պարտականությունները՝ մի մասը գովում է կառավարությանը, մյուս մասը  հայտարարում է, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս