«Մենք վունդերկինդներ ենք». Ավետիք Իշխանյան
«Հայաստանի ստեղծագործական միությունները, որոնք ազատ մարդկանց միություններ պետք է լինեն, այնտեղ ժողովրդավարություն չկա։ Այնտեղ որևէ փոփոխություն լինո՞ւմ է ղեկավարների մեջ, եթե իշխանությունից նրանց չեն ստիպում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նա ասաց, որ չի ցանկանում նշել միությունների անունները, որպեսզի չմտածեն, թե ուղղորդված է. «Սպորտային ֆեդերացիաներում ևս նույն պատմությունն է։ Ցանկացած ձախողում բացարձակ նշանակություն չունի, որ նրա ղեկավարը պետք է հրաժարական տա։ Այսինքն՝ դա նույնպես սեփականություն է։ Սա շատ լուրջ հարց է. մեր մեջ ժողովրդավարությունը չկա, մեր մեջ ավելի շատ իշխում է հպատակի, հարմարվողի ոգին, իսկ ժողովրդավարությունը նշանակում է՝ ազատություն կամ ազատության ձգտում»։
Իշխանյանի խոսքով՝ ազատության ձգտումը գալիս է մշակույթից, պատմությունից, կրոնից. «Կան քաղաքական ազգեր, որոնց համար ժողովրդավարությունն արժեք չէ, բայց նրանք զարգանում են։ Արևելքի շատ երկրներ այդպիսին են, բայց մերը ո՞րն է։ Ժողովրդավարությունը ենթադրում է քննադատություն, քննադատություն ընդունել, բայց դա չընդունել՝ որպես թշնամանք»։
Նրա դիտարկմամբ՝ բոլոր տեղերում մտածում են, որ, եթե միջամտեն, հարաբերություններ են փչացնելու, և ասում են՝ ի՞նչ տարբերություն, մեկ է՝ նա է ընտրվելու, ու լռում են. «Եթե ինչ-որ մեկը փորձի ինչ-որ մի հարցում առանց չարության քննադատել, քննադատվողի կողմից դա կընկալվի՝ որպես թշնամություն։ Սրա հետևանքով մենք որևէ առաջընթաց չենք ունենա։ Սա գավառական մտածելակերպ է, որը գալիս է մեր կրոնական մշակույթից»։
Նա նշեց, որ 1991թ. սկսած, երբ նախագահական կառույցը ներդրվեց, Հայաստանը հսկայական քայլերով նահանջեց ժողովրդավարությունից. «Մենք վունդերկինդներ ենք։ Գերմանական հայտնի ֆիլմ կար, թե ինչպես է հերոսներից մեկը կայսեր ժամանակ՝ կայսրի կողմնակից, ֆաշիզմի ժամանակ՝ ֆաշիստ, ֆաշիզմից հետո՝ հակաֆաշիստ։ Մեր գործիչները հիմնականում այդպիսին են»։