Հիվանդների թիվն ավելի շատ է, քան «Դիաբետո՞նը»

Շիրակի մարզը կենտրոնացված և հումանիտար ճանապարհով դեղորայքը ստանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մեզ հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը հավաստիացրել էր, որ դեղորայքն իրենց տրամադրվում է հիվանդների թվին համապատասխան, իրենք էլ իրականացնում են դեղերի ներմարզային բաշխումը, ուստի 168.am-ը հարցում էր ուղարկել Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ պարզելու համար, թե ՀՀ առողջապահության նախարարությունից եռամսյակային կտրվածքով ի՞նչ քանակի, քանի՞ անուն դեղ են ստացել և ո՞ր հիվանդությունների  բուժման համար:

Մեր կողմից մարզպետարանին ուղարկված հարցման մեջ անդրադարձել էինք նաև այլ հարցերի՝ ո՞ր օրերին է պոլիկլինիկաներին դեղաբաշխում իրականացվում, առանձին վերցրած Գյումրու պոլիկլինիկաներում հիվանդների թիվը քանի՞սն է, Գյումրու պոլիկլինիկաներում ընդհանուր քանի՞ հիվանդ կա գրանցված, որքա՞ն են կազմում այն հիվանդները, որոնց ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացրած դեղերն անվճար է բաժանվում:

Ի պատասխան օգոստոսի 22-ի մեր հարցմանը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին մեզ գրավոր տեղեկացրել էր, որ (մեզ ուղարկված հարցման պատասխանում նշված է, որ նա վարչության պետն է, մինչդեռ  Շիրակի մարզպետարանի կայքում նշած է, որ վերջինս հանդիսանում է ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը) 2017 թվականի  երրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է հետևյալ դեղորայքը՝ պարբերական հիվանդությունով, շաքարային դիաբետով, ոչ շաքարային դիաբետով և էպիլեպսիայով հիվանդների համար:

«Ռեկարմոն-1.250 սրվակ, Գլիմեպիրիդ- 388.890 հաբ, Ակտրապիդ- 3.100 սրվակ, Վալպրոաթթու- 14.200 հաբ, Ինսուլին իզոֆան- 105 սրվակ, Դեսմոպրեսին- 145 շշիկ, Մետֆորմին 1000 մգ.- 228.120 հաբ, Ինսուլատարդ- 4800 սրվակ, Կոլխիցին- 51.840 hաբ, Ինսուլին լիզպրո- 140 uրվակ, Միքստարդ- 950 uրվակ, «Դիաբետոն MR»- 243.150 հաբ:

Կարդացեք նաև

Հոգեկան հիվանդություններով տառապող անձանց համար հատկացվել է Տրիֆլուոպերազին՝  (տրիֆտազին) 5 մգ – 17.760 hաբ, Բենզոբարբիտալ (բենզոնալ) 100 մգ – 3120 hաբ, Կլոզապին (ազալեպտին) 100 մգ – 8400 հաբ, Ամիտրիպտիլին 2 5մգ – 3744 հաբ, Լորազեսպամ 2 մգ – 4488 հաբ, Դիազեպամ 5մգ – 8544 հաբ, Լևոմեպրոմազին՝ 25 մգ – 2400 հաբ, Հալոպերիդոլ 5 մգ – 11040 hաբ, Կարբամազեպին՝ 200 մգ – 41250 հաբ, Ֆլուֆենազին՝ 25 մգ/մլ (մոդիտեն դեպո)՝ 200 սրվակ:

Հարցման պատասխանում նաև նշված էր, որ պոլիկլինիկաների դեղաբաշխումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի սկզբում:

Շիրակի մարզպետարանից 168.am-ին նաև տեղեկացրել էին Գյումրու թվով 6 պոլիկլինիկաներում հաշվառված ազգաբնակչության թվի մասին. «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ -15.352, «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ – 27.706, «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ -19.537, Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա -25.237, «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ -15.717, Գյումրու «Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ -23.675: Գյումրու թվով 6 պոլիկլինիկաներում ընդհանուր առմամբ գրանցված են 352 պարբերական հիվանդություն ունեցողներ, 3923 շաքարային դիաբետով հիվանդներ, 8 ոչ շաքարային դիաբետով հիվանդներ և 334 էպիլեպսիայով տառապող հիվանդներ, որոնք ստանում են անվճար դեղորայք»:

168.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր Գյումրու պոլիկլինիկաներում երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող անձանց համար նախատեսված «Դիաբետոն MR» դեղահաբի բացակայությանը: Ու սա առաջին դեպքը չէ, որ ինչ-որ ժամանակահատվածում դեղահաբը պոլիկլինիկաների մեծ մասում բացակայում է:  Հետաքրքիր զուգադիպությամբ՝ հուլիսի 21-ի դրությամբ  միայն թիվ 2-րդ պոլիկլինիկայում էին առկա «Դիաբետոն» և «Մետֆորմին» դեղամիջոցները: Մեզ ցույց էին տվել վերը նշված դեղամիջոցների պահեստը: Այստեղ մեզ տեղեկացրել էին, որ հիվանդները շարունակում են ստանալ վերը նշված դեղամիջոցները:

Նկատի ունենալով որոշակի ժամանակահատվածներում մեր մարզում ֆրանսիական արտադրության «Դիաբետոն» դեղահաբի բացակայության  կրկնվող դեպքերը, մենք որոշեցինք հաշվարկ կատարել, թե արդյո՞ք այն ՀՀ ԱՆ-ի կողմից Շիրակի մարզին տրամադրվում է այստեղ առկա երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող հիվանդների թվին համապատասխան:

Հաշվի առնելով 2017 թվականի  երրորդ եռամսյակում  մարզին տրամադրված «Դիաբետոն» դեղահաբի քանակը՝ 243.150 հաբ,  կստացվի, որ Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ստացել է  8105 տուփ «Դիաբետոն», եթե տուփերի թիվը բաժանենք երեքի, կստացվի, որ մեր մարզի համար երրորդ եռամսյակի ընթացքում՝ ամեն ամիս կամ մեկ ամսում, հիվանդների կողմից օգտագործվել է  2701 տուփ «Դիաբետոն»: Եթե պայմանականորեն ընդունենք, որ յուրաքանչյուր հիվանդի մեկ տուփ «Դիաբետոն» է հասնում, կստացվի, որ երկրորդ կարգի, հաբեր ընդունող «Դիաբետոն» ստացող հիվանդների թիվը  երրորդ եռամսյակում՝  ամեն ամիս կազմել է  2701:

Եթե  Շիրակի մարզում առկա  է 4514 երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդ, ուրեմն նրանցից 1813-ը կամ 40.16 տոկոսը «Դիաբետոն» չեն ստացել: Ստացվում է՝ «Դիաբետոն» ստանում ենք ավելի քիչ, քան Շիրակի մարզում երկրորդ խմբի շաքարախտով հիվանդների թիվն է:

Եթե ՀՀ Առողջապահության նախարարությունից պնդում են, թե հիվանդների թվին համապատասխան են «Դիաբետոն» տրամադրում մարզին, ապա ստացվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Նկատի ունենալով այն փաստը, որ «ՀՀ առողջապահության նախարարությունը «Դիաբետոն» ՄՌ (գլիկլազիդ) 60 մգ դեղը»  կենտրոնացված կարգով ձեռք է բերում մեկ միավորը 0.06 եվրոյով,  ուրեմն մեկ տուփի արժեքը կստացվի 1,8 եվրո կամ  մոտ 1017 դրամ (դեղատներում դեղն ավելի թանկ է):

Մեր նախորդ հրապարակման ժամանակ նշել էինք, որ Գյումրու պոլիկլինիկաներից մեկում 15-20 օր շարունակ դեղերի մատակարարումն ուշացել է (տե´ս այստեղ և այստեղ), ու այս հարցում մեղադրել են Առողջապահության նախարարությանը:  Նույն ժամանակահատվածում Գյումրու այլ պոլիկլինիկաներում ևս «Դիաբետոնը» բացակայել է: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ամբողջ մարզում գրեթե նույն իրավիճակն է տիրել, ստացվում է, որ հուլիս ամսին 20 օրվա համար մեր մարզին 1208 տուփ «Դիաբետոն»՝ 1.228.536 դրամի չափով չի տրամադրվել: Միաժամանակ՝ դեղամիջոցն առկա է եղել դեղատներում:

Նշենք՝ վերը նշված հաշվարկը բացարձակ ճշգրիտ լինել չի կարող այն պատճառով, որ Շիրակի մարզում առկա  4514 երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդների շատ քիչ մասն ինչ-ինչ պատճառներով կարող է «Դիաբետոն» ստացած չլինել, սակայն Շիրակի մարզին անվճար տրամադրվող դեղերի ոլորտում գոյություն ունեցող թերացումներն ու չարաշահումները բացահայտելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

Որպեսզի հետագայում պարզ լինի, թե արդյո՞ք պատկերը փոխվել է, այսուհետ ամեն եռամսյակը մեկ Շիրակի մարզպետարանից պահանջելու ենք մարզում, առանձին Գյումրիում առկա երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող հիվանդների քանակի մասին, ինչպես նաև Շիրակի մարզի երկրորդ խմբի շաքարախտով հիվանդների համար ներկրվող «Դիաբետոնի», ներառյալ՝ Գյումրու բոլոր պոլիկլինիկաների համար ստացվող «Դիաբետոնի քանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդները «Դիաբետոն» կարող են չստանալ հետևյալ պատճառներով՝ մասնավորապես, կան մարդիկ, ովքեր պոլիկլինիկաներում հաշվառված են «Դիաբետոն» ստանալու համար, բայց չեն ստանում, քանի որ արտասահմանից իրենց հարազատներն են դեղեր ուղարկում:

Կան մարդիկ, ովքեր հաշվառված են «Դիաբետոն» ստանալու համար, սակայն չեն ցանկանում այն անվճար ստանալ պոլիկլինիկայից, քանի որ  դեղատնից երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար այլ, ավելի արդյունավետ դեղեր են գնում, որոնք պոլիկլինիկաներում չեն ստանում:

Կան նաև հիվանդներ, որոնց ոչ թե մեկ, այլ երկու տուփ «Դիաբետոն» է անհրաժեշտ, սակայն պոլիկլինիկաներում պատճառաբանում են, որ չեն կարող մեկ տուփից ավելի տրամադրել, մինչդեռ օրական երկու հաբ ընդունելու դեպքում հնարավոր է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցման տեսանկյունից ավելի էֆեկտիվ արդյունք ստանալ:

Բացի այդ, որոշ դեպքերում, երբ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ նկատվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, և իրենք պոլիկլինիկաներում պահանջում են իրենց ինսուլին նշանակել, ընտանեկան բժիշկները դա չեն անում՝ պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ: Մինչդեռ հայտնի է, թե ինչ բարդությունների է հանգեցնում գլյուկոզայի բարձր մակարդակը. անոթերեի ախտահարում, ոտքերի պոլինեյրոպատիա, գանգրենա և այլն:

Անդրադառնանք նաև «Մետֆորմինին»: Գյումրու պոլիկլինիկաներին տրվում է դեղի հայկական արտադրության տեսակը, իսկ դեղատներում առկա է նաև դրա գերմանական արտադրությանը:

2017 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարության կողմից  Շիրակի մարզին հատկացվել է 228.120 դեղահաբ «Մետֆորմին» կամ 7604 տուփ (երրորդ եռամսյակի ընթացքում, որն ավարտվում է սեպտեմբերի վերջին, ամեն ամիս կստացվի 2534 տուփ), 15.030 հաբով քիչ, քան «Դիաբետոնը», որը կազմում է 243.150 հաբ:

Հաշվի առնելով Շիրակի մարզում առկա երկրորդ կարգի շաքարային դիաբետով հիվանդների թիվը՝ 4514, կստացվի, որ երրորդ եռամսյակի ընթացքում, ամեն ամիս «Մետֆորմին» դեղահաբ ստացել է ընդամենը 2534 հիվանդ, եթե յուրաքանչյուր hիվանդի մեկ տուփ է տրվում, իսկ 1980 երկրորդ կարգի շաքարային դիաբետով հիվանդ, կամ մարզում առկա երկրորդ կարգի շաքարային դիաբետով  տառապող հիվանդների 43 տոկոսն այդպես էլ դեղ չի ստացել: Հուլիս ամսվա 20 օրվա համար Շիրակի մարզում դեղը չստացողների թիվը կկազմի 1320 հիվանդ:

Եթե մեզ հայտնի լիներ, թե ՀՀ ԱՆ-ն այս դեղահաբի մեկ տուփն ինչ գներով է ձեռք բերում և որ ընկերությունից, կարելի էր պարզել, թե հուլիս ամսին՝ 20 օրվա ընթացքում, որքան գումարի «Մետֆորմին» չի հասել Շիրակի մարզ:

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցին պատկանող դեղատներում գերմանական արտադրության բրենդային «Մետֆորմին» 1000 մգ-ի մեկ տուփի գինը սկսվում է
3390 դրամից, հայկական արտադրությանը, որը գերմանականի ջեներիկն է, արտադրվում է «Արփիմեդ» ընկերության կողմից, արժե 1391՝ դրամ՝ 41%-ով գերմանականից էժան: (Տե´ս այստեղ.):

Դեղատնային գներով հաշվարկ կատարելու պարագայում կստացվի՝ հուլիս ամսվա 20 օրվա համար Շիրակի մարզից 1689 երկրորդ կարգի շաքարախտով հիվանդ չի ստացել  2.349.399 դրամի «Մետֆորմին»:

Այսպիսով բացառված չէ՝ մեր հետաքննությունը շարունակելու դեպքում այլ չարաշահումներ ևս բացահայտվեն: Մասնավորապես, պարզվի, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Շիրակի մարզին անվճար հատկացվող մյուս դեղերի պարագայում ևս նման  խառնաշփոթ իրավիճակ է տիրում, երբ  հիվանդների քանակին համապատասխան դեղորայք չի տրամադրվում. հիվանդների քանակը շատ լինի, տրամադրվող դեղորայքը՝ քիչ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀ ԱՆ-ի կողմից Շիրակի մարզին երկրորդ կարգի շաքարախտով հիվանդներից  քիչ քանակությամբ «Դիաբետոն» հատկացվել, ո՞ւր է կորել 5.531.463 դրամը կամ 9249 եվրոն, և վերջապես, ի՞նչն է պատճառը, որ  նախարարության կողմից  Շիրակի մարզին  տրամադրվող անվճար  դեղերի հարցում ունենք այսպիսի խառնաշփոթ իրավիճակ, արդյո՞ք ՀՀ ԱՆ-ի կողմից մյուս մարզերում իրականացվող դեղաբաշխման հարցում ևս առկա չեն նման թերացումներ: Այս հարցում ունե՞ն իրենց մեղքի բաժինները մարզային առողջապահության վարչություններն ու պոլիկլինիկաները:

Բացառված չէ, որ պոլիկլինիկաներում հաշվառված հիվանդներին անվճար տրամադրվող դեղերի հարցում իրենց լիազորությունները չարաշահեն նաև վերը նշված հիմնարկների տնօրենները՝ հիվանդներին հատկացնելով ոչ բոլոր տեսակի անվճար դեղերը: Նույն իրավիճակը կարող է առկա լինել նաև հիվանդանոցներում:

ՀՀ «Դեղերի մասին օրենքով» ՀՀ կառավարությունը բնակչությանը հիմնական դեղերով ապահովելու համար պետական երաշխիքներ է տալիս, կարևորում է դեղերով ապահովման պետական ամենամյա նպատակային ծրագրերում սոցիալական արդարության ապահովումը: Կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին պարտավոր է վերացնել այս ոլորտում առկա բացթողումներն ու կոռուպցիոն դրսևորումները:

Թեև ՀՀ ԱՆ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվել մեր հանրապետության՝ 2015-2019  թվականների համար անհրաժեշտ քանակությամբ «Դիաբետոն ՄՌ» դեղի պահանջարկը բավարարելու ուղղությամբ, սակայն ուսումնասիրությունները վկայում են շաքարային դիաբետով հիվանդների հաշվառման, նրանց համար անհրաժեշտ հակադիաբետիկ դեղերի պահանջարկի ձևավորման, դեղերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների հավաստիության ապահովման գործում առկա խնդիրների և թերությունների մասին:

Տարիներ առաջ այս ոլորտում առկա թերությունները բացահայտել է նաև ՀՀ վերահսկիչ պալատը:  Այդ ժամանակ հակառակ գործընթացին ենք ականատես եղել, երբ ՀՀ բուժհաստատություններում ինսուլինի քանակի ավելցուկ է արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող` «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ», «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ  ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած հաշվետվության համաձայն, ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերված Ինսուլինի ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են ավելի քան կրկնակի անգամ և հիվանդների թվի աճի համեմատ` առաջանցիկ տեմպերով:

Այդ մասին է վկայում  «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում շուրջ 20000 սրվակ Ինսուլինի մնացորդի առկայությունը:

ՀՀ ԱՆ-ին առաջարկվել էր խստացնել պահանջները հակադիաբետիկ դեղորայքի բաշխման և հաշվառման գործընթացների նկատմամբ, ապահովել դեղորայքի հատկացումը բժշկական կազմակերպություններին` բացառապես՝ համաձայն նրանց կողմից ներկայացված պահանջարկի: Հակադիաբետիկ դեղորայքով գերապահովվածությունը վերացնելու նպատակով բժշկական հաստատություններում կատարել մնացորդների գույքագրում:   Ուժեղացնել հսկողությունը բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդների և նրանց շարժի պատշաճ հաշվառման, ամբուլատոր քարտերի վարման, դեղերի նշանակման, բացթողնման և մատյաններում գրանցման օրինականության նկատմամբ, բացառել ժամանակին չհատկացված դեղորայքի տրամադրումն անցած ժամանակահատվածի համար:   

Պարբերաբար ուսումնասիրել բժշկական հաստատությունների կողմից ներկայացվող դեղորայքի պահանջարկի և հաշվետվությունների արժանահավատությունը, ծրագրի շահառուների վերաբերյալ առկա տեղեկատվության ամբողջականությունը և ճշտությունը: Կարգավորել շաքարային դիաբետով հիվանդների երկարատև բացակայության դեպքում նրանց հաշվառումից հանելու գործընթացը, միջոցներ ձեռնարկել հատկացվող հակադիաբետիկ դեղահաբերի կողմնակի ազդեցությունը համակողմանիորեն ուսումնասիրելու ուղղությամբ: Չնայած այս ամենին՝ առողջապահական համակարգում թերություններն առաջիկայում կարծես թե վերանալու միտում չունեն:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս