Ադրբեջանի քաղաքական շրջանակները խոստովանում են՝ այլևս հնարավոր չէ պահպանել մանաթի կայունությունը
Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական, արդյունաբերական և ձեռներեցության կոմիտեի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմադովը հայտնել է, որ սեպտեմբերից հետո սպասվում է ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի փոփոխություն: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Պատգամավորի փոխանցմամբ` մանաթի փոխարժեքի տատանումը պայմանավորված է լինելու Ադրբեջանի կենտրոնական բանկի և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որդեգրած քաղաքականությունից:
«Ներկայում Ադրբեջանի բանկային հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Ճիշտ է՝ ձեռնարկված քայլերն օգնել են որոշակի կայունացմանը, բայց դա չի նշանակում, որ բանկային հատվածում ամեն ինչ լավ է: Կայունացման գործընթացը դեռևս չի ավարտվել: Ժամկետանց վարկերը նվազելու փոխարեն աճում են: Ադրբեջանում խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 1,7 մլրդ մանաթի: Բանկերից վերցված վարկերը չեն վերադարձվում»,- նշել է պատգամավորը:
Պատգամավորը նշել է, որ երկրի տնտեսության համար պետք է բանկային համակարգը լավ աշխատի, ինչն այդպես չէ:
«Երկրում բիզնեսի զարգացման և ստեղծման համար անհրաժեշտ է, որ վարկերի պայմանները լինեն ավելի մատչելի: Սպառողական վարկերի տոկոսադրույքները չեն իջնում 28-30 տոկոսից: Կենտրոնական բանկը վարկերի տոկոսները շարունակում է բարձր պահել: Ադրբեջանում բանկային համակարգի հետ կապված խնդիրները չափազանց մեծ են: Պետք է կատարվեն լուջ փոփոխություններ, որպեսզի փրկվի բանկային համակարգը: Այս ամենը ազդում են երկրի ազգային արժույթի փոխարժեքի և կայունության վրա: Ներկայում մանաթի փոխարժեքը կայուն է, քանի որ կենտրոնական բանկը խստորեն վերահսկում է իրավիճակը, սակայն ինչքան էլ փորձի վերահսկել, այլևս չի կարող պահպանել փոխարժեքի կայունությունը»,- նշել է պատգամավորը:
Ադրբեջանի պաշտոնական շրջանակները սկսել են կրկին խոսել մանաթի փոխարժեքի տատանումներից, նրանք կարծես հասկացել են, որ տնտեսության նման անկայուն վիճակի պայմաններում այլևս հնարավոր չէ հասարակությանը սնել միայն ստերով և «փայլուն ապագայի» վերաբերյալ հեքիաթներով:
Վիճկոմիտեի հուլիսին հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանում վերամշակված սննդի արտադրության ոլորտում գրանցվել է 2,7 տոկոս, խմիչքների արտադրության ոլորտում 30,6 տոկոս, տեքստիլի արդյունաբերությունը 2,1 անգամ, շորերի արտադրությունը 57,1 տոկոս, փայտամշակման և փայտյա իրերի արտադրությունը 82,8 տոկոս, քիմիական արտադրանքում 22,4 տոկոս, դեղագործական արտադրանքում 2,3 անգամ, ռետինե և պլաստմասե իրերի արտադրությունում 48,5 տոկոս, շինանյութերի արտադրությունում 38,5 տոկոս, համակարգչային և էլեկտրոնային պարագաների արտադրությունում 75,7 տոկոս, էլեկտրական սարքերի արտադրությունում 84,2 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունում 18,8 տոկոս, կահույքի արտադրությունում 28,7 տոկոս, ծխախոտային արտադրանքում 31,4 տոկոս, կաշվի և կաշվե իրերի արտադրանքում 55,8 տոկոս, տպագրական պարագաների արտադրությունում 36,8 տոկոս, մետաղագործական արդյունաբերության արտադրանքում 9,5 տոկոս, արհեստական մետաղի արտադրությունում 30,3 տոկոս, մեքենաների և սարքավորումների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունում 55,1 տոկոս նվազում:
Կոմիտեի հաղորդմամբ՝ 2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանում միջին տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս:
Պարենային ապրանքների պարագայում գնաճը կազմել է 18,1, ոչ պարենային ապրանքների պարագայում` 12,4 տոկոս, իսկ վճարովի ծառայություններինը` 9,4 տոկոս:
Այսպիսով, երբ «անզեն» աչքով հետևում ենք Ադրբեջանի վիճակագրական պետական մարմնի հրապարակած տվյալներին, միանգամից հասկանալի է դառնում, որ արդյունաբերության ոլորտում գրանցված նման անկումների և երկրում գրանցված նման գնաճի պարագայում, Ադրբեջանի տնտեսության վիճակի լավացման, առավել ևս Ալիևի ներկայացրած ամպագոռգոռ զարգացումների ու ձեռքբերումների մասին խոսք գնալ չի կարող: