««Սասնա ծռերի» աջակիցների խնդիրն այն է, որ իրենք փորձում են դիմացինի վրա ցեխ շպրտել, մահացած ոստիկանների մահվան մեջ գտնել այլ պատճառներ». Քաղաքագետ
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ֆեյսբուքում «Դասադուլ և գործադուլ» անունը կրող միջոցառում է ստեղծել և առաջարկում է սեպտեմբերի 1-ից դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում դասադուլներ սկսել: ««Սասնա ծռեր» շարժման մաս են հատկապես երիտասարդները, ուսանողները և դպրոցականները, բոլոր աշխատող մարդիկ: Մենք պետք է սեպտեմբերի 1-ից կազմակերպված սկսենք դասադուլ և գործադուլ: Միայն կազմակերպված ակցիան կտա արդյունք»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ ինքը ծանոթ է այդ նախաձեռնությանը, բայց կոնկրետ այդ միջոցառման հետ իրենք որևէ առնչություն չունեն. «Այս պահին ես և մենք ընդհանրապես տեղյակ չենք այդ միջոցառմանը, և ճիշտ չի լինի իմ կողմից՝ արտահայտվել այդ մասին»:
Հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ դուք էլ միանաք նրանց, եթե միջոցառումը տեղի ունենա, Ա. Ենիգոմշյանն այսպես պատասխանեց. «Նախ, այս պահին մի բանի մասին, որի մանրամասներից տեղյակ չեմ, չեմ կարող արտահայտվել, չեմ ցանկանում այդ մասին խոսել»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեզ հետ զրույցում խոսելով այն մասին, թե ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ նախատեսվող բողոքի ակցիայից՝ տեսակետ հայտնեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քանակությամբ մարդիկ կմասնակցեն այդ շարժմանը. «Եթե շարժումը լինի հուժկու, իհարկե, իշխանությունները որոշ չափով խնդիրներ կունենան, բայց եթե շարժումը լինի շատ փոքրաթիվ մասնակիցներով, ապա այդ փոքրաթիվ մասնակիցները շատ կարճ ժամանակաշրջանում կհայտնվեն դրսում, օրինականորեն իշխանությունները շատ արագ այդ մարդկանց պատժելով՝ կհասկացնեն մյուսներին, որ իրենց խելոք պահեն, ավելորդ ջղաձգումների մեջ չընկնեն և չփորձեն իշխանությունների դեմ դուրս գալ, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ կրթական համակարգը գործող իշխանությունների համար ամենաշատ ձայներ բերող համակարգն է»:
Գ. Համբարյանը չի հավատում, որ սա հուժկու շարժում է լինելու, որովհետև, նրա խոսքով, հիմիկվանից իշխանությունները կոնկրետ քայլեր կձեռնարկեն. «Համոզված եմ, որ արդեն դպրոցների տնօրենները, բուհերի ղեկավարները հատուկ հրահանգներ են ստացել իշխանություններից, որ հետևեն, թե ինչ է տեղի ունենալու սեպտեմբերի 1-ին, թե որ ուսուցիչները կամ ուսանողները չեն գալու դասի, այնպես որ, ես շատ մեծ հույսեր չունեմ, որովհետև իշխանություններ շատ մեծ լծակներ ունեն կոնկրետ կրթական համակարգում»:
Մեր հարցին՝ եթե իշխանությունները ոչինչ չանեն, Ձեր կարծիքով՝ «Սասնա ծռերի» աջակիցները շա՞տ մեծ թիվ են կազմում, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ոչ: «Սասնա ծռերի» աջակիցներն այնքան են, ինչքան հիմա կան: Այսինքն՝ իրենք մի խումբ մոլի համակիրներ են, որոնք բավական ակտիվ են ավելի շատ սոցցանցերում և դատարանում: «Սասնա ծռերի» աջակիցների խնդիրն այն է, որ իրենք փորձում են դիմացինի վրա ցեխ շպրտել՝ կոնկրետ այդ զոհերի պահով, փորձում են մահացած ոստիկանների մահվան մեջ գտնել այլ պատճառներ, որն իրենց պատիվ չի բերում, եթե տեղի է ունեցել սպանություն, պետք է ընդունել, որ սպանություն է տեղի ունեցել, բայց չի կարելի փորձել տարածել, որ, ասենք, մահացած ոստիկաններից մեկը քաղցկեղով հիվանդ է եղել ու իր մահով է մահացել, և այլն: «Սասնա ծռերի» աջակիցները շատ չեն, ու իշխանություններն էլ մեծ աշխատանք են տանում՝ այդ աջակիցների թիվը կրճատելու»: