«Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի». Աշոտ Մովսիսյան

Հարցազրույց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի հետ.

– Իսրայելի երկու առաջատար պարբերականները հոդված են հրապարակել այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքն ապօրինի հարվածել է հայկական դիրքերին։ Երկրի Պաշտպանության նախարարությունը քննություն է անցկացնում։ Հնարավո՞ր է, որ այսկերպ Իսրայելը փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ կարող է դադարեցնել զենք մատակարարել նրան, թե՞ Իսրայելը չի գնա նման քայլի։

– Նախ՝ Իսրայելն ու Ադրբեջանը, բացի ռազմական համագործակցությունից, ունեն նաև տնտեսական համագործակցություն. Ադրբեջանն Իսրայելին նավթ է վաճառում, ինչպես նաև՝ Իսրայելին պետք է Ադրբեջանի նման դաշնակից։ Իսրայելն այսօր պատրաստ չէ դադարեցնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ և զենք չվաճառել այդ երկրին, քանի որ դրանից նաև քաղում է մեծ օգուտներ։ Բացի այդ՝ այս կերպ Իսրայելը փորձում է տարածաշրջանում ակտիվացնել իր գործունեությունը, քանի որ գիտենք՝ Իսրայելի թիվ մեկ թիրախը տարածաշրջանում Իրանն է, և Իսրայելին պետք է Իրանի թիկունքում ունենալ Ադրբեջանի նման դաշնակից։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ Իսրայելը կգնա այդ դաշնակցի հետ հարաբերությունները վատթարացնելուն։ Գուցե կարող ենք դիտարկել, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների մեջ կան որոշ խոչընդոտներ և անհարթություններ, և Իսրայելը փորձում է Ադրբեջանին հասկացնել, որ ինքը պատրաստ չէ նման քայլերի գնալ՝ ավելի վատթարացնելով Հայաստանի հետ հարաբերությունները։

Ինչ վերաբերում է այդ  միջադեպին, ապա շատ հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չի եղել։ Իսկ հենց դա ցույց է տալիս, որ իրոք նման միջադեպ եղել է, քանի որ Ադրբեջանի գործելաոճի համաձայն՝ իրենք անմիջապես պետք է հերքեին։

– Այնուամենայնիվ, սա ի՞նչ հետևանքներ կունենա, և ինչո՞ւ է Իսրայելն այս պահին նման քայլի գնում։

– Իսրայելական այն ընկերությունները, որոնք համագործակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, կարող են վերանայել և ավելի խստացնել համագործակցության պայմաններն ու կանոնները։ Բայց գլոբալ առումով այս միջադեպը դժվար թե մեծ ազդեցություն ունենա Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վրա։

– Իսրայելից մի քանի անգամ հայկական կողմին առաջարկներ եղան, որ պատրաստ են շահավետ պայմաններով զենք մատակարարել նաև Հայաստանին։ Հնարավո՞ր է, որ այս միջադեպը հենց այդ առաջարկների համատեքստում էր։

– Իսրայելը զենք արտահանող, զենք վաճառող երկիր է, հենց դրանից ելնելով էլ՝ հայտարարում է, որ պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին։ Բայց թե որքանով է Հայաստանը պատրաստ Իսրայելից զենք գնել այդ գներով, թերևս, այսօր հարցականի տակ է։ Եվ արդյո՞ք հայկական բանակի ստորաբաժանումները պատրաստ են ընդունել իսրայելական զենք։ Այդ հայտարարություններով Իսրայելն ավելի շատ փորձում է Հայաստանի հետ մեղմացնել հարաբերությունները՝ հայտարարելով, որ իրենք ոչինչ չունեն հայկական կողմի դեմ, և այն նույն համագործակցությունը, որ տարվում է Ադրբեջանի հետ, պատրաստ են տանել նաև հայկական կողմի հետ։

– Ադրբեջանը կարծես արհամարհեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Հոգլանդի հայտարարությունը, որ պետք է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, և երեկ նորից ակտիվացավ, հայկական կողմը զոհ ունեցավ։ Ի՞նչ է փորձում ցույց տալ Ադրբեջանը, որ խնդիրը միայն ռազմական լուծո՞ւմ ունի։

– Երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հայտարարություններ են տարածում, որոնք, ըստ ամենայնի՝ վերջին բանակցային գործընթացների քննարկման թեմաներն են, ապա դրանք ադրբեջանական կողմից անմիջապես ընկալվում են՝ որպես հայանպաստ, հայկական շահերից բխող հայտարարություններ։ Այս անգամ Հոգլանդի հայտարարությունը նույնպես այդպես որակվեց, և, իհարկե, Ադրբեջանն այլ մի քանի օղակներով, այդ թվում՝ փորձագիտական շրջանակների հայտարարություններով, առաջնագծում լարվածություն առաջացնելով, ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է նման հայտարարություններից և համանախագահներից ակնկալում է ավելի ադրբեջանամետ, Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ։ Բայց ամերիկացի համանախագահի հայտարարությունն ընդամենը բանակցային գործընթացի հերթական հայտարարություն էր։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը երբեք չի բացառել խնդրի ռազմական լուծման հնարավորությունը։ Մենք այդպիսի լուծում կտեսնենք այն ժամանակ, երբ հակամարտության՝ բանակցային գործընթացով լուծվելու հնարավորությունն իրեն ամբողջությամբ կսպառի, Ադրբեջանը կունենա ավելի անկախ որոշումներ կայացնելու հնարավորություն, ինչպես նաև՝ միջազգային կարևոր ուժային կենտրոններից ինչ-որ չափով կունենա թույլտվություն՝ վերսկսելու ռազմական գործողություններ։ Իսկ այս պահի դրությամբ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի։

Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը հասկացավ, որ իր ռեսուրսները, իր բանակի մարտունակությունը, թերևս, չեն հերիքում իրագործել այն հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Եթե միայն խոսենք վերջին՝ իսրայելական միջադեպի մասին, ապա տեսեք՝ ինչ է ստացվում. Ադրբեջանն անօդաչու թռչող սարքեր է գնում Իսրայելից, բայց իր զինծառայողները չեն կարողանում դրանք ճիշտ օգտագործել և հրավիրում են իսրայելական կողմի մասնագետներին։

Այդ մասնագետներից ոչ թե խնդրում են դասընթացներ անցկացնել իրենց մասնագետների հետ, այլ օգտագործելով առիթը՝ փորձում են հայկական կողմին վնաս պատճառել։ Ստացվում է, որ Ադրբեջանի մասնագետները չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել, և Իսրայելի մասնագետներին ներգրավելով՝ փորձում են իրենց բանակի PR-ն անել։

Տեսանյութեր

Լրահոս