Բաժիններ՝

Հայաստանում մեքենաշինության զարգացման նպատակով քայլեր են իրականացվում

Մեքենաշինությունը զարգացնելու նպատակով Հայաստանում քայլեր են իրականացվում: Այս ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համար կստեղծվի հարթակ:

Այսօրվա ասուլիսում «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ին կոորդինացիոն խորհրդի՝ Հայաստանում անցկացվելիք կոնֆերանսին կքննարկվեն մեքենաշինության զարգացման խնդիրները:

«Մենք ցանկանում ենք նոր ընթացք տալ ԵԱՏՄ-ի զարգացման գործընթացներին հայաստանյան իրականությունում՝ մասնավորապես մեքենաշինության զարգացման ոլորտում: Ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը: Հայրենական ապրանք արտադրողների միության, Ռուսաստանի մեքենաշինարարների միության, Բելառուսի և Ղազախստանի համանման կառույցների ջանքերով ստեղծված ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում 2017-ի սեպտեմբերի 28-ին: Օրակարգում ընդգրկված են մեքենաշինության ոլորտի զարգացման խնդիրներին առնչվող հարցեր ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության համատեքստում: Որպես զեկուցող հանդես է գալու նաև ԵԱՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նամակով դիմել են Հայաստանի մեքենաշինական ձեռնարկություններին՝ ուղարկելու իրենց առաջարկությունները կոնֆերանսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ինչպես նաև հետաքրքրվել են, թե իրենց նախկին գործընկերներից ում կցանկանային հրավիրել Ռուսաստանից՝ վերականգնելու նախկին տնտեսական կապերը կամ ստեղծելու նորերը:

«Օրինակ՝ Էջմիածնի սարքաշինական գործարանը հայտ է ներկայացրել Ռուսաստանից հրավիրելու ուղղաթիռաշինության գործարանի գլխավոր տնօրենին: Ակնկալում ենք, որ այդ երկրներից կունենանք բազմվթիվ հյուրեր»,-ասաց նա ու հավելեց, որ մոտ օրերս նամակ կուղարկեն նաև կառավարություն՝ ծանոթանալու նաև նախաձեռնության նկատմամբ կառավարության վերաբերմունքին: Սա լրացուցիչ անգամ ցույց կտա մեքենաշինարարներին, որ կառավարությունը մտահոգ է արդյունաբերության այս ճյուղի զարգացմամբ:

Սաֆարյանի կարծիքով՝ մեքենաշինությունն այսօր Հայաստանում լուրջ ուշադրության կարիք ունի, մանավանդ, որ Հայաստանն ունի գիտատեխնիկական լուրջ մշակումներ: «Մենք փորձելու ենք ստեղծել հարթակ, ինչի միջոցով հայ տնտեսավարողներն իրենց օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության պլաններ կքննարկեն»,-եզրափակեց Սաֆարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս