«Ռուհանիի խոսքերում երկու հիմնական ուղերձ կար՝ ուղղված Բաքվին». Վարդան Ոսկանյան

Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Պարոն Ոսկանյան, Հարավային Կովկասից Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը նախագահի մակարդակով մասնակցեց միայն Հայաստանը։ Սա ի՞նչ ժեստ էր Հայաստանի կողմից, և Իրանն ինչպե՞ս կընկալի այն։

– Ընդհանրապես, Իրանի հարևան պետություններից Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը նախագահի մակարդակով մասնակցեց երեք երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Ներկա էր Աֆղանստանի նախագահը և Իրաքի նախագահը։ Հարավային Կովկասից, այո, միայն Հայաստանն էր։ Պարսկալեզու լրատվամիջոցներում որոշակի տեղեկատվություն տարածվեց, որ հրավեր է եղել նաև Հարավային Կովկասի մյուս երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը, փաստացիորեն, մերժել է հրավերը, իհարկե, ոչ թե բարձրաձայնելով դրա մասին, այլ դիվանագիտորեն խուսափելով Թեհրան մեկնելուց։

ՀՀ նախագահի մասնակցությունը կարևոր ցուցիչ է՝ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակի և այն վստահության մթնոլորտի, որն առկա է երկու պետությունների մեջ։ Նաև որոշակի ցուցիչ է՝ երկու նախագահների անձնական հարաբերությունների։

Ինչ վերաբերում է իրանցիների արձագանքներին, ապա դրանք չափազանց դրական են։ Հատկապես արևելյան երկրներում նման ժեստերը գնահատվում են եթե ոչ՝ անմիջապես, ապա՝ երկարաժամկետ կտրվածքով, և ակնհայտ է, որ իրանական կողմը շատ շոյված էր Հայաստանի նման վերաբերմունքից, ինչը երևում է թե՛ իրանական լրատվամիջոցների արձագանքներից, թե՛ այն պաշտոնական տեղեկատվությունից, որը տարածվում է, մասնավորապես, Իրանի նախագահի պաշտոնական կայքի միջոցով։ Այս առումով՝ կարևոր և ճիշտ քայլ էր մեր նախագահի մասնակցությունն այս միջոցառմանը։

– Թեհրանում տեղի ունեցած Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում նաև՝ Արցախի հարցը։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հատկապես շեշտել է, որ Թեհրանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանակից շրջաններում լիարժեք անվտանգության հաստատմանը՝ հավելելով, որ արցախյան հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Անվտանգության վերաբերյալ Ռուհանիի հայտարարությունն, ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում. կան կարծիքներ, որ այն ուղղված է հատկապես Ադրբեջանին։

– Միանշանակ այդպես է, որովհետև ակնհայտ է, որ արցախյան հակամարտության գոտում անվտանգության հիմնական սպառնալիքը բխում է Ադրբեջանից։ Դրանք Բաքվի վարչակարգի գրեթե մշտական բնույթ կրող ապակայունացնող գործողություններն են մի տարածաշրջանում, որն անմիջապես հյուսիսից հարում է Իրանին։ Այս առումով՝ Իրանը չի կարող անհանգիստ չլինել նման գործելաոճից։

Մյուս կարևոր շեշտադրումը հարցի՝ խաղաղ և քաղաքական գործիքակազմի կիրառությամբ լուծման բարձրաձայնումն է, ինչը կրկին կարելի է համարել Իրանի հստակ դիրքորոշման արտահայտում՝ ուղղված նախ և առաջ՝ Բաքվին, որովհետև գիտենք, որ ռազմատենչ հայտարարություններով հանդես է գալիս բացառապես Բաքվի վարչակարգը։ Այս առումով՝ եթե Ռուհանիի խոսքերը դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա ակնհայտ է, որ դրանցում պարունակվում էր երկու հիմնական ուղերձ՝ ուղղված Բաքվին․առաջին՝ իրավիճակի ցանկացած ապակայունացման Իրանը դեմ է, երկրորդ՝ որևէ ռազմական լուծման հնարավորություն Իրանը չի նախատեսում և կողմնակից չէ նման լուծման։

– Իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությանը, նշել է, որ Հայաստանը խոշոր նախագծերին մասնակցություն ունենալու հարցում իր պատրաստակամությունը հայտնել է, և, եթե համապատասխան քննարկումներից հետո շահագրգիռ բոլոր կողմերին ձեռնտու լինի, ապա հնարավոր է դա իրականացնել։ Ի՞նչ եք կարծում՝ այս նախագիծն ի՞նչ ծավալներով և ե՞րբ իրականություն կդառնա։

– Ըստ էության, իրանական կողմը հարցի միջոցով փորձում է ճշտել Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանն էլ՝ նախագահի շուրթերով, հստակորեն ձևակերպել է սեփական դիրքորոշումը, որը միանշանակորեն դրական է։ Ինչ վերաբերում է տվյալ գործարքի՝ գործնական դաշտ տեղափոխման խնդրին, ապա առայժմ վաղ է խոսել այդ մասին։ Ակնհայտ է, որ իրանցիները նախատեսում են խոշորամասշտաբ ծրագրեր, հատկապես՝ ԵՄ-ին գազ մատակարարելու առումով, և այս պահի դրությամբ ճշտում են այն հնարավոր ուղիները, որոնցով կկարողանան այդ գազը հասցնել այնտեղ։ Իրանցիների համար չափազանց ձեռնտու և ընդունելի կլինի, որպեսզի այդ ուղին անցնի Հայաստանի տարածքով, և Հայաստանի պատասխանն էլ, ինչպես նշեցի՝ դրական էր։

Բայց խնդիրը լրացուցիչ քննարկումների կարիք ունի, հատկապես՝ կապված այն հանգամանքի հետ, որ հարցը չի սահմանափակվում միայն Հայաստանով, գիտենք, որ Հայաստանից հետո կա նաև Վրաստանը, որի դիրքորոշումն այս հարցում ևս չափազանց կարևոր է, հատկապես՝ հաշվի առնելով ամերիկյան ազդեցությունն այս երկրում։ Բայց ընդհանուր առմամբ, բոլոր կողմերի համար այս նախագիծը ձեռնտու կլինի։ Ինչքան էլ տարօրինակ թվա՝ Իրանն իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ առաջիկա տարիների ընթացում, երբ կարդիականացնի գազային ենթակառուցվածքները, ձգտելու է դուրս գալ Եվրոպա։

Այստեղ չափազանց կարևոր կարող է լինել նաև Իրան-Կատար գազային հնարավոր գործակցությունը՝ հաշվի առնելով, որ Կատարն էլ ցանկություն ունի սեփական գազը Եվրոպա հասցնելու, և կարծիք կա, որ սիրիական ճգնաժամն ինչ-որ առումով պայմանավորված է նաև այս հանգամանքով։ Հետևաբար, եթե բոլոր կողմերը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, ապա գործարքը ձեռնտու կլինի բոլորին։

– Իրանի կառավարության կազմը մոտ 50 տոկոսով փոխվելու է։ Նոր կառավարության կազմում չեն ընդգրկվի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, որը միևնույն ժամանակ՝ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, ինչպես նաև՝ մի շարք այլ նախարարները։ Սա կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, թե՞ կառավարության կազմն այս հարցում էական ազդեցություն չունի։

– Ըստ էության, էական ազդեցություն դա չի կարող թողնել, բայց հաշվի առնելով նոր նախարարների առկայությունը, կարելի է ակնկալել նրանց ավելի մեծ ակտիվությունը՝ սեփական դիրքերն ամրացնելու նպատակով։ Այս համատեքստում Իրան-Հայաստան հարաբերություններում աշխուժություն կնկատվի, չնայած այդ աշխուժությունը գրեթե ամենօրյա է։ Մեզ համար չափազանց կարևոր է էներգետիկայի նախարարը, քանի որ Հայաստան-Իրան հարաբերություններում զգալի տեղ է գրավում հատկապես էներգետիկ համագործակցությունը։ Մեզ համար հետաքրքիր են Իրանի բարձրագույն գիտության և կրթության նախարարների թեկնածուները, որովհետև այդ ոլորտում էլ Հայաստանն ու Իրանն  ակտիվորեն համագործակցում են։ Ընդհանրապես, կարծում եմ՝ պետք է սպասել, տեսնել՝ ովքեր են նորանշանակ նախարարները, և ըստ այդմ՝ կարելի է որոշակի հետևություններ անել։

– Ի՞նչ եք կարծում՝ Ռուհանիի կառավարությունն առաջիկա չորս տարիներին կկարողանա՞ երկրի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները լիարժեք լուծել։

– Լիարժեք լուծումների մասին խոսելը մի փոքր բարդ է, բայց այն, որ այդ կառավարությունը բավական լուրջ ջանքեր է գործադրում, և թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզներում հաջողել է, ակնհայտ է։ Մասնավորապես, տնտեսության ոլորտում Ռուհանիի կառավարությունը նախորդ տարիներին գրանցել է զգալի հաջողություններ, և եթե այդ հաջողությունները շարունակվեն, ապա ակնհայտ է, որ դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Կայուն, անվտանգ և զարգացող Իրանը բխում է ՀՀ-ի շահերից, և այդ Իրանը, ակնհայտ է, որ բարեկամական տրամադրություն ունի մեր երկրի հանդեպ։

Տեսանյութեր

Լրահոս