«Այս ամենի հետևանքով, ցավոք, կարող է իրականում նոր սառը պատերազմ սկսվել». Ալեքսանդր Ռար

«Այս ամենի հետևանքով, ցավոք, կարող է իրականում նոր սառը պատերազմ սկսվել». Ալեքսանդր Ռար

Հարցազրույց գերմանացի քաղաքագետ, Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, էներգետիկ հարցերով և ԱՊՀ երկրների գծով փորձագետ Ալեքսանդր Ռարի հետ

– Պարոն Ռար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ օրենքը։ Այդպիսով, ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր փո՞ւլ են մտնում, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Շատ բարդ և անկանխատեսելի զարգացումներ են սպասվում, որովհետև ամերիկյան վարչակազմն առևտրային պատերազմ է հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ղրիմի և Ուկրաինայի ճգնաժամից հետո մինչ այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանվում էին, բայց ոչ ոք իր առջև խնդիր չէր դնում ոչնչացնել կամ վնասել ռուսական տնտեսությունը։ Եղել են տարբեր հայտարարություններ ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Լեհաստանում, որ պետք է ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, բայց եվրոպացիների տեսանկյունից և նախկին ամերիկյան օրենսդիրների կողմից վստահություն կար, որ Ուկրաինայի հարցում կարելի է Ռուսաստանին պարտադրել գնալ ինչ-որ զիջումների խաղաղ հաշտեցման շրջանակներում, բայց ոչ մի դեպքում չփորձել ճնշել ու ոչնչացնել ռուսական տնտեսությունը։

Իսկ այժմ տեղի է ունեցել քաղաքական կուրսի փոփոխություն, և ԱՄՆ-ը ցանկանում է, որ թե՛ ինքը, թե՛ եվրոպացիները գնան շատ կոշտ քայլերի։ Ես կարծում եմ, որ այս ամենի հետևանքով, ցավոք, կարող է իրականում նոր սառը պատերազմ սկսվել։

– ԱՄՆ պատժամիջոցները ոչ միայն խստացնում են Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը, այլ նաև ազատ են արձակում ԱՄՆ-ի ձեռքերը՝ թույլ տալով նրան պատժամիջոցներ սահմանել յուրաքանչյուր պետության դեմ, եթե, Վաշինգտոնի կարծիքով, այն գործում է Ռուսաստանի օգտին։ Ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը, արդյոք կգնա՞ գործնական հակաքայլերի։

– Ես կարծում եմ, որ Եվրամիությունը դեռևս չի հասկացել այս իրողության ողջ լրջությունը։ ԵՄ-ում դեռ կարծում են, թե ԱՄՆ-ը չի ցանկանում ոչ մի կերպ վնասել եվրոպական բիզնեսին, և, որ Սպիտակ տունը կամ Դոնալդ Թրամփն ամեն ինչում, պատժամիջոցների կիրառման ցանկացած լուրջ քայլերից առաջ կխորհրդակցեն Եվրոպայի հետ։ Այս տեսակետն այսօր գերակշռում է Եվրոպայում։ Ես այն վտանգավոր կամ միամիտ եմ համարում։ Իմ կարծիքով՝ ամերիկացիներն ուղղակի թքած ունեն եվրոպացիների վրա, նրանք ուզում են միայն խրատել Եվրոպայի ղեկավարությանը, որը, իրենց տեսակետով, չափազանց փափուկ է Ռուսաստանի հանդեպ։ Ամերիկացիները Ռուսաստանի դեմ ատամ էին սրել մինչև անգամ ուկրաինական ճգնաժամից առաջ։ Դա աշխարհաքաղաքական հակամարտություն է, ԱՄՆ-ը ուղղակի ուզում է տրորել, ոչնչացնել իր մրցակցին և թուլացնել նրա աշխարհաքաղաքական դիրքերը։

Այդ պատճառով ԱՄՆ-ի իշխանությունը, դա անգամ Թրամփը չէ, այլ տարբեր էլիտաների մի համախմբություն, ամեն ինչ կանի, որ այս կոշտ ուղղվածությունը պահպանվի, և աշխարհը, Եվրոպան պետք է պատրաստվեն ԱՄՆ-ի հետ անխուսափելի բախումին, որովհետև ամերիկացիները չեն գնա ոչ մի փոխզիջման, նրանք պահանջում են լիակատար հավատարմություն եվրոպացիներից, և վերջիններս հիմա գործնականում կզգան, թե իրենք ինչքան կախված են ԱՄՆ-ից։ Կարծում եմ՝ շատերը չէին գիտակցում և չէին սպասում, թե այդ կախվածությունը որքան խորն է և որքան ցավոտ։ Բայց հիմա կզգան դա։

– Այսինքն՝ աշխարհը կանգնած է նոր խորը ճգնաժամի առա՞ջ։

– Աշխարհին սպառնում է 3 մասի բաժանում։ Այս քայլով ամերիկացիներն ամրապնդում են, ինչպես իրենք են հիմնավորում, Տրանսատլանտյան համակարգը։ Դա անում են ուժով։ Նրանք ստիպում են բոլոր եվրոպացիներին դառնալ կրտսեր գործընկերներ և խոնարհվել ամերիկյան շահերի առաջ։ Եվ նրանք սա են սպասում։ Դրա համար, կարծում եմ, Տրանսատլանտյան դաշինքում ճգնաժամ առանձնապես չի լինի, բայց բնական է, որ այնպիսի երկրներ, ինչպես Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, անգամ Թուրքիան, հասկանում են, որ ԱՄՆ-ը շատ կոշտ է գործելու, և նրանք չեն ցանկանա ապրել նման համակարգում, որտեղ ամեն ինչ ստորադասվում է ամերիկյան շահերին։ Այդ պատճառով նրանք կստեղծեն և արդեն սկսել են ստեղծել տարբեր միություններ, օրինակ՝ ԲՐԻՔՍ-ը կամ այլ այլընտրանքային միություններ ու դաշինքներ, որպեսզի դիմակայեն այս բարդ աշխարհում ամերիկյան ճնշումներին։

– Հայաստանի համար ի՞նչ սպառնալիքներ են ի հայտ գալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս լարվածության ավելացման հետևանքով, ինչպիսի՞ քաղաքական ու տնտեսական հետևանքներ կլինեն մեր երկրի համար։

– Հայաստանում քաղաքական գործիչները կույր չեն, նրանք նույնպես հասկանում են, որ այժմ աշխարհը նոր կոշտ փուլ է մտնում, որտեղ արդեն շատ դժվար է չեզոք մնալը։ Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշումների է ենթարկվում Մոլդովան, որի նոր նախագահը հայտարարել է, թե ցանկանում է համագործակցել ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի հետ։ Ուկրաինական ճգնաժամից ոչ ոք անհրաժեշտ դասերը չքաղեց։ Փաստացի պայքար է գնում համաշխարհային տնտեսության վերահսկողության համար, քաղաքականության, մարդկանց գլուխների համար, որը շատ հիշեցնում է սառը պատերազմը։ Հայաստանի համար հեշտ չի լինի, Հայաստանն այլևս չի կարողանա չեզոքություն պահպանել, ինչպես դա հին սառը պատերազմի ժամանակ արեցին Ֆինլանդիան կամ Ավստրիան։

Դա հնարավոր չի լինի։ Եվ Հայաստանը ստիպված կլինի ընտրել։ Ցավոք, շատ կոշտ ընտրություն է սպասվում։ Բնականաբար, եթե Հայաստանն ամրապնդի դիրքերը և խորացնի համագործակցությունը ԵԱՏՄ-ում, ապա պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ ԵԱՏՄ-ն ինչ-որ տեղ իր սեփական շահերը կառուցի, իր սեփական դաշինքը ստեղծի և ամրապնդի այն Եվրասիական տարածքում։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան։ Նախքան այդ իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա խոսել է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու ծրագրի մասին, նշել, որ նախագիծը փորձագիտական քննարկման փուլում է։ Այդպիսի տարանցիկ խոշոր նախագիծը չի՞ հարուցի Ռուսաստանի դժգոհությունը։

– Դժգոհության մասին խոսք չի կարող լինել։ Կարծում եմ՝ այժմ Ռուսաստանն ինքն է մտածում էներեգտիկ համագործակցության հնարավորությունների մասին, և պատրաստ է Իրանի հետ նախագծեր իրականացնել։ Այդ պատճառով, կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է Իրանը պատրաստ։ Եվ հետո, Իրանից գազ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, շատ դժվար կլինի։ Ցանկացած դեպքում Ռուսաստանը եվրասիական տարածքում խաղացող կլինի։ Կարծում եմ, որ եվրասիական էներգետիկ շուկան շատ ավելի քիչ հակամարտություններ կառաջացնի և ավելի համաչափ ու ներդաշնակ կզարգանա, քան, օրինակ, եվրոպականը։

– Բայց չէ՞ որ Ռուսաստանն այսօր փաստացի Եվրոպա գազի մատակարարման ոլորտում մոնոպոլիստ է։ Կարծում եք՝ նա պատրա՞ստ է դիրքերը զիջել այդտեղ։

– Ինչո՞ւ, չէ՞ որ մենք տեսնում ենք, որ տարանցիկ երկրները նույնպես օգտագործում են իրենց հնարավորությունները, մասնակի՝ նաև շանտաժը, օրինակ, Ուկրաինայի դեպքում, որպեսզի իրենց ծրագրերը կյանքի կոչեն։ Կրկին, այստեղ ամեն ինչ աշխարհագրությունն է որոշում, նայեք, Իրանն իր նավթն ու գազն արտահանելու այդքան մեծ հնարավորություններ չունի։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ու այլ երկրների հետ Իրանը շատ հստակ պայմանավորվածություններ ունի։ Իրանը սպեցիֆիկ երկիր է, ինքն էլ կարիք ունի աջակցության։

Նրանք պայմանավորվում են, որ գազը կողմնակի ուղիներով հասցնեն գնորդներին, նրանք փոխանակում են գազը, որ շատ բարդ սխեմա է, բայց փորձված է և վերջին տասնամյակներում լավ աշխատում է։ Այդ պատճառով այստեղ ավելի շուտ հարցը պետք է ուղղել Իրանին, թե որքանո՞վ կցանկանա փոխել այդ սխեման և սկսել նոր խոշոր ենթակառուցվածքներ կառուցել, որոնք շատ թանկ արժեն, որոնք, իհարկե, անհրաժեշտ են, բայց որոնք քաղաքական սպառնալիքներ են պարունակում։ Կրկնեմ՝ իմ դիտարկումներով, եվրասիական էներգետիկ շուկան ունի բոլոր հնարավորություններն ավելի ներդաշնակ և փոխշահավետ կերպով զարգանալու համար, քան դա տեղի է ունեցել Եվրոպայում, որտեղ մրցակցություն է՝ բոլորը՝ բոլորի դեմ։

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։