Արագած Ախոյանին չի զարմացնում Թուրքիայում հայկական գերեզման քանդելը
Թուրքիայում հայկական գերեզման քանդելը նորություն չէ: Այն, որ Վանի նահանգի Էգրեմիթ շրջանի տեղական ինքնակառավարման մարմինները Դիլքայա գյուղում հայկական գերեզմանատան տարածքում զուգարաններ կառուցելու թույլտվություն են տվել, դա չի զարմացնում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից:
«Ես տեղում եղել եմ, ծանոթացել եմ խնդրին: Այդ տարածքը ծովի ափին մոտ է գտնվում, տեղի իշխանությունները որոշել են ենթակառուցվածքներ ապահովել լողափին, հետևաբար այդ տարածքներում զուգարաններ են կառուցել»,-ասաց Արագած Ախոյանը:
Չնայած տեղում աղմուկ է բարձրացվել, քրդերն են անդրադարձել խնդրին` քննադատելով այդ որոշումը, լրատվամիջոցներն են անդրադարձել, միևնույն է, շինարարությունը շատ արագ իրականացվել է: Արագած Ախոյանի խոսքով, այնտեղ պատմել են, որ շինաշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս եկել:
«Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունն ու մոտեցումները: Մենք ականատես ենք եղել, որ բազմաթիվ այլ հայկական մշակութային արժեքներ են վերացվել, լինի նյութական, թե ոչ նյութական: Միայն Ախթամարի Սուրբ Խաչ և Սուրբ Կիրակոս եկեղեցիների պահպանումը բավարար չէ, որ աշխարհին ներկայանան որպես քաղաքակիրթ պետություն»,-ասաց Արագած Ախոյանը:
Վանի նահանգի Էգրեմիթ շրջանի տեղական ինքնակառավարման մարմինները Դիլքայա գյուղում գտնվող հանրային լողափերից մեկի հարևանությամբ, որտեղ հայկական գերեզմանատուն է եղել, զուգարան են կառուցել: Հայկական գերեզմանատան տարածքը և դրա հարևանությամբ գտնվող Դիլքայա բլուր կոչվող հատվածը ճանաչված են եղել որպես 1-ին աստիճանի պահպանվող տարածք, սակայն Էգրեմիթի ՏԻՄ իշխանությունները այդտեղ որոշել են հանրային զուգարան և լոգախցիկներ կառուցել: Զուգարանի կառուցման աշխատանքների ընթացքում հողից դուրս են բերվել մահացածների բազմաթիվ ոսկորներ: Դիլքայա բլուրում 1984 թվականին Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմական և հնագիտական ուսումնասիրությունների կենտրոնը համատեղ ուսումնասիրություններ են կատարել: Ուսումնասիրությունների արդյունքում բլրում հայտնաբերվել է ուրարտական շրջանի 24 գերեզման: Այս տարածքում այն ժամանակ բնակվել են հայեր, և ափամերձ հատվածը հայերի կողմից օգտագործվել է որպես գերեզմանատուն: Այս թաղամասում է ծնվել նաև հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկին: