«Հայկական գինին յուրահատուկ է». Իտալացի գինեգործ
«Զորահ» գինեգործական ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանն առաջին անգամ Հայաստան է եկել 1998 թ.՝ որպես տուրիստ, և դրանից հետո որոշել է ստեղծել իր գինեգործարանը, սկսել է ուսումնասիրել Հայաստանը։ Սկզբում աշխատել է բնիկ հայկական խաղողի տեսակների՝սորտերի վրա և գինու հնեցումը կատարել կարասների մեջ։
«Ինձ ասում էին, որ «Արենին» լավ չի հնեցվում, մի խոսքով՝ ինձ հույս չէին տալիս, որ ծրագիրը կստացվեր։ Միայն 8 տարի մենք հետազոտել ենք մեր բնիկ տեսակները և 2010-ի բերքով առաջին անգամ 2012 թ. շուկա ենք դուրս եկել և անմիջապես հաջողություն գրանցել։
Ոչ մի երաշխիք չունեինք, թե այն գինին, որի վրա ութ տարի աշխատում էինք, ինչպիսի՞ն կստացվեր, բայց հավատալով մեր բռնած ուղուն՝ հասանք «Զորահ Կարաս» գինիների արտադրությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում գինեգործության ավանդույթների զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին՝ ասաց Զորիկ Ղարիբյանը։
Նրա խոսքով՝ «Զորահ» գինիներն արդեն վեց տարի շուկայում են և 24-ից ավելի երկրներ են մատակարարվում, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Դանիա և այլուր։
«Հուսով եմ, որ մենք կհասկանանք մեր բնիկ խաղողի տեսակների արժեքը, որովհետև մենք աշխարհում շատ ասելիք ունենք, ունենք հոյակապ տարածքներ, կոնկրետ Վայոց ձորն իր դիրքով գաղտնի գանձ է գինեգործության համար աշխարհում։ Մենք ունենք 6000 տարվա գինեգործական պատմություն, և շատ երկրներ կուզենային այսպիսի պատմություն ունենալ, ունենք մեր բնիկ խաղողի տեսակները, իսկ շատ երկրներ չունեն, և գինեգործական երկրներ են անվանվում, և ամենից կարևորն այն է, որ ունենք մեր կարասները, որոնք ևս 6.000 տարվա պատմություն ունեն։ Այսօր արդեն կան գինեգործարաններ, որոնք մեր բնիկ սորտերին ապագա են տալիս, սակայն կարասների ուղղությամբ նույն ուշադրությունը չկա»,- նկատեց պարոն Ղարիբյանը։
Նա նշեց, որ, երբ մարդկանց պատմում ես, որ Հայաստանում գինեգործարան է հայտնաբերվել, և այստեղ 6.000 տարի առաջ գինին արտադրել են կարասների մեջ, հիանում են. «Դժբախտությունն այն է, որ մենք չունենք կարասագործներ, որոնք կարողանան լուրջ չափերի կարասներ արտադրել։ Խոսքը 1000-1500 լիտրանոց կարասների մասին է»։
Պարոն Ղարիբյանը պատրաստվում է Ռինդ գյուղում հիմնել կարասների պատրաստման դպրոց-լաբորատորիա, հենց իր գինեգործարանի տարածքում, և կարասների մեջ գինի արտադրելու ավանդույթը վերականգնել։ Բանախոսն ասաց, որ կարասագործ վարպետներին գտնելը շատ դժվար է եղել, գտել են երկու հոգու՝ Սիսիանից և Երևանից.
«Հիմա արդեն աշխատանքն ընթացքի մեջ է։ Ռինդում արդեն գյուղապետարանի հետ խոսել ենք, դպրոցը մեզ տրամադրելու է դասարան, և սեպտեմբերից կսկսենք կարասագործության ուսուցումը՝ մինչև մեր տարածքում տեղը պատրաստ լինի։ Հուսով եմ, որ հետաքրքրությունը շատ կլինի։ Մեր գլխավոր աշխատանքը պետք է լինի՝ քաջալերել ապագա սերնդին, որ մեր կարասագործության ավանդույթը կարողանան պահել, և հետո իրենք էլ ստեղծեն իրենց դպրոցները, և ավանդույթը տարածվի։ Վերջնական նպատակն է՝ Հայաստանը դարձնել կարասագործության կենտրոնը։ Մենք պետք է տարբերվենք բոլորից՝ մեր հարստությունն ամբողջ աշխարհին ներկայացնելով»։ Պարոն Ղարիբյանը նշեց, որ ուսուցումը բաց է և սկզբում անվճար է լինելու։
Համաշխարհային գինեգործության ոլորտում հայտնի էնոլոգ Աբերտո Անտոնինին Զորիկ Ղարիբյանի հետ ժամանել է Հայաստան և օգնել նրան հիմնել գինիների գործարանն ու արտադրությունը։
Ըստ պարոն Անտոնինիի՝ գինին ավելի շատ է տարածվել աշխարհում, և հիմա այն ոչ միայն խմիչք է՝ ուտելիքի հետ վայելելու համար, այլև դարձել է մշակույթի և քաղաքակրթության կրողը։ Իր խոսքում նա ասաց, որ պատիվ է իր համար լինել Հայաստանում, որովհետև գինեգործի համար լինել մի վայրում, որտեղից սկսվել է գինեգործության պատմությունը, շատ կարևոր է։
«Մարդկանց մեծ մասն աշխարհում հավատում է, որ գինու պատմությունը սկսվել է Իտալիայում կամ Ֆրանսիայում, բայց դա ճշմարտությունը չէ։ Երբ դու սկսում ես խորանալ գինեգործության պատմության մեջ, հասկանում ես, որ այն սկսվել է այստեղ հազարավոր տարիներ առաջ։ Երբ մարդիկ հարցնում են` ի՞նչ եմ մտածում Հայաստանի մասին, ասում եմ՝ եթե այս ոլորտում ես և սիրում ես գինի, ինչպե՞ս կարող ես հետաքրքրված չլինել այնպիսի երկրով, ինչպիսին Հայաստանն է։ Զորիկի հետ ծանոթանալուց հետո եկա այստեղ։ Կարասներում գինին հնեցնելու, գինեգործարան հիմնելու գաղափարը շատ էի հավանել, բայց ավելի շատ սիրեցի այն էներգիան, որով աշխատում էինք գինու որակն այստեղ ավելի լավացնելու համար»,- ասաց պարոն Անտոնինին։
Խոսելով իր առաջին տպավորություններից՝ նա ասաց, որ կարծես կոնֆլիկտի մեջ լիներ. մի կողմից՝ հիացած էր այստեղի միջավայրով՝ արևով, բնությամբ, բայց մյուս կողմից՝ հայկական գինին փորձելուց հետո, հասկացել էր, որ գինիները ցույց չէին տալիս այն ամբողջ տպավորությունը, որը ստացել էր միջավայրից.
«Բայց շատ հեշտ է բարձրացնել գինու որակը, երբ դու ունես պոտենցիալ, բայց հակառակը՝ անհնարին է։ Հենց սկբից որոշեցինք բնիկ խաղողի տեսակներով աշխատել միայն։ Պատճառը պարզ է. երբ դու մի երկրում ես, որն ունի 200-ից ավելի բնիկ տեսակներ, նախընտրում ես հենց դրանք։ Մենք գինին արտադրում ենք ոչ թե շուկայի համար, շուկայի պահանջներով, այլ ցանկանում ենք շուկա ուղարկել այնպիսի գինի, որտեղ կարտահայտվի երկիրն ամբողջությամբ։ Մենք շատ էինք ցանկանում ստեղծել մաքուր հայկական գինին՝ այս հրաշալի տարածքից և սորտերից, որը կներկայացնի Հայաստանը»։
Պարոն Անտոնինին պատմեց նաև, որ գինին պատրաստելիս լսում են Տիգրան Համասյանի ստեղծագործությունները, որն իրենց համար մեծ ոգեշնչում է. «Որովհետև ինքն էլ չի նվագում շուկայի համար, նա ուղղակի փոխանցում է իր զգացումները»։
168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս պարոն Անտոնինին մեկ բառով կնկարագրի հայկական գինին, նա պատասխանեց. «Այն յուրահատուկ է»։
Ռոզա Հակոբյան