Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան. «Ես 14 տարի խաչ չեմ ունեցել ու լռել եմ». «Արևելք»

Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար  քարոզչական աշխատանք չի տանելու: Այդ մասին նա հայտնել է «Արեւելքի» հետ զրույցում՝ նշելով, որ իր տեսակով «պայքարի ետեւից ընկնող» չէ:

«Կյանքումս ինչ-որ բանի համար պայքար չեմ տարել, այդ կիրքը երբեք չեմ ունեցել: Տեղյակ եմ, որ այսօր մենք մի շարք եկեղեցականներ ունենք,  որոնք ուզում են եպիսկոպոսներ դառնալ եւ միջնորդություն են փնտրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ես նման բաներից շատ հեռու եմ: Աբեղա ձեռնադրվելուց հետո տասնչորս տարի ես խաչ չեմ ունեցել ու  լռել եմ: Այնպես են բերել պայմանները, որ չեմ ունեցել, բայց   ոչ մի միջնորդության չեմ գնացել:  Հետո, երբ Վազգեն Ա կաթողիկոսն այցելել էր Մարսել, այն ժամանակ նոր միայն ինձ խաչ տվեց: Այնպես որ ես պայքարով չեմ առաջ գնում, պայքար-պայքար ասող չեմ, ամեն ինչ ինքնաբերաբարար է եղել՝ Աստծո կամքով եւ Աստծո առաջնորդությամբ եւ այդպես էլ թող շարունակվի»,-ասաց Պոլսո պատրիարքի թեկնածուն, որ այժմ Պոլսո պատրիարքական տեղապահի աթոռն է զբաղեցնում:

Մեր այն հարցին, թե Պոլսում ինչ հարաբերություններ ունի թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ, որոնք ընտրական ցուցակների պատրաստման եւ  պատրիարքի ընտրության կազմակերպչական հարցերում դերակատարություն են ունենալու, ասաց, որ հարաբերությունները նորմալ են, հերթով այցելում եւ շնորհավորում են իրեն, իրենց խնդիրներն են փոխանցում:

«Իրենց տրամադրություններն իմ հանդեպ առայժմ լավ են: Իհարկե, այն ժամանակ երբ որ սկսես խնդիրներ լուծելու ջանքերի մեջ մտնել, թերեւս կխստանան հարցերը: Դու կարող է մի բան առաջարկես, իրենք՝ մի այլ  բան առաջարկեն կամ մերժեն քո առաջարկածը… Բայց տեսենք ի՛նչն է ճիշտը, այն էլ կգործադրենք:  Ինչն է ազգի համար ճիշտը, եկեղեցու պայծառության համար որն է ճիշտը՝  ա՛յն պիտի պաշտպանենք: Եվ այդ ձեւով էլ առաջ պիտի գնա աշխատանքը, ուրիշ լուծում չկա: Մինչեւ հիմա մեկ-երկու առաջարկներս ընդունեցին-կատարեցին, դա գոհունակություն է պատճառում ինձ: Մաղթենք, որ սրանից հետո էլ այդպես շարունակվի»,-թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ իր հարաբերությունների մասին ասաց Գարեգին արք. Բեքչյանը:

Կայքը նրա հետ քննարկել է նաեւ իր զորակցական նամակը, որ նա Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձի միամյակի առթիվ հղել էր Թայիփ Էրդողանին, հարցնելով, թե ինչպե՞ս արձագանքեցին իշխանություններն այդ նամակին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ սովորաբար նման նամակներն իշխանությունների կողմից արձագանքներ չեն ունենում, բայց նկատի ունենում են, որ նման քայլ ես կատարել.  «Իմ հանդեպ լավ են տրամադրված իշխանությունները: Այս վերջերս մի երկու թուղթ էր պետք, օրինակ, իմ թուրքահպատակության թուղթը եւ այլն, մի օրում արագ օգնեցին, հանեցինք: Ընդհանրապես, իրենց մոտ բիծ չկա իմ անվան վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս