Բաժիններ՝

«Շատ էր նիհարել, զգացվում էր, որ ցավող տեղ ուներ, բայց ձայն չէր հանում». Հրաչյա Հարությունյանը վերջապես հանդիպեց հարազատներին

Այսօր Հրաչյա Հարությունյանը 4 տարի ընդմիջումից հետո հանդիպեց իր հարազատներին: 168.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Հարությունյանը, պատմեց, որ այսօր ինքը, դուստրը, թոռնիկը և սկեսրայրը մոտ 3 ժամ անցկացրել են Հրաչյայի հետ:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս էր Հրաչյան իրեն զգում, քանի որ հայտնի է, որ նա առողջական խնդիրներ ուներ: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ոչինչ, լավ էր: Ուրախությունից երևի չէր զգում որևէ ցավ: Շատ էր նիհարել, զգացվում էր, որ ցավող տեղ ուներ, բայց ձայն չէր հանում, ասում էր՝ «ես լավ եմ, որ ես այստեղ եմ, ուրեմն՝ ես տունն եմ, ես ինձ շատ լավ եմ զգում»: Շփոթված էինք, ուրախ էինք, որ վերջապես տեսնվեցինք: Թոռնիկին շատ էր կարոտել, գրկից չէր իջեցնում, անընդհատ պաչում էր, զարմանում էր, որ թոռնիկն այդքան մեծացել է: 4 տարեկան էր թոռնիկս, որ գնաց, հիմա արդեն 9-ը կլրանա»:

Այսօր Ա. Հարությունյանի հայրը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ներում շնորհեն Հ. Հարությունյանին:

Ա. Հարությունյանը նշեց, որ այսուհետ ամիսը մեկ անգամ կարող են տեսակցել իր ամուսնուն:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխեցին Հայաստան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս