«Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է ոչ թե աղջիկ չունենալու, այլ տղա ունենալու մղումով»
«Մարդկային զարգացման միջագային կենտրոն» հ/կ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի համոզմամբ՝ ներկայումս պտղի սեռի արհեստական ընդհատման հիմնական պատճառը տղա երեխայի նախապատվությունն է: Բանախոսի կարծիքով՝ կարևոր պատճառ է ծնելիության մակարդակի անկումը, երբ ընտանիքը մեծ թվով երեխա ունի ու էլ չի ուզում ունենալ, արդյունքում՝ դիմում է արհեստական ընդհատմանը: Նրա նշած մյուս պատճառը տեխնոլոգիաներն են, որ հնարավորություն են տալիս հղիության վաղ շրջանում սեռը ճշտել:
«Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է ոչ թե աղջիկ չունենալու, այլ տղա ունենալու մղումով»,- ասաց Վահան Ասատրյանը:
Նրա խոսքով՝ «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտության» արդյունքներով հարցված կանանց շուրջ 60 %-ը նշել է, որ տղա երեխայի նախապատվությունն առաջին հերթին՝ պայմանավորված է նրանով, որ տղան տոհմի շարունակողն է, մոտ 1/3-ը նշել է, որ տղան ունեցվածքի ժառանգորդն է, իսկ 17 %-ը նշել է, որ տղան հայրենիքի պաշտպանն է:
«Եթե 5 տարի առաջ 100 աղջկա հաշվով ունեինք 115 տղայի ծնունդ, ապա այսօր ունենք 112 ծնունդ: Բացի այդ՝ 2011 թվականին հետազոտության մասնակից կանանց շուրջ 60 տոկոսը նշում էին, որ իրենց միջավայրում նախապատվություն էին տալիս տղա երեխային, ապա 2017 թվականին այս ցուցանիշն իջավ 36.7 տոկոսի»,- նշեց Վահան Ասատրյանը:
Վահան Ասատրյանը նկատեց, որ մինչև 3 երեխա ունեցող ընտանիքներում աղջիկ-տղա երեխաների հարաբերակցությունը կազմել է 100 աղջկա հաշվով՝ 122 տղա՝ տարբեր տարիքի: Իսկ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում համամասնությունը փոխվում է՝ 100 աղջկա հաշվով՝ 98 տղա: «Նշանակում է, որ այն ընտանիքներում, որտեղ կա 4 և ավելի երեխա, սկզբում ծնվել են աղջիկներ, հետո ունեցել այնքան, մինչև որ ծնվի գոնե մեկ տղա երեխա»:
Նրա պնդմամբ՝ տղա երեխային նախապատվություն տալու հարցում ավելի շատ խնդիր կա միջավայրում, քան ընտանիքում:
«Կանայք ավելի շատ նշում են, որ նախապատվություն միջավայրում է, պետք է այս հանգամանքն ուշադրության կենտրոնում պահել, այսինքն՝ քարոզարշավը պետք է ուղղվի սոցիալական միջավայրում փոփոխություն կատարելուն»,- հավելեց բանախոսը:
Անի Թորոսյան