«Հայերն էս ի՞նչ են անում»
«Դա ոչ թե հայկական պատվիրակության, այլ հայկական դիվանագիտության ձախողումն էր»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանին՝ Արցախի հարցի վերաբերյալ կետերը փոփոխելու փոխարեն, այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
ԵԱՀԿ ԽՎ քվեարկության դրված փաստաթղթում Ռուսաստանին կոչ էր արվում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ՝ 91, դեմ՝ 15 անդամ: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ հայ և ռուս անդամներ, ինչպես նաև՝ բելառուսցի երկու պատգամավոր:
Ընդունված հռչակագրում երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ. 11-րդ և 45-րդ կետերը։ 11-րդ կետում հավասարության նշան է դրվում Արցախի հակամարտության և Դոնբասի միջև՝ արցախյան հակամարտությանը տալով ուկրաինական կոնտեքստ, իսկ 45-րդ կետում խոր ափսոսանք է հայտնվում Արցախի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ, և կոչ է արվում կողմերին՝ անհապաղ առարկայական բանակցությունների մեջ մտնել և շուտափույթ հակամարտության լուծում գտնել։ Նաև համանախագահներին կոչ է արվում ակտիվացնել այդ ուղղությամբ իրենց ջանքերը:
Ըստ Հայրիկյանի՝ հայկական դիվանագիտական ձախողումն է նաև այն, որ 25 տարվա ընթացքում հարցին դրական ընթացք չի տրվել. «Դրական ընթացք ասելով՝ նկատի ունեմ հարևան պետությունների միջև խաղաղության հաստատում. բարիդրացիական հարաբերություններ եթե հնարավոր չեն, գոնե՝ խաղաղության հաստատում և բնականոն կյանքով ապրել։ Իսկ այս պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին։ Ռուսաստանին պետք են տարածաշրջանում հակամարտություններ, որպեսզի իր ներկայությունն ապահովի, բացի այդ՝ Ռուսաստանին պետք է թույլ Հայաստան»։
Հայրիկյանը նկատեց՝ Ռուսաստանն իր դրածոներով ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի վարկանիշն ընկնի. «Ձեր բերած օրինակները վկայում են այն մասին, որ որևէ առողջ բանականությամբ մարդ պետք է ասի՝ հայերն էս ի՞նչ են անում. ամբողջ աշխարհը Պուտինի, նրա քաղաքականության դեմ է քվեարկում, իսկ հայերը նրա օգտին են քվեարկում։ Այդ ամենը պետք է բացասական վերաբերմունքի արժանացնի Հայաստանին, բայց բարեբախտաբար, Արևմուտքում հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը դեռ հայ ժողովուրդը չէ, որը չգիտենք՝ ինչքան կդիմանա։ Բայց միայն դրա շնորհիվ է, որ Հայաստանը, թեկուզ այս վիճակում, կա։ Երբեք չմոռանանք, որ մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանին պետք է թույլ Հայաստան, իսկ Հայաստանը թուլացնել չի նշանակում՝ միայն երկրաշարժ կազմակերպել։ Պետք է այնպես անել, որ իր բոլոր դաշնակիցներն իրենից հեռանան և նույնիսկ ծանր կացության մեջ տեսնելը բնական համարեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում