«Ադրբեջանի կողմից բարձր է նոր հարձակման վտանգը»
Հարցազրույց «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, ՌԴ Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, ըստ որի՝ զորախմբի նպատակը Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովումն է։ Սակայն հայկական փորձագիտական շրջանակներում 2 հակասական տեսակետ կա՝ զորախումբը մեծացնելու է Հայաստանի անվտանգությունը և ՀՀ զինված ուժերի վերահսկողությունն է ավելացնելու։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– Ես համաձայն եմ առաջին տեսակետին։ Ինչ վերաբերում է երկրորդին՝ ՀՀ զինված ուժերի վերահսկողության մեծացմանը, ապա նշանակում է, որ ԶՈՒ վերահսկողություն արդեն կա, այո՞։ Եթե կա, ինչպե՞ս է այն իրականացվում։ Այդ փորձագետներից գոնե մեկը գեթ 1 օր ծառայե՞լ է բանակում։ Ինչպե՞ս են նրանք պատկերացնում օտարերկրյա վերահսկողություն այլ պետության բանակում՝ առանց խորհրդականների կամ այլ մակարդակներում ֆիզիկական ներկայության, ինչպես, օրինակ, անում են թուրքերն Ադրբեջանում։ Այնտեղ նրանք ամենուր են՝ և՛ ՆԳՆ-ում, և՛ բանակում, և՛ այլուր։ Իսկ ի՞նչ է, ՀՀ ԶՈՒ որևէ մակարդակում ռուս ներկայացուցիչներ կա՞ն։ Ո՛չ։ Նախկինում սահմանապահներ կային, բայց դա առանձին սահմանային համաձայնագրով էր։
– Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո կողմերը, կարծես, կոշտացնում են իրենց դիրքորոշումները. Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Հայաստանի պայմանները, և բանակցությունները վերսկսվել են՝ առանց նախապայմանների։ Հայաստանն իր հերթին՝ հայտարարում է, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ են պայմաններ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում և սահմանին լարման թուլացում։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը։
– Ես կարծում եմ, որ Հայաստանը սխալ է գործել դեռ անցած տարի, երբ ապրիլյան պատերազմից հետո համաձայնեց բանակցությունների՝ փաստացի առանց որևէ նախապայման առաջ քաշելու։ Այդ ժամանակ, այդ պայմաններում, երբ բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանն այդ պատերազմի նախաձեռնողն է եղել, և ադրբեջանական քարոզչամեքենան ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հարձակվելու առաջին օրն այդ մասին ուղիղ հայտարարում էին, թե՝ հարձակվում ենք, և այլն: Այսինքն՝ ահա և վերջ, և ամեն ինչ պարզ էր, ոչ ոք դա չհերքեց, ինչ-ինչ պատճառներով Հայաստանը որոշեց նախապայմաններ չառաջադրել բանակցությունների վերսկսման համար։ Ահա և վերջ։ Այն, ինչ մենք հիմա ունենք, դա հետևանք է։ Ադրբեջանը ջրից չոր դուրս եկավ, և հիմա նա չի կատարի անցած տարվա ոչ մի պայմանավորվածություն՝ ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի։
– Եվ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս իրավիճակում։
– Սա կշարունակվի այնքան, մինչև մի օր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջնականապես կհոգնեն և Ադրբեջանից կպահանջեն գոնե ինչ-որ մի արդյունք։ Երևանում փորձագետները, հատկապես՝ ռազմական փորձագետները, հատկապես՝ այն ռազմական փորձագետները, որ ոչ մի օր չեն ծառայել բանակում, հիմա պետք է հայտարարեն սենսացիոն նորության մասին, որ Ռուսաստանը սկսում է կամ պարտավորություն է ստանձնում պահպանել Լեռնային Ղարաբաղի և Իրանի սահմանը։ Սա է իսկապես հետաքրքիր։ Սա է այսօր կարևոր։ Եվ սա է իրական։ Իսկ այդ փորձագետները, չգիտես ինչու, լռում են այդ մասին։ Ինչո՞ւ։
– Ձեր կարծիքով՝ հայ-իրանական սահմանին ՌԴ սահմանապահ ծառայության իրականացրած ուսումնամարզանքն ու դրա մասին հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի հիշատակումը Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խաթարման վկայությունը չէ՞։ Հատկապես նրանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն 2 անգամ նախազգուշացրեց Ադրբեջանին, որ զերծ մնա խտրականությունից և չարգելի ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացիների մուտքն Ադրբեջան։
– Դա ոչ մի կերպ կապ չունի։ Ռուսաստանը, եթե հարգում է իրեն, պետք է ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացիների Ադրբեջան մուտքի խոչընդոտի յուրաքանչյուր դեպքը քննադատի։ Եվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի ու Հայաստանի ռազմական համագործակցությունը որևէ կապ ունի դրա հետ։ Այդ համագործակցությունը կայուն է։ Սակայն, մյուս կողմից էլ, ես, ազնվորեն ասած, այնքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ հույսեր ունեն Ռուսաստանի հայերը, որ մեկնում են Ադրբեջան։ Ի՞նչ են նրանք ցանկանում այնտեղ տեսնել։ Ի՞նչ չեն տեսել։ Ի՞նչ է, ուզում են նյարդայնացնե՞լ, սեփական մաշկի վրա՞ ինչ-որ բան փորձարկել։ Ինչ-որ բան դեռ անհասկանալի՞ է, կամ չգիտե՞նք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ի՛նչ հիստերիա է։
– Բայց ԱԳՆ-ի հայտարարություններն են նոնսենս։
– Ռուսական ԱԳՆ-ն պարտավոր է դրան արձագանքել։ Ես խոսում եմ այն մասին, թե այդ մարդիկ ինչու են այնտեղ գնում։ Դա ի՞նչ անպատասխանատվություն է։ Այնտեղ մեկնում են հատուկ մարզված, վարժեցված հ/կ-ականներ, ակտիվիստներ, որոնց համար, այսպես կոչված, հաշտեցումը բիզնես է։ Ինչպես հասկանում եք, նրանց ոչ մեկին սահմանին չեն կանգնեցնում։
– Ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալությունը ծավալուն հարցազրույց է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որում նա ասել է, թե Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում: Ի՞նչ է սա նշանակում։
– Ոչինչ էլ չի նշանակում։ Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով։ Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկրի, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալներ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից։ Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչներ կան Ադրբեջանից։ Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ։ Այստեղ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են։ Եվ ես չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։
Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար, և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը։ Անգամ այդպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե՝ որևէ այլ հարցի։
– Բայց Հասանովին հարթակ է տրամադրել պետական լրատվական գործակալությունը՝ թույլ տալով իր էջերից սպառնալ, որ Ադրբեջանը պատրաստ է կարճ ժամկետում լուծել ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի հարցերը։
– Կրկնում եմ՝ դա ցիտատ է։ Պետական, ոչ պետական, ցանկացած գործակալություն պարտավոր է ճշգրտորեն ներկայացնել ցիտատները։ Թրամփը ՌԴ-ին անվանեց թշնամի։ Պետական գործակալությունը մեջբերում է այդ խոսքերը։ Ի՞նչ է, դա նշանակում է, որ պետական գործակալությունն ինքն իրեն թշնամի՞ է համարում։ Ո՛չ։ Դա ԶԼՄ-ի պարտականությունն է՝ ճշգրտորեն ցիտել։ Այո, հայտնի է, որ ՌԴ-ում կա ակտիվ, հին ադրբեջանական լոբբի, բայց պաշտպանության նախարարի ցիտատը սովորական պրոֆեսիոնալ գործունեություն է։ Եվ եթե թերթենք, թե ինչ են տպում պետական լրատվամիջոցները, ապա շատ հետաքրքիր բաներ կարելի է գտնել նաև «Գոլոս Արմենիաիում» կամ հայկական այլ լրատվամիջոցում։
– Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ, ապա հարցազրույց տվել «Արմենիա» հեռուստատեսության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին, խոսել «Իսկանդերի», ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, և այլն։ Այս ամենն ինչի՞ մասին է խոսում։
– Իրադարձությունները զարգանում են այնպես, որ Ադրբեջանի կողմից բարձր է նոր հարձակման, նոր պատերազմի վտանգը, և դրան պետք է պատրաստ լինել։ Եվ, ըստ էության, այն, որ այդպիսի պատերազմի հավանականությունը շատ մեծ է, փորձագետները խոսում են վերջին բոլոր ամիսներին։ Դադարը մեծ չէր, և հենց հարձակման համար պայմանները բարենպաստ լինեն, Ադրբեջանն օր օրի կակտիվանա Լեռնային Ղարաբաղում։