Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել Էրդողանին
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունը:
Պատրիարքական տեղապահի նամակում ասվում է. «Ժողովրդի կամքին ու ժողովրդավարական կարգերին դեմ իրականացված գործողությունը կասեցվեց ժողովրդի միության ու միասնականության շնորհիվ, և մեր հայրենիքը փրկվեց հավանական քաոսի մեջ հայտնվելուց: Անկասկած, մեր ժողովրդի միությունն ու միասնականությունը, զգոնությունը, սիրո և հարգանքի զգացումները կմնան որպես կարևոր երաշխիք մեր երկրի կենսունակության համար»:
Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքարանի ու հայ համայնքի անունից հուլիսի 15-ի Ժողովրդավարության ու ազգային միության օրվա կապակցությամբ լավագույն ցանկություններն է հղել ու հաջողություն մաղթել Էրդողանին հետագա աշխատանքներում:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: Հեղաշրջման փորձի օրը Թուրքիայում մահացել է 240 մարդ: Ավելի քան 50 հազարը կալանավորված են:
Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: