Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպը հիշեցրել է Թուրքիային ժողովրդավարության պահպանման կարևորության մասին

Թուրքիայի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի տարբեր ծագում ու քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիները պաշտպանել են իրենց ժողովրդավարությունն ընդդեմ հեղաշրջման փորձի: «Միացյալ Նահանգները վերահաստատում են Թուրքիայում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ իրենց հանձնառությունը, ինչպես նաև ցավակցում բոլոր նրանց բարեկամներին ու սիրելիներին, ովքեր սպանվել կամ վիրավորվել են հեղաշրջման փորձի ժամանակ»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները նշել են, որ այդ օրը քաջություն ցուցաբերած անձինք հիշեցումն են նրա, որ ժողովրդավարության պահպանման համար անհրաժեշտ է համառություն, համբերություն, այլախոհություն և հիմնարար ազատությունների երաշխիք: «Այս հիմնարար ազատությունների դեմ արգելքները քանդում են ժողովրդավարության հիմքերը: Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում անհրաժեշտ են ոչ թե քիչ, այլ ավելի շատ ձայներ»,- նշել են գերատեսչությունից:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: Հեղաշրջման փորձի օրը Թուրքիայում մահացել է 240 մարդ: Ավելի քան 50 հազարը կալանավորված են:

Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս