«Ովքեր ծուլացած են, հրաժեշտ կտան մեր համակարգին». Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը: Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց գոծընթացի շարունակականությունն ու անցումը որակական ու խորքային փոփոխությունների:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նշվեց, որ 2017 թ. առաջին կիսամյակում նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Դրան զուգահեռ՝ թվարկված բոլոր հանցատեսակներով բացահայտման ցուցանիշներն էականորեն աճել են:
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 8,0%-ով: Դրա հետ մեկտեղ, աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, ընդ որում՝ 43,7%-ով՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը:
35,5%-ով աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թիվը, դրանց 33,9%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 66-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 44-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:
Հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ հայտնաբերվել է 920 հետախուզվող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 818-ի դիմաց, որոնցից 348-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով, իսկ 572-ը՝ առանձնապես ծանր, ծանր և այլ հանցագործություններ կատարելու համար: Հաշվետու տարում, ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 74766 նյութ, հարուցվել է 3033 քրեական գործ:
Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների և 3223 զանգվածային այլ միջոցառումների ընթացքում: Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1499 պատահար, զոհերի թիվը նվազել է 6-ով: Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 737 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 456 ծառայող:
Վլադիմիր Գասպարյանը որպես աշխատանքի գերակա ուղղություններից մեկը դիտարկելով անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը՝ առանձնացրեց հատկապես սինթետիկ թմրանյութերի խնդիրը: Ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:
Խոսելով հետաքննության ծառայության որակական փոփոխության մասին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է լիարժեք օգտագործեն իրենց կարգավիճակը: Անդրադարձ արվեց նաև հանրության հետ անմիջական շփման ամենամեծ մակերես ունեցող ստորաբաժանումների՝ Ոստիկանության զորքերի և Ճանապարհային ոստիկանության աշխատանքին:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Զորքերի գործունեությունը, իսկ Ճանապարհային ոստիկանության խնդիրները վերլուծելով՝ կարևորեց քաղաքացու հետ աշխատանքի որակական փոփոխության անհրաժեշտությունը: Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ: Կոլեգիայի նիստում զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչության պետերը:
Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: