ԱԺ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։

Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, գումարով գնել են դրանք, գնացողներն էլ չեն հանձնել հին համարները, և որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Իսկ նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած։ Այժմ «OO 01» և «ՕՕ 11» համար ունեցողներն այլեւս «կռուտոյ» տղերք չեն, ճանապարհային ոստիկանների մոտ էլ չեն անցնելու պատգամավորական համարանիշները․ փաստորեն, ժամանակին գործադրված ջանքերը կամ վճարված գումարը ջուրն ընկան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս