«Ոչ մի տվյալ չկա, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով». Կոլերով
«Ոչինչ էլ չի նշանակում։ Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով։ Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկրի, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալներ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից։ Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչներ կան Ադրբեջանից։ Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ»,- 168.am-ին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալության կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծավալուն հարցազրույցի հրապարակումը, որում նա ասել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում:
Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. «Եվ չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար, և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը։ Անգամ այդպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե՝ որևէ այլ հարցի»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: