Բաժիններ՝

Իտալական IDS ընկերությունը Հայաստանում գիտահետազոտական ոլորտում 10 մլն եվրոյի չափով ներդրումային ծրագիր է իրականացնում

Փետրվարի 24-ին ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» (Թի-Էս-Դի) ընկերության միջև ստորագրված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքի արդյունքում Թի-Էս-Դի ընկերության և  IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին։ Այն  փաստերն ուսումնասիրելու և բացահայտելու, հետազոտություն անելու գործիքակազմ է։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ասաց. «Սա հերթական ներդրումային ծրագիրն է։ Այստեղ խոսքը գիտահետազոտական ոլորտում ներդրումային ծրագրի մասին է, որի իրականացնողն IDS կազմակերպությունն է։ Շատ ուրախալի է, որ սա ոչ թե ուղղակի օտարերկրյա ներդրում է, այլ նաև ներդրում է գիտահետազոտական ոլորտում, որը ապագայում լինելու է և հիմա էլ արդեն մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»։

Է. Տարասյանի խոսքով՝ տնտեսության ճյուղերը պետք է վերազինվեն նոր տեխնոլոգիաներով, որպեսզի կարողանանք բարձրացնել արտադրողականությունը և առաջ մղել մեր տեղական արտադրանքը և ունենանք տնտեսական աճ։

«Մենք թիրախավորել ենք շատ մեծ, ամբիցիոզ ցուցանիշ. դա 40 տոկոս արտահանումն  է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, և դրան հասնելու համար հիմնական ուղղություններից մեկն է գիտելիքային տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումը»,- նկատեց փոխնախարարը։

Կարդացեք նաև

Այս համագործակցությունը տեղի է ունեցել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ։ Մասնավորապես, Հռոմում կայացած «Investment» ֆորումի ժամանակ Իտալիայում հիմնադրամի պաշտոնական ներկայացուցչությունը ծանոթացել է Թի-Էս-Դի ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի, IDS-ի հետ, և այդ ժամանակվանից գործարքը ձևավորվել է։

Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, և IDS-ի կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում։

«Շատ ուրախ եմ, որ խոսքն արդեն 10 մլն եվրոյի ներդրման մասին է։ Հուսով եմ, որ 10-ը կդառնա  100, 100-ը՝ 200, մեր ցանցն էլ  ավելի է ընդլայնվում։ Ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ենք ունենալու արտասահմանում, թիրախավորել ենք առնվազն 50 ներկայացուցիչ ունենալ մինչև այս տարվա վերջ, որոնք զբաղվելու են այսպիսի ծրագրերով՝ ներդրում բերելով և արտահանմամբ»,- ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն  Արմեն Ավակ Ավակյանը։

Թի-Էս-Դի ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն իր խոսքում նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ լարված բանակցությունների արդյունքում՝ ընկերությունները եկել են այն եզրակացության, որ պետք է միացնեն իրենց ուժերը, որպեսզի ստեղծեն նոր գիտահետազոտական և արտադրական ուղղություն բարձր տեխնոլոգիաների, հատկապես՝ ֆորենզիկ գիտության շրջանակում։

«Ամբողջ աշխարհում ֆորենզիկ գիտությունը զարգանում է շատ արագ և հանդիսանում է ՏՏ ոլորտի մասնիկներից մեկը։ Սա բավականին ծանր, բայց ահռելի մեծ պոտենցիալ ունեցող, զարգացող ճյուղ է ամբողջ աշխարհում, և մասնագետների կարիքը շատ մեծ տոկոս է կազմում»,- ասաց պարոն Շաքարյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ միացնելով համատեղ ուժերը՝ կհասնեն համաշխարհային շուկայում ֆորենզիկ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ մեծ արդյունքների։ Պարոն Շաքարյանի խոսքով՝ այս 10 մլն ներդրումը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր տարածքների վարձույթ, արտադրական հնարավորությունների մեծացում, որը, ըստ բանախոսի՝ այսօր մեզ համար շատ կարևոր է և անհնրաժեշտ։ Աշխատողները լինելու են տեղացիներ, լաբորատորիաները սկզբնականում տեղակայված կլինեն Թի-Էս-Դի-ում, իսկ աշխատանքների սկսվելուց և զարգանալու արագությունը տեսնելուց հետո նոր տարածքների անհրաժեշտություն կլինի։

«Մենք պատրաստելու ենք հատուկ նշանակության գործիքներ, որոնք օգտագործվում են գիտության, բժշկության, տիեզերագնացության մեջ, դատական, հետաքննչական համակարգերում, երկնքի, երկրի, ընդերքի, օդի ուսումնասիրության մեջ։ Սա գիտահետազոտական բարձր տեխնոլոգիաների ստեղծում է։ Այն մասսայական օգտագործման ապրանք չի լինելու, այն հատուկ  նշանակության և բարձրարժեք, մեծածավալ աշխատանք պահանջող գիտություն է»,- ասաց Վահան Շաքարյանը՝ բացատրելով, թե ի՞նչ ասել է՝ ֆորենզիկ գիտություն, և որտե՞ղ է այն կիրառվում։

Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն իր խոսքում փաստեց, որ Հայաստանում հիմքը լավն է, և իրենք գտել են լավ տեխնոլոգիական հիմք. «Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում մեծ է,  և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք այստեղ հինգ տարով ծրագիր սկսել և ներդնել 10 մլն  եվրո։ Սկզբում նախատեսում ենք ծրագրերն իրականացնել ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվի։ Հետագայում զարգացումները ցույց կտան, թե ո՞ր ոլորտում մենք կարող ենք մեր գործունեությունն ընդլայնել»,- նշեց պարոն Պարենտեն։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս