«Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքը այլընտրանքային ճանապարհ կլինի». Վահան Մարտիրոսյան
«Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ մենք կունենանք երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Առաջին հերթին՝ ամեն ինչ կախված է ռուս-վրացական հարաբերություններից, աշխատանք է տարվում է երկու կողմից, շվեյցարական ընկերության կողմից ևս, և հուսով ենք, որ մոտ ապագայում լուծում կունենանք»,- նկատեց նախարարը։
Վերջինս նշեց, որ հիմա ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խմբերն աշխատում են, և վերջին հանդիպումը եղել է Պրահայում։
«Հանդիպումների ընթացքում քայլ առ քայլ գնում են առաջ։ Այս առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ կհեշտանան բեռնափոխադրումները, կլինեն այլընտրանքային ճանապարհներ, կլինի մրցակցություն, թե ո՞ր ճանապարհով գնան, կլինի տարբերություն գնի մեջ և՛ ներմուծելիս, և՛ արտահանելիս»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։
Ճանապարհի կառուցման վերջնաժամկետների մասին խոսելով՝ նախարարը հույս հայտնեց, որ ամեն ինչ շատ արագ կլինի։
Ռոզա Հակոբյան