Հավասարության նշանը հանվել է

Այսօր` հուլիսի 11-ին, Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները: Ըստ էության, փակուղուց դուրս գալու և «զրոյական կետից» գործընթացը շարժելու խնդիրը բավականին բարդ է և, Բաքվի համառությունը սահմաններ չունի: Ուշագրավ է, որ հուլիսի 4-ին սահմանային իրադրության սրացումից հետո, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ուղիղ կերպով հասցեական չէր, այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում շեշտադրեց Արցախի ինքնորոշման իրավունքը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կողմերին կոչ արեց շուտափութ վերսկսել բանակցությունները և լուծումների հասնել, իսկ Մոսկվան 2 կոշտ հայտարարություններով զգուշացրեց Բաքվին զերծ մնալ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքից:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «168 Ժամի» հարցին ի պատասխան՝ թե՝ ի՞նչ կարելի է ակնկալել արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից, նշեց, որ բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր, այնուհանդերձ, միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում են ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին: «Առանց միջավայրի, բանակցային և տարածաշրջանային մթոնլորտի վերականգնման՝ հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման առարկայական դետալների մասին: Պատկերավոր ասած` այսօր բանակցություններ են՝ բանակցությունների վերականգնման մասին»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա` պայմանների, անվտանգության ռեժիմի պահպանման, ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից հավանության արժանացած մանդատի ընդլայնման, վերահսկողական մեխանիզմների, մոնիտորինգի և սահմանային միջադեպերը կանխող կամ լարվածության դեպքում մեղավոր կողմին դե յուրե բացահայտող մեխանիզմների գոյությունը պարտադիր պայման է բանակցությունների բուն էությանը վերադառնալու համար:

Ա.Աշոտյանի կարծիքով` ցանկացած դիվանագիտական ակտիվություն գերադասելի է բանակցային գործընթացի դադարումից կամ խզումից, որովհետև ադրբեջանական կողմի նպատակներից մեկն է՝ դադարեցնել դիվանագիտական բանակցային գործընթացը` լեգիտիմացնելու զանգվածային կերպով ռազմական գրոծողություններ վերսկսելու սեփական ցանկությունը.

«Մենք հետևողականորեն օրակարգի մեջ ենք պահում և պահելու ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանների կատարման գործընթացը: Արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին:

Իհարկե, միայն ՀՀ-ի կարծիքն այստեղ քիչ է, որովհետև միջնորդ կազմակերպություններն ունեն պարտավորություն՝ սեփական քաղաքական դեմքը փրկելու, որովհետև անհնար է դիմանալ, չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող այս արկածախնդրությունը, որը ոչ միայն միտված է Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ, այլ նաև հարվածում է միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն ու արժանահավատ չի դարձնում այդ կառույցի միջազգային կշիռը, ինչը և՛ ՀՀ-ի համար է կարևոր հարց, և՛ ՄԽ համանախագահների: Որքա՞ն կարելի է հանդուրժել, մեղմ ասած, անպատասխանատու և արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով»:

Ա.Աշոտյանը նշեց, որ հայկական կողմը պարբերաբար ուշադրության կենտրոնում պետք է պահի, մասնավորապես` խորհրդարանական դիվանագիտության խողովակներում, պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ՝ համաշխարհային, ապա՝ խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը:

Այդ գործիքակազմը, նրա խոսքով՝ իրավական առումով միջազգային ինստիտուտներն ունեն և ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից՝ մինչև քաղաքական սանկցիաներ.

«Հաշվի առնելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, կարծում եմ՝ անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել: Մի բան պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ունի լոբբիստական հնարավորություններ, և խնդիրը միայն խավիարային դիվանագտության մեջ չէ, խնդիրն այն է, որ ադրբեջանական հողի մեջ թաղված են հազարավոր միլիոններ՝ եվրոպական և միջազգային նավթագազային ընկերությունների:

Այդ գումարները դեռևս չեն վերադարձվել, հետևաբար` մի կողմից՝ այս նավթահանողների և գազամատակարարների կողմից կա խնդիր տարածաշրջանային կայունության, որովհետև հայկական կողմը քանիցս հայտարարել է՝ լայնամասշտաբ պատերազմի դեպքում չի բացառում նաև Ադրբեջանի լոգիստիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքների թիրախավորումը, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը կառչում է «բրիթիշպետրոլիումներից»՝ պահանջելով որոշակի լոբբիստական ջանքեր: Եվ դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է, և այդ դաշտում պետք է տեղավորել ՀՀ-ի ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների ջանքերի հետ»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա հանդիպումից առանձնապես մեծ արդյունք ակնկալել չի կարելի մի պարզ պատճառով, որովհետև հուլիսի 4-ի զարգացումների ֆոնին որևէ որոշակիություն չկա` բանակցային պրոցեսն այս կամ այն ուղղությամբ ինչ-որ զարգացումների ակնկալիքի առումով տանելու:

«Մի բան ակնհայտ է, որ վերահսկման մեխանիզմները, որոնք որպես այդպիսին ներկայացված էին, դեռևս գործնական ձև չեն ստացել և, կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել, որ այդ մեխանիզմները գործեն, որովհետև առանց դրանց նույն այս հուլիսի 4-ի դեպքերը վառ վկայությունն էին նրա, որ փորձ է արվում հայկական կողմին մեղադրել քաղաքացիական հասարակության վրա կրակ բացելու հարցում: Սակայն մենք գիտենք, որ իրողությունն այլ է: Ի վերջո, Ադրբեջանն է մշտապես հրաժարվել այս ուղղությամբ որևէ գործողություն անելուց և, կարծում եմ, որ միջազգային հանրության համար պարզ է, որ հայկական կողմը չունի որևէ շահագրգռվածություն ինքը նախահարձակ լինելու որևէ ուղղությամբ: Ես, ճիշտն ասած, մեծ ակնկալիքներ չունեմ այս հանդիպումից: Կարծում եմ՝ հերթական հանդիպումը կլինի, որտեղ կկազմվի որևէ արձանագրություն, և այլն: Բայց ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ տեսնենք ինչ-որ զարգացում, որ այս գործընթացը տանի առաջ»,- ասաց Ա. Զուրաբյանը:

Ըստ նրա՝ չնայած ԵԽ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի արտահայտած վերջին դիրքորոշումներին, միջազգային հանրության կողմից որդեգրված սկզբունքները շարունակական են և գործելու են. «Գործելու է թե՛ ինքնորոշման իրավունքի, թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և այստեղ է, որ բանակցային գործընթացի արդյունքում պետք է փորձել գտնել լուծումներ, որոնք կբավարարեն կողմերին և կլինեն ընդունելի: Այս կամ այն կառույցի կողմից որոշումների ընդունման վրա ազդող գործոնները բազմաթիվ են, օրինակ` նույն մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում, կամ կոռուպցիայի վիճակը,  և այլն, հավաքական ազդեցություն է ունենում այս կամ այն հարցի լուծման կամ որոշման կայացման վրա: Սակայն նաև բոլորին ակնհայտ է, որ լարվածության հիմնական կրողն Ադրբեջանն է, և, եթե նախկինում ցանկացած կառույց կամ նույն համանախագաներն իրենց հայտարարություններում փորձում էին հավասարության նշան դնել կողմերի միջև, ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ինչ-որ բան իրոք փոխվել է այդտեղ: Դրդապատճառները յուրաքանչյուրն ինքը կարող է փնտրել, բայց փոփոխություն առկա է, և դա ողջունելի է»:

Հարցին, որ, եթե Ադրբեջանը շարունակի չկատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, միջազգային կառույցները գործնական ի՞նչ քայլեր պետք է անեն, և հայկական կողմն ինչպե՞ս կարող է նրանց դրդել դրան, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ ամենալուրջ խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը կարող է բանաձևեր ընդունել, տեսակետներ արտահայտել, բայց Ադրբեջանն անտեսում է դրանք, և, փաստորեն, նույն ՄԽ-ի տրամաբանությունն այն է, որ բանակցող կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի մասով, ցավալիորեն, պետք է արձանագրել, որ բանակցային գործընթացից դուրս է, անկախ նրանից, թե ինչ կհայտարարեն կոնկրետ արտաքին գերատեսչության առանձին ներկայացուցիչներ:

«Բայց մի բան պարզ է, որ այս պրոցեսը շարունակական է լինելու, Ադրբեջանը մշտապես փորձելու է տաք պահել հակամարտությունը: Բանակցային պրոցեսը նրանց չի բավարարում, որովհետև գիտեն, որ, եթե այս պրոցեսները զարգանան, նրանք պետք է գնան ինչ-որ զիջումների: Իսկ հոգեբանորեն, կարծում եմ նրանք պատրաստ չեն, որովհետև նույն Ադրբեջանում ոչ ժողովրդավարական իշխանություն է, և պատրիոտիզմի հիման վրա իշխանություն պահպանելն այնտեղ խիստ կարևորվում է: Մենք պետք է բազմաբևեռ աշխատանք կատարենք, որպեսզի այս իրականությունը բացահայտենք ու ներկայացնենք թե՛ Ադրբեջանի հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը: Միաժամանակ պետք է մի բան ֆիքսել, որ ցանկացած հակամարտություն մի կարևոր տարր ունի պետության համար` առավելապես փորձել անվտանգության տարրը մշտապես ամրապնդել, որովհետև՝ ես կարծում եմ, որ ցանկացած հանգուցալուծում, ցանկացած լուծում հաջողությամբ կպսակվի միայն այն դեպքում, երբ անբեկանելի լինի այն, որ հայկական կողմն անձեռնմխելի է, քանի որ ունի համապատասխան ուժ և համապատասխան հնարավորություններ՝ պատասխանելու ցանկացած պրովոկացիայի և պաշտպանելու իր հայրենիքը»,- հավելեց Ա.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս