«Արցախի ՄԻՊ-ի զեկույցը դրվել է Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում»
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում դրական գնահատեց «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը: Նա նշեց, որ արդեն ժամանակն է՝ խոսել զինուժում մարդու իրավունքների մասին:
Նահապետյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագությունների հետ կապված ինչ գործողություններ է ձեռնարկել ՄԻՊ-ը:
Ի պատասխան՝ Թաթոյանն ասաց, որ այդ օրերին եղել է Արցախում, աշխատել այնտեղի ՄԻՊ-ի հետ. «Մենք իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ, որին հաջորդել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը, որը որակապես շատ բարձր է: Դա դրվել է Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում: Ինքս հարցը քննարկել եմ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի, ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, և բոլոր ուղղությունները ներկայացրել: Այդ առումով բացառիկ էր ԱՀ ՄԻՊ-ի մամուլի ասուլիսը ԵԽ-ի շենքում: Մեզ հնարավորություն տրվեց դրան հասնել պրոֆեսիոնալ որակով»:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ ցանկալի կլիներ՝ ունենայինք հստակ պատկեր, թե կոնկրետ այդ վայրագությունների դեպքերով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար միջազգային ատյաններում այս պահին ինչպիսի արդյունքներ ունենք:
Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ հասկանալի պատճառներով՝ շատ հարցեր այս պահին չի կարող հրապարակել. «Ապրիլյան պատերազմի հետ կապված առանձնահատկությունն այն է, որ պետք է անընդհատ ցույց տրվի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, որովհետև իսկապես բացառիկ աշխատանք է արվում, միայն անգլերենով հրապարակված զեկույցներ են»: