«Սևանը ջրավազան չէ, որ երբ ուզեն՝ լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն». բանապահպան
Ազգային ժողովն ընդունել է Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառի մասին օրենքը, որը բնապահպանների և մի շարք հասարակական կազմակերպությունների դժգոհությունների առիթ է դարձել:
«Հայաստանի անտառներ» հ/կ տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի պնդմամբ՝ այս օրենքն ընդունվել է մի շարք օրենքների խախտման արդյունքում: Նրա խոսքով՝ Սևանա լճի մասին օրենքի 11 հոդվածով ամրագրված են մի շարք դրույթներ, համաձայն որոնց՝ պետք է պահպանվի Սևանը: Ըստ նրա՝ նախ՝ պետք է ծրագիր իրականացվի, որպեսզի բարձրացվի Սևանի մակարդակը, պետք է Սևանի հաշվեկշիռը բացասական չլինի: Բացի այդ՝ պետք է գերակայությունը տրվի կենսաբազմազանությանը, իսկ Նազելի Վարդանյանի համոզմամբ՝ այսօր Սևանում բացարձակապես կենսաբազմազանության ոչ մի բան չկա:
«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ Սևանի հետ իրականացվող բոլոր ծրագրերը պետք է անցնեն փորձաքննություն: Սևանի հանձնաժողովը տվել է կարծիք, բայց փորձաքննություն չի արել, պետք է տրվեր ռազմավարական գնահատում: Այսինքն՝ խախտվել է և՛ Սևանա լճի մասին օրենքը, և՛ շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի դրույթը: Բացի այդ՝օրենքի նախագծում որևէ խոսք չկա գյուղացու մասին, ինչը մանիպուլյացիա է, որպեսզի ցույց տան, որ բնապահպանները դեմ են գյուղացիներին, իսկ իրենք մտահոգ են: Անվճար ջուրը վեցնում են, թանկ գներով վաճառում գյուղացուն»,- ասաց բանապահպան- իրավաբանը:
«Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ երբ երեք ամիս առաջ վարչապետը հրաման տվեց պատրաստել ծրագիր հավելյալ 1 մլրդ խմ ջրի բացթողումների վերաբերյալ, ինչին Գեղարքունիքի մարզը միանգամից արձագանքեց, ստեղծվեց «Sos Սևան» նախաձեռնությունը:
Ինգա Զարաֆյանի հաղորդմամբ՝ «Sos Սևան» նախաձեռնությունը դիմել է կառավարությանը և ԱԺ բոլոր պատգամավորներին, որ նրանք հավանություն չտան այս որոշմանը: Բայց դեմ են քվեարկել միայն «Ելք» դաշինքի 4 ներկայացուցիչներ:
Բնապահպան Նազելի Վարդանյանի պնդմամբ՝ կառավարությունը սխալ է ներկայացրել այն թվերը, թե Սևանի ջրի մակարդակը 4.59 մետր բարձրացել է: Այդ հաշվարկներում 54 սմ ավելի են ցույց տվել բարձրացումը, որը կազմում է 702 մլն խմ:
«Կեղծ թվեր ներկայացնելը կամ մի նպատակ ներկայացնելը, սակայն օրենքում մեկ այլ նպատակ նշելը նշանակում է, որ մի շարք օրենքների խախտմամբ է ընդունվել այս օրենքը, և դա հսկայական վնաս կպատճառի Սևանին, քանի որ այն բարդ էկոհամակարգ է: Այն կենդանի օրգանիզմ է, չեն կարող մարդիկ նստել և որոշել՝ ինչքան ջուր բաց թողնել: Սա ջրավազան չէ, ջրամբար չէ, որ երբ ուզեն՝ լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այս առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպվում մարզերում: Բողոքներ կան նաև «Sos Գառնի» նախաձեռնությունից: Նրա կարծիքով՝ այստեղ կա Արփա-Սևան թունելի շահը, քանի որ այդ թունելը պետք է ապահովի Սևանի մեջ լցվող 270 մլն խմ ջուր:
Նազելի Վարդանյանը նշեց, որ, եթե Սևանի լճի մակարդակը իջնի, արևի ճառագայթները հասնելու են հատակին, և սկսվելու է ճահճացման գործընթացը: Իսկ դրա դեմ պայքարելը շատ բարդ կլինի, նույնիսկ կարող են այնպիսի անդառնալի հետևանքներ լինել, որ մենք կորցնենք Սևանը:
Անի Թորոսյան