Կադաստրում խառն են. Անշարժ գույքի շուկայի անհասկանալի թվերը

Մինչև առաջ անցնելը՝ խնդրում ենք նայել ներկայացված գծապատկերին։ Այնտեղ ներկայացված են մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները (1քմ-ի միջին գները)։ Տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որն էլ իր հերթին՝ այդ տվյալները ստացել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։

Զգացի՞ք օրինաչափությունը։ Մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ անշարժ գույքի գները բոլոր վարչական շրջաններում անփոփոխ են մնացել կամ 1քմ-ի հաշվով տատանվել առավելագույնը 200 դրամով (մենք ներկայացրել ենք 2016 թվականի սկզբից վիճակագրությունը, բայց այդ «քարացած» վիճակը սկիզբ է առել դեռ 2013 թվականի ապրիլից)։

Ու հանկարծ՝ 2017 հունվարից սկսած՝ Երևանի բնակարանների գները սկսում են ինքնամոռաց ցնցվել։

9 վարչական շրջաններում (բացի Կենտրոնից և Արաբկիրից) բնակարանների գները տարվա սկզբից նվազում են, և գնանկումը խորանում է հատկապես ապրիլ-մայիս ամիսներին։

Արաբկիրում գնանկման փուլը սկսվում է ապրիլին. բնակարանների 1 քմ-ի գինը 357 հազար դրամից իջնում է մինչև 330 հազար դրամ, հետո մասամբ վերականգնվում՝ հասնելով 340 հազար դրամի։ Տարեսկզբի համեմատ՝ մայիսին Արաբկիրի բնակարանների գներն էժանացել են 17 հազար դրամով կամ մոտ 5%-ով։

Բացառություն է միայն Կենտրոնը։ Այստեղ արդեն 4 տարի շարունակ 1քմ-ի միջին գինը պահպանվում էր 428 հազար դրամի վրա։ Ապրիլին գները մի թեթև՝ 1000 դրամով նվազում են (կարծես շունչ հավաքեն), ու մեկ էլ՝ հոպ, թռչում են մինչև 450 հազար դրամ (5%-անոց թանկացում)։

Եթե 2017 թվականի մայիսը համեմատենք 2016 թվականի մայիսի հետ, ապա Երևանի բոլոր վարչական շրջաններում (բացառությամբ Կենտրոնի) բնակարաններն էժանացել են։ Ամենից շատ՝ 9.8%-ով, էժանացել են Աջափնյակի բնակարանները, ամենից քիչ՝ 0.8%-ով, Նուբարաշենի։

Երևանում ընդհանուր առմամբ բազմաբնակարան շենքերի 1քմ-ի միջին գինը նվազել է 13.4 հազար դրամով կամ 4.9%-ով։ Կրկին շեշտենք՝ գնանկումը տեղի է ունեցել մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում։

Ի՞նչ պատահեց երևանյան բնակարաններին, որ գները հանկարծ արթնացան և սկսեցին տատանվել։ Այդ ի՞նչը ստիպեց, որ նախորդ տարի ապրիլյան պատերազմին, հուլիսյան դեպքերին ու կառավարության փոփոխությանը կայուն արձագանքած երևանյան անշարժ գույքի շուկան հանկարծ ցնցվեց։

Նշենք, որ դոլար-դրամ փոխարժեքի զգալի տատանում չի եղել, որը կարող էր ազդել բնակարանների գների վրա (քանի որ անշարժ գույքի առքուվաճառքների ժամանակ դոլարային մտածելակերպը դեռ արմատավորված է)։

Պահանջարկի կտրուկ ու հանկարծակի նվազում նույնպես չի եղել։ Հակառակը՝ մայրաքաղաքում անշարժ գույքի օտարման գործարքների քանակն այս տարվա առաջին ամիսներին անգամ մի փոքր աճել է՝ նախորդ տարվա համեմատ։ Ավելացնենք նաև, որ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման և բանկերի կողմից անցած տարվա վերջին կապիտալի համալրման արդյունքում հիպոթեքային վարկերը դարձել են առավել մատչելի։

Եվ ամենակարևոր հակասությունը։ Ինչպես գիտեք, այս տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է եղել՝ 6%-ի սահմաններում։ Իսկ տնտեսության աշխուժացման ու եկամուտների աճի պայմաններում անշարժ գույքի գները սովորաբար աճում են։ Կամ, վատագույն դեպքում, չեն նվազում։

Մեզ մոտ, ինչպես տեսնում եք, հակառակն է։ 2016 թվականի երկրորդ կեսում, երբ տնտեսությունը ռեցեսիոն փուլում էր, անշարժ գույքի գների նվազում տեղի չունեցավ։ Իսկ տնտեսության աշխուժացման փուլում դրանք սկսեցին նվազել։

Այնպես որ, տրամաբանությունը երկու բացատրություն է հուշում։ Կա՛մ Հայաստանում տնտեսությունը չի աճում, և ԱՎԾ-ն տնտեսական աճի թվեր է կրակում։ Կա՛մ էլ տնտեսությունն աճում է, սակայն Անշարժ գույքի կադաստրն օդից վերցված թվեր է հրամցնում։

Տեսանյութեր

Լրահոս