«Շոգ եղանակին պետք է սահմանափակվի կերակրի աղի օգագործումը». սրտաբան

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի հաղորդմամբ՝ սրտանոթային հիվադությունները ՀՀ-ում հանդիսանում են մահացության թիվ մեկ պատճառը: Մահերի 48 %-ը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին:

Համլետ Հայրապետյանի խոսքով՝ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց մոտ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում շոգ եղանակը, արտաքին միջավայրի բարձր ջերմությունը: Ըստ մասնագետի՝ օրգանիզմը ձգտում է պահպանել իր ներքին միջավայրը և ձգտում է, որ մարմնի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի:

Սրտաբանի հաղորդմամբ՝ գործում են լրացուցիչ մեխանիզմներ, որոնք նպատակ ունեն արտաքին ջերմային ֆակտորներին դիմակայելու և պահպանելու սեփական նորմալ ջերմաստիճանը:

«Մասնավորապես՝ շոգի պայմաններում մի շարք անոթների լայնացման հետևանքով՝ ավելանում է քրտնարտադրությունը, որը բերում է լրացուցիչ հեղուկի կորստի: Բայց առավել վտանգավոր է այն, որ հեղուկի հետ մենք կորցնում ենք նաև լրացուցչի աղեր, որոնք օրգանիզմի օրեոստազի, կայուն միջավայրի պահպանման համար մեծ նշանակություն ունեն: Ամենակարևորը կալիումն է և մագնեզիումը, որոնք սրտանոթային համակարգի գործունեության մեջ մեծ դեր են խաղում»,- ասաց բանախոսը:

Համլետ Հայրապետյանը շեշտեց, որ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա շատ վատ է անդրադառնում այս միներալների կորուստը, քանի որ նրանք պատասխանատու են սրտի առիթմիաների զարգացման համար:

Բանախոսի նշած երկրորդ խնդիրը, որ առաջանում է շոգի պատճառով, արյան խտացումն է, որի արդյունքում մեծանում է տրոմբոառաջացման ռիսկը: Հատկապես իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ դա բավական մեծ վտանգ է պարունակում:

Շոգին դիմակայելու համար Համլետ Հայրապետյանն առողջ մարդկանց խորհուրդ տվեց ավելացնել ընդունվող հեղուկի քանակը, որն առողջ մարդկանց մոտ շոգ պայմաններում պետք է կազմի առնվազն 2-2.5 լիտր:

Պետք է սնունդը հարուստ լինի այնպիսի նյութերով, որոնք պարունակում են աղեր՝ կալիում, մագնեզիում: Պետք է խուսափել արևի ուղղակի ճառագայթների տակ գտնվելուց և խուսափել ջերմային և արևային հարվածից: Շոգ եղանակին խորհուրդ է տրվում կրել բաց գույնի հագուստ, որը պետք է լինի բնական նյութից, ինչպես նաև կարևոր է, որ գլուխը ծածկած լինի:

Սրտաբանը նաև շեշտեց, որ շոգ եղանակին պետք է սահմանափակվի կերակրի աղի օգտագործումը, որովհետև աղը հատկություն ունի պահելու ավելորդ հեղուկն օրգանիզմում, իսկ դա կարող է հանգեցնել այտուցների առաջացման:

Սրտի իշեմիկ հիվանդություն, և զարկերակային հիպերտենզիա ունեցողները պետք է որոշակի միջոցառումներ ձեռք առնեն: Մասնավորապես՝ հեղուկի քանակը պետք է կորեկցիայի ենթարկի բուժող բժիշկը, քանի որ, ինչպես վտանգավոր է հեղուկի քիչ ընդունելը, այնպես էլ՝ անհրաժեշտ քանակից ավելի ընդունումը:

«Այն մարդիկ, ովքեր ընդունում են դեղորայք՝ այս կամ հիվանդության հետ կապված, պետք է հաճախեն իրենց բժիշկներին՝ դեղերի քանակը և դեղաչափերը կորեկցիա անելու համար»,- նշեց Համլետ Հայրապետյանը:

Սրտաբանի կարծիքով՝ մեր երկրում դեռ ցածր է մնում առողջապահական մշակույթը, այսինքն՝ մարդիկ ժամանակին բժշկի չեն դիմում, լուրջ նշանակություն չեն տալիս հիվանդության ախտանշաններին, բացի այդ՝ չեն հետևում քաշին, չարաշահում են ուտելիքը, առողջ ապրելակերպ չեն վարում, ծխում են, ալկոհոլ են օգտագործում, ինչը նպաստում է հիվանդության զարգացմանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս