Բաժիններ՝

Արթուր Այվազյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն

Օրերս գրավի դիմաց ազատ էր արձակվել «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը, ով անազատության մեջ էր «Ելք» դաշինքի վստահված անձի հետ միջադեպի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Արթուր Այվազյանի նկատմամբ գրավ է կիրառվել էր Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Մինչ ազատ արձակվելը «Նուբաշարեն» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Այվազյանը դիմել էր «168 Ժամին»։ Արթուր Այվազյանը հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության իրականացման ընթացքում կատարված ապօրինությունների, հանցագործությունների վերաբերյալ փաստերի կապակցությամբ նաև 26.05.2017թ. գրավոր և բանավոր կերպով հանցագործության մասին հաղորդում է հասցեագրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որի կապակցությամբ արդեն սկսվել է համապատասխան նախաքննություն։

Բողոքում Արթուր Այվազյանը նշել է, որ ապրիլի 3-ին քննիչը կայացրել էր «ակնհայտ անհիմն և անօրինական որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հարուցելու մասին, ու այն ներկայացրել էր ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին»։ Ըստ բողոքի՝ դատարանը, կայացնելով ակնհայտ անարդար դատական ակտ, բավարարել էր քննիչի միջնորդությունը, իսկ իր պաշտպանի միջնորդությունը՝ կալանքի այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին, անհիմն և անօրինական կերպով մերժել է։ Արթուր Այվազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը։

Ըստ Արթուր Այվազյանի բողոքի՝ պաշտպանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան այդ որոշման դեմ, որը մերժել է բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը։ «Քննիչը 22.05.2017թ.-ին դարձյալ կայացրել է իր հերթական՝ ակնհայտ անհիմն ու անօրինական որոշումը, այս անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին»,- նշել է Ա. Այվազյանը՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, իսկ կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մերժել։ Այդ որոշման դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Ըստ բողոքի՝ 03.04.2017թ. իր որոշումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը պատճառաբանել էր նրանով, որ առկա է հիմնավոր կասկած, որ Արթուր Այվազյանը «կատարել է մեղադրվող իրավախախտում, ինչպես նաև այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով կատարել քրեական օրենքով արգելված նոր արարք, ուստի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ»։

Ըստ Արթուր Այվազյանի՝ հանցանք կատարելու հավանականությունը հիմնավորող նյութ, փաստ, ապացույց դատարանի որոշման մեջ չի հիշատակվել, և նման պայմաններում իր նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելն ուղղակիորեն հակասում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածին. «Անհիմն է նաև գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին դատարանի որոշումը, քանի որ այն նույնպես հիմնված է բացառապես այն փաստարկների վրա, որ մնալով ազատության մեջ՝ ես իբր թե կարող եմ խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարության մասնակիցների նկատմամբ և կատարել քրեական օրենքով արգելված արարք։ Մինչդեռ, ի հիմնավորումն իմ հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ այդ կանխատեսումների, ինչպես նշվեց վերևում, դատարանն իր որոշման մեջ չի հիշատակել քրեական գործի որևէ նյութ, ապացույց կամ փաստ»։

Բողոքում Արթուր Այվազյանն անդրադարձել է խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև նշել, որ 22.05.2017թ. միջնորդության քննության ընթացքում դատարանին ներկայացրել է իր ծանր հիվանդության մասին համապատասխան բժշկական փաստաթղթերը, սակայն դատարանն իր որոշումը կայացնելիս հաշվի չի առել իր վատ առողջական վիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս