Բաժիններ՝

«Խենթանալիք Հայաստան ունենք, երբեք մի՛ թողեք Հայաստանը». Մարթեն Յորգանց

Հայաստանում է ֆրանսահայ երգիչ, երգահան Մարթեն Յորգանցը։ Նա Հայաստանում կլինի ևս 2 շաբաթ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այս անգամ եկել է Հայաստան ավելի շատ տեսարժան վայրեր այցելելու նպատակով, որովհետև նախկինում միշտ համերգային ծրագրերով է այցելել Հայաստան։

«Ես այս անգամ ցանկացա ուղղակի Հայաստանի տեսարժան վայրերը տեսնել, սովորել՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք, ի՞նչ ենք անում, և մինչև մեր սերունդներն ապրած մարդիկ ինչե՞ր են արել։ Դեռ ժամանակ չեմ ունեցել, բայց գալիք շաբաթվա ընթացքում պիտի արդեն սկսեմ այցելել տարբեր տեղեր»,- ասաց երգահանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հայ փոքրիկների հետ նշել է նաև իր ծննդյան 71-ամյակը, որի ընթացքում երեխաները երգել են իր երգերը. «Շատ ուրախ ու երջանիկ էի։ Երևանը սքանչելի քաղաք է դարձել, և ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երևում։ Երբ գալիս եմ Հայաստան՝ նոր մտքեր են ծնվում»։

Մ. Յորգանցն իր այցը Հայաստանում համատեղելու է «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ համագործակցությամբ։

«Նոր նախագծեր, երգեր ունենք, որ ընկերոջս՝ Եղիշեի հետ միասին պիտի իրականացնենք»,- նշեց երգահանը։

Եղիշե Պետրոսյանը հավելեց, որ իրենց նոր նախագիծն ուղղված է լինելու փոքրիկներին. «Լինելու են ուսուցողական, դաստիարակչական, մանկական ծրագրեր Մարթեն Յորգանցի անմիջական մասնակցությամբ։ Դա բավականին աշխատատար պրոցես է»։

Բանախոսներն ասացին, որ դեռևս հստակ ժամկետներ չկան, թե ե՞րբ նախագիծը պատրաստ կլինի։

Խոսելով Մարթեն Յորգանցի մասին՝  Ե. Պետրոսյանն ասաց. «Պետք է ասեմ, որ Մարզահամերգային համալիրի համերգների և ունկնդիրների քանակով ռեկորդը մինչև այսօր պատկանում է Մարթեն Յորգանցին։ Դա խոսում է նրա մասին, որ ժողովուրդը սիրեց Մարթենի անմիջականությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, և, բնականաբար, այդ սերը մինչև այսօր էլ նա ամեն քայլափոխի վայելում է։ Ինչպես ինքն է ասում՝ Հայաստան գալով՝  վերցնում է թթվածին հետագա գործունեության համար, ես էլ ավելացնում եմ, որ նրա համար Հայաստան գալը դոպինգ է»։

Եղիշե Պետրոսյանը նշեց նաև, որ այս այցի հիմնական առաքելությունը նոր երգեր ձայնագրելը, նոր նախագծերը վերջնական շտկելն ու ճանապարհային քարտեզը մշակելն է։

Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է պարոն Յորգանցի մանկական երաժշտության գաղտնիքը, որ դրանք այդքան հայտնի են դառնում, նա պատասխանեց.

«Գաղտնիքը շատ պարզ է։ Պարզ երգեր են, պարզ բառեր, երեխաներին հավասար երաժշտություններ են՝ իրենց հասկանալի ձևով ներկայացված և շուտ ըմբռնելի երգեր են։  Ես դժվար երգեր չեմ ցանկանում պատրաստել, մանավանդ՝ երեխաների համար, բայց կարևորը այն է, որ Հայաստանի երեխաներն այնքան տաղանդավոր են, որ իրենց համար գրված բոլոր երգերը շատ շուտ են սովորում և վայրկենական երգում են»։

Մ. Յորգանցը պատմեց, որ երբեք երեխաների համար ոչինչ չի գրել, իր գործը եղել է մեծերի համար անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, հայերեն երգեր գրելը։

«Բայց այստեղ իմ անձնավորությունը, որպես երգահան՝ իմ անունը փոխվեց, ու ես դարձա «ճկույթիկ», մինչև հիմա ինձ «ճկույթիկ» են կանչում։ Ինձ համար մեծ բախտ ու պատիվ է դա։ Հիմա «Ճկույթիկին» հավասար ուրիշ երգի վրա պետք է աշխատենք»։

Եղիշե Պետրոսյանն էլ հավելեց, որ Մարթեն Յորգանցը մինչև հիմա էլ ունի մանուկներին զգալու ջիղը, մանկանալու հատկանիշները. «Դրա համար էլ իր մոտ ստացվեց դա»։

«Ես իմ խելքով մանուկ եմ, չեմ մեծացել։ Սիրում եմ այն, ինչ մանուկներն են սիրում։ Ես դեռ 14 տարեկան չկամ։ Ի դեպ, իմ գաղտնիքը դա է, սա է հարցի պատասխանը»,- նկատեց պարոն Յորգանցը։

Պատմելով «Ճկույթիկ» երգի ստեղծման մասին՝ երգահանն ասաց, որ երգի բառերը գտել է գրքի մեջ, ավելացրել «ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է  այն», իսկ մեղեդին ստեղծվել է գիշերը՝ 4 րոպեում։

Եղիշե Պետրոսյանն իրենց համագործակցությունից հետաքրքիր դեպքեր պատմեց.

«Մենք Փարիզից թռչում էինք Մարսել համերգից հետո։ Դա 1990 կամ 1991 թիվն էր։ Մարթենը հարցրեց, թե Հայաստանի անկախությունից հետո ի՞նչ է փոխվել Հայաստանում։ Այդ ժամանակաշրջանում նա մեկ տարի դեռ չէր եկել այստեղ։ Ես ցույց տվեցի ինքնաթիռն ու ասացի՝ տեսնո՞ւմ ես՝ գրված  է՝ «Qatar airlines», հիմա պատկերացրո՛ւ՝ մեր ինքնաթիռների վրա գրված է՝ «Հայկական ավիաուղիներ», և շրջվեցի։ Որոշ ժամանակ անց շրջվեցի,  նայեցի Մարթենին, տեսնեմ՝ աչքերից արտասուք է հոսում։ Դա երբեք չեմ մոռանա»։
Պարոն Յորգանցն էլ հիշեց, որ Հոկտեմբերյանի մարզադաշտում մի փոքրիկի են կնքել, ինքը քավորն է եղել, իսկ այդ փոքրիկն այսօր 27 տարեկան է, իրենք դեռ կապ ունեն, իսկ նրա անունն էլ Մարտին է։

Մարթեն Յորգանցն ասաց, որ իր՝ Հայաստան այցի ամենակարևոր միտքը սա է.

«Մասնավորապես՝ սփյուռքում ապրող հայերի համար է խոսքս։ Պիտի շատ մեծ ջանք գործադրենք, որ սփյուռաքահայերն իմանան, որ այն մարդիկ, որոնք երբեք Հայաստան չեն եկել և ծերության տարիքում դժվար օրեր են ապրում, պիտի գան Հայաստան և բուժվեն։ Ինչպե՞ս բուժվեն։ Առանց դեղի, միայն Հայաստանը տեսնելով, միայն Երևանում ու մարզերում պտտվելով՝ տեսնեն Հայաստանը և ուրախ-զվարթ վերադառնան իրենց տուն և իրենց բարեկամներին ասեն՝ գնացե՛ք Հայաստան, տեսե՛ք մեր հայրենիքը և Ձեզ շատ լավ կզգաք։ Խենթանալիք Հայաստան ունենք, երբեք մի՛ թողեք Հայաստանը»։

Ռոզա Հակոբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս