«Զենքի վաճառքն իրականացվում է պետական պայմանագրերի հիման վրա». Կոնստանտին Զատուլին

Հարցազրույց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ  կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ

– Միջազգային ճգնաժամային խմբի օրերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ԼՂ-ում 2016թ. ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան երբևէ, մոտ են պատերազմական իրավիճակին 1994թ. հրադադարի կնքումից ի վեր: Ձեր կարծիքով՝ այս մեկ տարում քաղաքական և անվտանգության պայմաններն ավելի՞ են սրվել:

– Անցած տարի ապրիլին ԼՂ-ում հայ-ադրբեջանական շփման գծում հարձակումն իրականում ծայրաստիճան լարել էր իրավիճակը և ի չիք դարձրել տարիներ շարունակ խաղաղ կարգավորման բանակցությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները։ Թեև, իհարկե, ոչ ամբողջապես, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր գոյությունը, շարունակում է աշխատել և հայտնել է իր տեսակետը։

Սակայն այսօր մենք գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն առաջ է տանում ռազմաշունչ հռետորաբանություն՝ սպառնալով խնդիրը լուծել ուժի միջոցով, և Ադրբեջանը շարունակում է զինվել։ ՀՀ-ն նույնպես ավելացնում է սպառազինությունը։ Այդ տեսակետից, իհարկե, իրադրությունն այսօր ավելի վատն է, քան մինչև անցած տարվա ապրիլն էր։ Ինչ վերաբերում է ԼՂ կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, ապա ՌԴ-ում մենք մի ասացվածք ունենք՝ «не буди лихо, пока оно тихо»։

Եթե ես կամ այլ գործիչներ անվերջ կանխատեսեն, թե ռազմական գործողություններն անխուսափելի են, դա որևէ լավ բանի չի հանգեցնի։ Եթե մենք անվերջ շրջանառենք այդ թեման, ապա, ի վերջո, այն իրականություն կդառնա։ Եվ դրանում է Ադրբեջանի ղեկավարությունից անձնապես իմ պահանջների հիմքը, որ Բաքուն միջազգային կառույցներում խոսում է հակամարտության խաղաղ կարգավորմանն իր հավատարմության մասին՝ պահպանելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցային ձևաչափը, միաժամանակ՝ ներքին սպառման, հաճախ նաև արտաքին սպառման համար շարունակում է ավելացնել ռազմաշունչ, ջիհադական հռետորաբանությունը։

Դրա համար ես չէի ցանկանա կուլ գնալ դրան ու այսօր խոսել մոտ ժամանակներս հայկական և ադրբեջանական կողմերի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին։ Մեր բոլորի՝ թե՛ իմ, թե՛ ՌԴ պաշտոնատար մյուս անձանց ջանքերն ուղղված են նրան, որ այդ պատերազմը տեղի չունենա։ Մենք դեմ ենք ռազմական գործողությունների վերսկսմանը և այդ տրամաբանությամբ էլ մենք մեկնաբանություններ ենք անում։

– Օրերս Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը Արցախի հարցում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք սպասել Բաքվից։

– Ինչ կարելի է սպասել՝ բացի այն, որ շարունակում են նման հայտարարությունները։ Պարզ է, Ադրբեջանի դիրքորոշումն՝ իր ներկայիս տեսքով, չի ընկալվում Հայաստանի կողմից։ Ասելով, թե ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը, Բաքուն հայտարարում է, որ միտք չունի խաղաղ եղանակով լուծել այս հակամարտությունը։ Կարծում եմ՝ Ալիևի այդ բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել մինչ այդ նրա հնչեցրած բառերի համատեքստում։ Եթե նախագահ Ալիևը կարողանար հասնել դրան, դա մի հարց է, բայց բոլորովին այլ հարց է, որ նա պարզապես ուզում է դա, իսկ ինչպես մեզ մոտ են ասում՝ «хотеть не вредно», ամենևին պարտադիր չէ, որ իրականում նրա ցանկությունները կատարվեն։

– Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել, իսկ Հայաստանը պնդում է, որ նախքան բովանդակային երկխոսություն սկսելը պետք է նվազեցվի անվտանգության սպառնալիքների մակարդակը: Վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության՝ միջազգային դիտորդների թիվն ընդամենը 7-ով ավելացնելու մասին։

– Կարծում եմ՝ դա միջնորդների հնարավորության սահմանն է։ Եթե նրանք կարողանային ավելին՝ առանց ռազմական ուժի դիմելու, առանց այլ միջամտության, նրանք, անխոս, դա կանեին։ Բայց, ցավոք, նրանք ավելին չեն կարող, և այս ամենն այսօրվա հնարավորությունների շրջանակներում է։ Լիովին հնարավոր է, որ վաղը նրանց հնարավորությունները մեծանան, և քայլեր ձեռնարկվեն անվտանգության բարձրացման ուղղությամբ։

Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության և անձամբ նախագահ Ալիևի այդ ծայրահեղ հռետորաբանությունը և քարոզչությունը, ես կասկածում եմ, որ մենք մոտ ժամանակներս այս տարածաշրջանում կհասնենք անվտանգության սպառնալիքների մակարդակի նվազման։

– ՄՃԽ զեկույցում խոսվում է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, ինչը կասկած է առաջացնում՝ արդյոք ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելո՞ւ, թե՞ հակամարտությունը կարգավորելու հարցում։

– ՌԴ-ն չի կարող հետաքրքրված լինել տարածաշրջանում իր ազդեցությունը փոքրացնելու հարցում։ Դա բավականին տարօրինակ կլիներ ոչ միայն ՌԴ-ի, այլև ցանկացած ուրիշ պետության համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ ՌԴ-ն պետք է աշխատի իր ազդեցությունը փոքրացնելու ուղղությամբ, ապա նրան խորհուրդ կտամ այցելել հոգեբույժի։ Ինչ վերաբերում է՝ մեծացնում է, թե չի մեծացնում շանսերը, ցավոք, առկա փաստերն այնպիսին են, որ Ադրբեջանն իսկապես կտրուկ ավելացրել է ՌԴ-ից զենքի ձեռքբերման ծավալները, և շատ հնարավոր է, որ այդ պատճառով որոշակիորեն խախտվել էր բալանսը։

Այդ փաստի անուղղակի ընդունման մասին խոսում են ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումները ՀՀ-ին, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դա կա՛մ անվճար է, կա՛մ վարկով։ Էլ չեմ խոսում ռազմաքաղաքական այն երաշխիքի մասին, որը կապված է միասնական զորամիավորման ստեղծման պայմանագրի կնքման և համանման որոշումների հետ, որոնք նոր գումարման Պետդուման արդեն հասցրել է վավերացնել։ Եթե մենք զենք վաճառեինք միայն Ադրբեջանին, իսկ ՀՀ-ին՝ չվաճառեինք կամ չտայինք, դրանով իսկ կխախտեինք բալանսը։ Բայց խնդիրն այն է, որ այդ բալանսը պահպանվի։ Ներկայիս աշխարհում շատ դժվար է իրականում խոչընդոտել կամ արգելել սպառազինությունների մատակարարումները, իսկ բալանսի պահպանումը մեր ձեռքերում է, և մենք այն օգտագործում ենք։

– Ձեր կարծիքով՝ դա քրեական բիզնես չէ՞։ Ռուս որոշ քաղաքագետներ կարծում են, որ հակամարտող կողմերին զենքի վաճառքը, ըստ էության, քրեական բիզնես է։

– Այդ «որոշ քաղաքագետները» որևէ կերպ չեն մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին և ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար։ Իրենց հայտնած տեսակետը ոչ այլ ինչ է, քան հերթական հռետորաբանություն։ Զենքի վաճառքն իրականացվում է պետական պայմանագրերի հիման վրա։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն աշխարհում ճանաչված պետություններ են, և այդ տեսակետից ոչ մի քրեական գործունեությամբ, ինչպես այդ անանուն աղբյուրներն են բնորոշում, ՌԴ-ն չի զբաղվում և չի խախտում միջազգային իարվունքի ոչ մի նորմ։

– ՀՀ-ում ԵՄ-ի և Ֆրանսիայի դեսպանները հայտարարել են, որ ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Սակայն, եթե ստատուս-քվոն չի պահպանվում, դրա փոփոխման 2 տարբերակ կա՝ կա՛մ բանակցություններ, կա՛մ պատերազմ։

– Ստատուս-քվոն, իմ կարծիքով, կարելի է պահպանել։ Եվ դրա մասին խոսում է ոչ միայն անցած տարի ապրիլին, այլ նաև դրանից հետո եղած փորձը։ Այդ իրադարձություններից հետո բանակցային գործընթացի մասնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի միջամտությամբ ստատուս-քվոն առավելապես պահպանվել է։ Այդ պատճառով դեսպանների նյարդային հայտարարությունները հակամարտության կարգավորման հետ ուղիղ կապ չունեն։ Ես դրանք կդասեի դիվանագիտական ինտրիգների կամ քարոզչական փորձերի շարքին, եթե, իհարկե, դա պարզապես որևէ կոնկրետ դեսպանի կյանքում որևէ իրադրության կամ նրա բնավորության առանձնահատկության հետ կապված ինչ-որ պոռթկում չէր։

– Նախկինում տեսակետ էիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ՝ առանց Արցախի վերջին խոսքի։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայ պաշտոնյաները խոսում էին բանակցություններին ԼՂ վերադարձի անհրաժեշտության մասին։ Այսօր ի՞նչ հնարավորություն կա, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։

– «Վերջին խոսք» ասելով՝ ես նկատի էի ունեցել, որ որևէ վերջնական պայմանավորվածություն չի կարող հաջողություն ունենալ, եթե դրան համաձայն չէ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ կայուն խաղաղություն հակամարտության գոտում՝ առանց ԼՂ համաձայնության և մասնակցության, ես չեմ պատկերացնում։ Թե երբ և ինչպես տեղի կունենա ԼՂ-ի վերադարձը բանակցային գործընթաց, ես դժվարանում եմ հիմա ասել, քանի որ ժամանակին այն որոշումը, որի հետևանքով ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին դադարեցվեց, իմ կարծիքով, ՀՀ նախկին ղեկավարության կողմից թույլ տրված մեծ սխալն էր։

Այն դժվար է վերականգնել։ Եթե դուք նման հակամարտության և կողմերի համառության պայմաններում որևէ սխալ քայլ եք անում, վստահ եղեք, որ ձեր հակառակորդն անմիջապես դրանից օգտվելու է՝ ամեն ինչ անելով, որպեսզի թույլ չտա վերադարձնել կորսված դիրքերը։

Դա էլ հիմա տեղի է ունենում։ Այս փուլում դժվար թե Ղարաբաղը կարողանա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, իսկ ապագայում, եթե, հուսանք, երբևէ մենք խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներգրավումն այդ պայմանավորվածություններում ուղղակի անխուսափելի կլինի։

 

Տեսանյութեր

Լրահոս