«Ես ունեմ իմ գաղափարը, այդ գաղափարի կրողն եմ». Արցախի թեմի առաջնորդ

Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իշխանական պատգամավորների մեծ մասը կրկին քննադատություններ հնչեցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հասցեին։ ՔՊ-ական Արփի Դավոյանն էլ հետ չմնաց թիմակիցներից, նա սրբազանին նախ անվանեց «պարոն Բագրատ», այնուհետև անցավ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին ու հիշատակեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ մեղադրելով, որ չի մնացել Արցախում, երբ «Արցախի իշխանությունները  հանձնեցին Արցախը, Արցախի թեմի առաջնորդը կարող էր մնալ Արցախում՝ ճգներ ու աղոթեր։ Եկել է, մնում է մի հատ զինվորական հագուստ հագնեն ու գան էնտեղ կանգնեն, իրար աջակցություն են հայտնում»։

Խորհորդներ տվող իշխանական պատգամավորի համար, սակայն, ձեռնտու չէր հիշել, որ Արցախն առաջինը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ 2022 թվականին Պրահայում  Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ  Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանն ամբողջովին բլոկադայի ենթարկեց Արցախը։

Հավանաբար Արփի Դավոյանն այսօր ավելի երջանիկ կլիներ, եթե հայ մարդը, այս դեպքում՝ Արցախի թեմի առաջնորդը, պատանդի կարգավիճակում գտնվեր Բաքվի բանտում, ինչպես այսօր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են, և որոնց մասին Արփի Դավոյանն ու իր ղեկավարներն առհասարակ չեն խոսում։

Ի դեպ, Արփի Դավոյանն ու իր ղեկավարները երբեք չեն խոսել այն հոգևորականների մասին, որոնք զենքը ձեռքներին զինվորականների հետ հավասար կռվել են 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ, կան հոգևորականներ, որոնք մինչև օրս համարվում են անհետ կորած, որոշ հոգևորականներ էլ զոհվել են պատերազմում։

Կարդացեք նաև

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Էմմա Պալյանն էլ հետ չմնաց գործընկերներից և  հայտարարությունը նվիրեց Շիրակի թեմի առաջնորդի հասցեին ուղղված  քննադատություններին, ի դեպ, ոչ առաջին անգամ:

168.am-ի հետ կարճ զրույցում Արցախի թեմի առաջնորդը կարևորություն չտվեց իշխանական պատգամավորի տրամաբանությունից դուրս հայտարարությանը, ասելով՝ որևէ մեկնաբանություն չունի և չի ուզում թեմայի շուրջ նրանց հետ մտնել երկխոսության մեջ։

«Չեմ ուզում նման ձևաչափով հանդես գալ, ինքս ինձ չեմ հարգի»,- իր դիրքորոշումը հիմնավորեց սրբազանը։

Հարցին՝ շարունակելո՞ւ է լինել պայքարող տավուշցիների կողքին, որոնք շուտով կորցնելու են իրենց հողն ու տները, ինչպես 150 հազարից ավելի արցախահայեր են կորցրել, սրբազանը պատասխանեց.

«Հոդվածում ասել եմ, որ քրիստոնյաները պետք է հավաքվեն։ Ես ունեմ իմ գաղափարը, այդ գաղափարի կրողն եմ, չեմ ուզում ինքս ինձ դավաճանել, ես այդ մարդը չեմ»։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ից Տավուշի մարզում բնակիչները փակել են Ոսկեպար-Կիրանց ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել Ադրբեջանի հետ սկսած սահմանազատման գործընթացը, որը, նրանց կարծիքով՝ միակողմանի զիջում է, ինչի արդյունքում իրենք կորցնելու են իրենց տները։

Տեսանյութեր

Լրահոս