Բաժիններ՝

Omega-ն հատուկ ժամացույց է թողարկում Գարիկ Իսրաելյանի հիմնած Starmus-ի հաղթողների համար (լուսանկարներ)

Ժամացույցներ արտադրող հայտնի Omega բրենդը և Starmus գիտական-երաժշտական փառատոնը վերջերս դարձան գործընկերներ։ Այդ համագործակցության շրջանակներում Omega-ն փառատոնի շրջանակներում անցկացվող Սթիվեն Հոքինգի  Science Communication մրցանակաբաշխության և 3 հաղթողներից յուրաքանչյուրին նվիրելու է հատուկ պատրաստված Omega Speedmaster ոսկյա ժամացույց։

Այս մասին տեղեկացնում է aBlogtoWatch.com կայքը։

Նշենք, որ Starmus փառատոնի հիմնադիրը մեր հայրենակից, ճանաչված աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է։

Starmus առաջին փառատոնը տեղի է ունեցել 2011 թվականին և անմիջապես ճանաչվել խոշորագույն գիտական, երաժշտական և գեղարվեստական իրադարձություն: Այն նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Այդ օրերին աշխարհահռչակ գիտնականները, տիեզերագնացները և երաժիշտներն ամբողջ աշխարհից հավաքվել էին Կանարյան կղզիներում: Փառատոնին ներկաների շարքում էր նաև ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Neil Armstrong):

Starmus-ն այնքան արագ ճանաչվեց, որ հաջորդ տարի՝ երկրորդ փառատոնին մասնակցելու և ելույթ ունենալու խնդրանքով կազմակերպիչներին դիմեց հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking):

Իսկ ի՞նչ կապ ունի Omega ժամագործը գիտության և, մասնավորապես, աստղագիտության հետ։ Շատ անմիջական։ Omega-ի համագործակցությունը NASA-ի հետ սկիզբ է առել դեռ 1962 թվականին։ Լուսնային էքսպեդիցիայի հետ կապված՝ NASA-ն ցանկանում էր ձեռք բերել այնպիսի ժամացույցներ, որոնք կդիմանային Լուսնի վրա ջերմաստիճանի կտրուկ տատանումներին։ Տևական փորձարկումներից հետո ընտրությունը կանգ առավ Rolex, Longines և Omega (Speedmaster) ժամացույցների վրա։

Վերադառնանք, սակայն, Starmus-ին։ Omega-ն փառատոնի հաղթողներին նվիրելու է նույն՝ Speedmaster մակնիշի ժամացույցներ, սակայն հատուկ դիզայնով։ 18 կարատ ոսկի պարունակող այս ժամացույցի դարձերեսին պատկերված է ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը և Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի կիթառը։

Ինչո՞ւ հենց Բրայան Մեյի։ Որովհետև, ինչպես պարզվում է, Մեյն աստղաֆիզիկայի դոկտորի գիտական կոչում ունի և մասնակցել է Starmus-ի հիմնադրմանը՝ Գարիկ Իսրաելյանի հետ միասին։  Գարիկ Իսրաելյանը, ի դեպ, Բրայան Մեյի դոկտորական ատենախոսության ղեկավարն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս