«Պատերազմի վտանգ կա». Արման Նավասարդյան

«SPIKE հրթիռի կողմից ադրբեջանական ռազմական հարձակումը հայկական կողմի վրա աննախադեպ երևույթ է և շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ ռազմական տեսանկյունից»,- այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա հատկապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը համակարգված ռազմական, դիվանագիտական, գաղափարախոսական գործողությունների է դիմում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե վերջին 12 տարիներին բանակցային գործընթացում քննարկվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը, Արման Նավասարդյանն ասաց.

«Ես դա քաղաքական «բլեֆ» և հնարք եմ համարում։ Սա տրամաբանությունից դուրս է, եթե հաշվի առնենք՝ տարածաշրջանում ինչ է կատարվում։ Մի պահ մտածելը, թե նրա ասածը հնարավոր է, իմ կարծիքով՝ կնշանակի գնալ ինքնասպանության։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին իրականացնում է 1915թ. քաղաքականության շարունակությունը, ես դա անվանում եմ «արմենացիդ»՝ հայ սպանելու քաղաքականություն։ Խոսքն այստեղ միայն Ղարաբաղի կամ գրավված տարածքների մասին չէ, այլ նրա մասին, որ մենք պետք է ազատագրենք Ղարաբաղը և շարունակենք նույն գործողությունները Հայաստանի նկատմամբ։

Սա աշխարհաքաղաքական խորը մտածված քաղաքականություն է, որի նպատակն է՝ Հայաստանը հանել մեջտեղից, որ Թուրքիան և Ադրբեջանը լինեն միասին։ Եթե խոսենք քաղաքական մյուս քայլերի մասին, ձեզ կարող եմ հիշեցնել Մոսկվայի դեպքերը Հայրենական պատերազմի վերաբերյալ՝ հայ ցուցարարների շարասյուների վրա հարձակվելը, նույն բանը կատարվում է ԱՄՆ-ում»։

Արման Նավասարդյանի խոսքով՝ թուրքերը շատ ինտեսիվ կերպով փորձում են ազդել ԱՄՆ Կոնգրեսի և կառավարության վրա, որպեսզի դադարեցնեն Հայաստանին ցույց տրված ամեն տեսակի աջակցություն՝ ասելով՝ Ռուսաստանի հետ  Հայաստանը դաշնակից է, և դա  ամերիկայի քաղքականությանը դեմ է։

«Սրանք պարզապես էպիզոդներ են, բայց եթե խորը մտածենք, սրանք գալիս են մեկը մյուսին լրացնելու։ Դրա վառ ապացույցներից մեկը մայիսի 1-5-ը տեղի ունեցած զորախաղերն են Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան սահմանի մոտ։

Մյուս ապացույցներից են հայտարությունները, որոնք արվում են շատ բարձր մակարդակով՝ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, ու քանի որ Հայաստանը և Ռուսաստանը բարձր մակարդակով իրականացնում են ռազմական համագործակցություն, ապա նույնը պետք է անեն Ադրբեջանը և Թուրքիան»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և Մինսկի խմբի տարածած հայտարարությանը՝ նա ասաց. «Կարծում եմ՝ պատերազմի վտանգ կա։ Մինսկի խումբը միշտ նման հայտարարություններ կարող է անել։

Դեռ մեկ այլ հանդիպում է նախատեսվում, և ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է գնա այդ հանդիպմանը, մինչև վիճակը տարածաշրջանում չկարգավորվի։ Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո էլ մերոնք պետք է կարողանային հասնել դրան։ Մի՛ մոռացեք, որ ԵԱՀԿ-ն  ոչ մի ռեալ ուժ չունի՝ կարգավորելու այդ հարցը՝ բացի խորհուրդներ տալուց»։

Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ադրբեջանը շարունակելու է այս քաղաքականությունը, և,  թե դա ինչով կվերջանա, դժվար է ասել։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս