Ովքեր կհայտնվեն պետության ղեկին

Երկրի քաղաքական համակարգի հայրերը հավանաբար գոհ են իրենց բարեփոխումներից: Երկու բարեփոխված ընտրություն անցկացրեցինք: Մեկը մեկից սրսուռ ու միաբջիջ երկվորյակներից ավելի միանման:

Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի պահին անգամ ընտրողը չգիտի, թե վերջապես ովքեր են իր ընտրյալները: Քաղաքական դաշտի Կորեյկոների «Տուր ինձ մեկ մանդատ», կամ «Ետ տար մանդատդ» կախարդական շրջանը դեռ չի ավարտվել: Դեռ ամբողջությամբ պարզ չեն Երևանի ավագանու անդամների անունները: Մինչդեռ թվում էր, թե ընտրությունից հետո իրավիճակը գոնե կհստակվի:

Ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը չեն կարող ապրել հավերժ սպասումի մթնոլորտում: Բայց այսօր արդեն նկատելի է դառնում այն, որ սպասում կոչվածն առնվազն մեկ տարի էլ է ձգվելու: Մինչև լրանա գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ուժի մեջ մտնի նոր ու վերջին Սահմանադրությունը: Երկրի տնտեսությունն էլ է ներքաշվել ձգձգվող սպասումների ոլորտ: Կառավարությունն արագ-արագ խոսում է նոր ծրագրերի ու ներդրումների մասին: Բայց առայժմ միայն խոսում է: Խոստումների քանակից ու որակից տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել:

Սա հավանաբար քաղաքական նոր՝ խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտ վարձավճարն է: 2017-ի ընտրությունները հենց դրանով էլ կմտնեն պատմություն՝ հիշատակվելով՝ որպես ընտրություն, որի ավարտը ձգձգվեց մեկ տարի: Իշխանամետ ու, բնականաբար, լավատես փորձագետները պնդում են. դա բացասական հետևանք չի կարող ունենալ: Որովհետև այսօր արդեն պարզ է, թե ինչ քաղաքական ուժ է լինելու երկրի ղեկին մեկ տարի հետո: Բայց բոլորն էլ հասկանում են, որ ավանդույթներ չունեցող պետությունների պարագային քաղաքական ուժերը, որպես կանոն, էական ազդեցություն չունեն:

Շատ ավելի ազդեցիկ են առաջնորդները: Ի վերջո, նոր ընտրական օրենսդրությունը հենց այդ «տրամադրությունների» արդյունք է: Թե Ազգային ժողովի, թե Երևանի ավագանու կազմը որոշում են քաղաքական ուժերի առաջնորդները: Պարզ ընտրողի քվե-կարծիքը որոշակի իմաստով հրամայական չէ: Հետևաբար՝ բոլորին, ու հատկապես՝ հնարավոր ներդրողին առաջին հերթին հետաքրքրում է, թե կոնկրետ ովքեր են լինելու պետության ղեկին մեկ տարի հետո:

Գագիկ Ծառուկյանը, օրինակ, ընտրությունների հենց հաջորդ օրն ազնվորեն հայտարարեց, որ իր խոստացած աստղաբաշխական ներդրումները չեն լինելու: Որովհետև ներդրողը երաշխիքներ է ուզում: Իսկ երաշխիք կարող է տալ միայն առաջին դեմքը: Այնպես որ, մեր տնտեսական կյանքն առաջիկա մի տարում հայտնվելու է խորը սպասումների փոսում: Իհարկե, առանձին տնտեսական ծրագրեր իրագործվելու են:

Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում այս առումով նկատելի գործընթացներ կան, բայց լայն իմաստով տնտեսական փոփոխություններ սպասելն իրատեսական չէ: Մեր տնտեսության մեջ կպահպանվեն առկա տենդենցները: Իհարկե, կառավարությունն ազգային վիճակագիրների ու հավատարիմ փորձագետների ձեռամբ կփորձի հասարակությանը համոզել, որ առաջընթաց կա, և երկիրը զարգանում է: Բայց սա էլ նորություն չէ, այլ խաղի արդեն տասնամյակներ գործող կանոն:

Տեսեք, մեր վիճակագիրներն արդեն ամփոփել են 2017-ի առաջին եռամսյակը: Մեր վարչապետն արդեն խոսել է ու ներկայացրել մակրոտնտեսական դրական թվերը: Վարչապետը՝ որպես ժամանակակից լիդեր, քարոզչության իմաստով բավական նրբորեն «գլուխ գովեց»: Պարզվում է՝ անցած տարվա համեմատ՝ մեր երկրի արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է:

Ընդ որում, աճել է նկատելի ու երկնիշ: Վարչապետն իր խոսքում ասաց, որ ներմուծումներն աճել են համարյա 18 տոկոսով, իսկ արտահանումը՝ 16,5 տոկոսով: Այս փառահեղ պատկերը ներկայացնելիս՝ վարչապետն ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ ներմուծման տեմպերն առաջանցիկ են արտահանման ցուցանիշների նկատմամբ: Հետևաբար՝ երկրի արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում մեծանում է բացասական բալանսը:

Եվ պարոն Կարապետյանը հայտարարել է, որ պետք է փոխել իրավիճակը և ներմուծող երկրից դառնալ արտահանող: Առողջ մտահանգում է, եթե չեմ սխալվում՝ ՀՀ նախորդ բոլոր վարչապետները պաշտոնավարման ընթացքում նման կարծիք հայտնել են: Մեր համարյա բոլոր նախորդ վարչապետները համապատասխան մասնագիտական որակ ու քաղաքական անհրաժեշտ հմտություն ունեցել են նման առողջ եզրահանգման գալու համար: Բայց իրավիճակը չի փոխվել:

Հիմա սպասումների շրջան է: Իսկ սպասումների շրջանում շատ մեղքեր ու բացթողումներ են ներվում: Որովհետև չկա հստակ քաղաքական առաջնորդ: Հետևաբար՝ չկա առաջընթացի հստակ տնտեսական ծրագիր: Չկա նաև նման ծրագրեր մշակող խումբ (կամ խմբեր): Հետևաբար՝ տնտեսությունը կշարունակի ապրել վերջին տարիների հարահոսի տեմպով:

Կառավարությունն առաջիկա մեկ տարում կզբաղվի ընդամենը ստեղծված իրավիճակային խնդիրները լուծելով: Եթե գյուղատնտեսական տարին բարենպաստ լինի, վերամշակող սեփականատերերին կհամոզի գյուղմթերք պահանջվածից ավելի մթերել: Իսկ գյուղացուն կխոստանան, որ մթերումների դիմաց կվճարեն առաջիկա եռամսյակում: Այդ ժամկետի ավարտից հետո խոստումը նույնությամբ կկրկնեն: Իսկ այդ ժամանակ արդեն մեկ տարին անցած կլինի, ու բոլորս արդեն հստակ կիմանանք, թե ովքեր հայտնվեցին պետության ղեկին:

Տեսանյութեր

Լրահոս