Ձեր եկամտահարկը կփոխհատուցի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի տոկոսները
Անձը, ով ցանկանում է բնակարան գնել հիփոթեքային վարկի միջոցով՝ այսուհետ ազատվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ աշխատավարձից և այլ եկամուտներից պետական բյուջե վճարված հարկերի:
Ընթերցողներն առավել հետաքրքրված են, թե ինչ ընթացկարգ է պահանջում այս գործընթացը. Dialogue.am-ի «Սոցիալական իրավունք» շարքն այս անգամ պարզաբանում է հարկային ոլորտում քաղաքացիներին տրվող արտոնությունը:
Պետության կողմից տրվող արտոնությունը տարածվում է բացառապես 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Աս ծրագրի շահառու համարվում են՝ վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Եվ եթե հիփոթեքով ձեռք բերված բնակարանը նոր կառուցվող կամ արդեն նորակոռույցում է գտնվում, ապա անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Ի դեպ, արտոնությունը տարածվում է ոչ միայն գնորդների վրա, այլև նրանց, ովքեր հիփոթեք են ձևակերպում սեփական տուն կառուցելու համար:
Այսինքն. օրինակ 120.000 դրամ ամսական հիփոթեքային վարկի տոկոսային պարտավորություն ունենալու դեպքում, Ձեր աշխատավարձից որպես եկամտահարկ գանձվող ասենք 30.000 դրամը պետությունը ուղղելու է վարկի մարմանը, իսկ Ձեզ մնալու է վճարել մնացած՝ 90.000 ՀՀ դրամը:
Բայց միաժամանակ նկատենք, որ հարակային ոլորտում գործող այս արտոնությունն էլ բացառություն չէ և օգտվելու համար կան որոշակի պայմաններ և սահմանափակումներ.
- օրինակ՝ պարտադիր է, որ բնակարան գնվի անմիջապես կառուցապատողից, ոչ թե երկրորդային շուկայից , հակառակ պարագայում, երբ բնակարանը թեկուզ գտնվում է նորակառույց շենքում, բայց այն մինչ այդ ձեռք է բերվել ոչ թե կառուցապատողից, այլ օրինակ վերավաճառողից կամ սեփականատիրոջից, ապա հարկային մարմինը չի փոխհատուցում վարկի տոկոսները
- կամ բնակարանը պետք է գտնվի պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում:
Վարձու աշխատողին նշված պայմաններով հիփոթեք ձևակերպելու դեպքում՝ աշխատավարձից պահվող եկամտահարկը վերադարձվում է երեք ամիսը մեկ, իսկ նոտարների ու անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ հարկը տարեկան կտրվածքով է փոխանցվում՝ դիմողի կողմից նշված հաշվեհամարին:
Հաշվետու եռամսյակի ընթացքւմ հաշվարկված աշխատավարձից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում՝ այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
Արտոնությունը տրվում է նաև այն դեպքում, երբ օրինակ ՝ բնակարանի համար հիփոթեք ձևակերպել են միաժամանկ մի քանի անձ և հանդիսանում են ձեռք բերվող գույքի համասեփականատեր, ապա նրանց եկամտային հարկը բոլորինը միասին նույնպես վերադարձվում է միաժամանակ: Իսկ եթե տվյալ աշխատողը համասեփականատեր չէ, ապա նրա եկամտային հարկը չի վերադարձվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե վարկառուն միաժամանակ և ՛վարձու աշխատող , և՛ անհատ ձեռնարկատեր է, ապա վերջինսի վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում և եռամսյակների ամիսների համար հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով:
Անհրաժեշտ փաստաթղթեր. ում ներկայացնել …
Եկամտահրկի միջոցով հիփոթեքային վրակի տոկոս մարելու համար անձը հարկային (տարածքային) մարմնին գումարի վերադարձման մասին դիմում է ներկայացնում՝ բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով՝ միաժամանակ պահանջվում է նաև՝
- վարկառուի անձը հաստատող փաստաթուղթը
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը
- հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը
- վարկի տոկոսների վճարումը հաստաթող փաստաթղթի պատճեն
- ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարան անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն
- բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը և պատճենը
Հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո աշխատանքային երեք օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին:
Երբ է մերժվում քաղաքցու դիմումը…
Հարկային մարմինը կարող է մերժել եկամտային հարկի վերադարձման մասին քաղաքցու դիմումը, եթե համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից հաշվարկված (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում հաշվետու տարվա ընթացքում ) եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն: Դիմումը հարկային (տարածքային) մարմնի կողմից մերժվելու դեպքում ՝ հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին պարտադիր պետք է ծանուցվի վարկառուին:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով 2016թ. հունվարի մինչև սեպտեմբեր ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը 2901 դեպքով 1076 շահառուի վերադարձրել է ավելի քան 925 մլն դրամ եկամտային հարկի գումար
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialog.am