Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել
Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:
Նախաձեռնության հեղինակներն իրենց կոչերը տարածել են սոցիալական ցանցերում, իսկ ինչպես «Արևելքին» տեղեկացրեց արշավի նախաձեռնողներից մեկը, արդեն տպագրվել է թուրքականը մերժող 1000 հատ թերթիկ-կոչ, որոնք փակցնելու են Լոս Անջելեսի բոլոր այն հայերի խանութների ցուցափեղկերին, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում:
Նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանից Վահան Կարախանյանը, ԱՄՆ-ում նույնպես խանութ ունի, և «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ թուրքական ապրանքի դեմ իր բոյկոտը սկիզբ է առնում դեռևս Հայաստանում բնակվելու տարիներից: «Մենք ամբողջ ընտանիքով երբեք թուրքական ապրանք չէինք գնում, եթե նույնիսկ դա հայտնի ապրանքանիշ էր, բայց բավական է՝ տեղյակ լինեինք, որ Թուրքիայում է արտադրված, մենք մերժում էինք: Մինչև հիմա էլ՝ Հայաստան իմ այցերի ժամանակ ես ստուգում եմ՝ իմ բարեկամներն արդյո՞ք թուրքական մաքրման միջոցներ կամ այլ կենցաղային իրեր չեն օգտագործում»,-նշում է Վահան Կարախանյանը, ավելացնելով, որ ոչ մի կերպ չի նպաստի թուրքական զենքի ձեռքբերմանը, քանի որ այդ զենքը մի օր մեր դեմ է ուղղվելու:
Վահան Կարախանյանը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացրած Ալբերտ Կարախանյանի որդին է: Նա ասում է, որ հայրը, իբրև շինարարական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի մասնաշենքի շինարարությունը իրականացնելուց առաջ պայման է դրել, որ ոչ մի գրամ թուրքական շինանյութ չօգտագործվի: «Բնականաբար այդպես էլ եղավ, որովհետև պատկերացնո՞ւմ եք նման բան՝ Մատենադարանում, դա արդեն մշտական պղծման պես մի բան կլիներ»,-ասում է արդեն կյանքից հեռացած հայտնի շինարարի որդին:
Վահան Կարախանյանը զարմանում է հայաստանցի այն գործարարների վրա, որոնք թուրքական ապրանք են ներմուծում, նշելով, որ միշտ էլ, ցանկության դեպքում կարելի է գտնել այլընտանքը և չներմուծել ու չգնել թուրքականը:
«Երբ Երևանում էի, Տիգրան Մեծ պողոտայի վրա խանութ տեսա՝ գրված էր «Թուրքական ապրանք. ներմուծված է անմիջապես արտադրողից»: Չեմ հասկանում դրա առավելությունը կամ այդ մասին հպարտությամբ հայտարարելը: Անձամբ ինքս միշտ մոտենում և զրուցում եմ նման խանութի տերերի հետ, փորձում եմ առանց ստիպելու, պարզապես զրուցելու և հասկացնելու միջոցով փոխել նրանց մտածողությունը»,-նշում է մեր զրուցակիցը:
Նա նույնը արել է նաև Լոս Անջելեսում. երբ կինը մի օր խնդրել է տոմատի մածուկ գնել, Վահան Կարախանյանը Լոս Անջելեսում հայ գործարարի պատկանող հայտնի մթերային խանութներից մեկն է մտել, ուր իրեն առաջարկել են թուրքական տոմատ: Վահան Կարախանյանը ընդվզել է և խանութի տիրոջից պարզապես խնդրել, որ իր խանութից վերացնի թուրքական ապրանքը:
«Պարզ խնդրանք էր, և երեք շաբաթ հետո գնացի տեսա, որ դարակների վրայից թուրքական ապրանքները չքացել են: Հիմա նա էլ է ինձ հետ պայքարում: Շատ քչաթիվ խանութներ կան Լոս Անջելեսում, որոնք հայերի են պատկանում և որոնք թուրքական ապրանք չեն վաճառում, հիմնականում նախընտրում են թուրքականը, նշելով, որ թե՛ էժան է, թե՛ նախընտրողները շատ են… Բայց ես կարծում եմ, որ եթե չառաջարկես, մարդիկ չեն գնի, կսովորեն այլ ապրանքների»,-նշում է ԱՄՆ-ում թուրքական արտադրանքի դեմ արշավ նախաձեռնած հայաստանցին:
Վահան Կարախանյանը նշում է, որ Լոս Անջելեսի իր խանութ երբեք ոչ մի թուրքական ապրանք չի մտել: «Նախընտրում եմ այլ երկրների արտադրանքով փոխարինել կամ, եթե հնարավորություն կա՝ մեր հայկականով: Շատ եմ զարմանում, որ հայերը մտնում են խանութ և ասում՝ թուրքական օղի չունե՞ս, կամ մի այլ ապրանք են պահանջում: Ասում եմ՝ ամոթ չես անո՞ւմ…
Ոչ միայն հայեր, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ են հաճախ մտնում իմ խանութն ու ուզում գնել հանրահայտ բելգիական Godiva ապրանքանիշի շոկոլադը: Ես, իմանալով, որ հանրահայտ այդ ընկերությունը գնել է թուրք մեկը, չեմ վաճառում Godiva, չնայած, ասում եմ, շատ պահանջված ու հայտնի ապրանքանիշ է: Երբ ամերիկացիներին ասում եմ թուրքական է, չեմ վաճառում, հարցնում են՝ ինչո՞ւ, ես էլ բացատրում եմ: Նույնիսկ իմ խանութից հանել եմ Coca-Cola-ն, քանի որ տնօրենը թուրք է, Pepsi եմ վաճառում»,-ասում է լոսանջելեսաբնակ գործարարը, նշելով, որ իր խանութը տարվա մեջ փակ է մնում միայն մեկ օր՝ ապրիլի 24-ին:
Այդ օրը հայոց ցեղասպանության մասին պաստառ է փակցնում խանութի դռանը և հորդորում նաև մյուս խանութպաններին՝ նույնը անել: Ասում է, որ առայժմ քիչ են այդ օրը իրենց խանութները փակողները, մինչդեռ, ըստ նրա, կարելի է համախմբված ուժերով պայքարել ԱՄՆ-ում հայերի կողմից թուրքական ապրանք գնելու միտման դեմ: Նշում է, որ ԱՄՆ-ում կան իր պես մտածողներ, սակայն քիչ են: Նպատակ ունեն հանդիպել Գլենդելի հայ քաղաքապետին և աղմուկն ավելի լսելի դարձնել, այնպես, որ ամերիկյան օրենքներին դեմ չլինի, բայց նաև հասնեն իրենց նպատակին, ինչպես նշում է երիտասարդ գործարարը, առանց որևէ ժողովրդի հանդեպ թշնամանք տարածելու: «Սա մշտական պայքար է, երբեք չպետք է դադարի: Մանավանդ, արցախյան դեպքերից հետո արդեն շատանում են մեր պես մտածողները»,-նշում է՝ միաժամանակ ողջունելով նաև Հայաստանում այս առթիվ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին:
Մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ Կալիֆոռնիայում թուրքական ապրանքի ամենամեծ ներմուծող ընկերություններից մեկի տերերը հայեր են:
«Սա փաստ է, գաղտնիք չէ: Բոլորն էլ գիտեն այդ մասին: Այդ մարդկանց չես կարող կռվով, ստիպելով համոզել, որ չներմուծեն, բայց կարող ես այնպիսի քաղաքականություն ու վարք որդեգրել, որ նրանք ստիպված լինեն դադարեցնել»:
Այդ առումով, ըստ Վահան Կարախանյանի, մեծ անելիք ունեն ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները, հեռուստատեսությունները, որոնք արշավ պիտի սկսեն:
Առայժմ նախաձեռնությունն անհատական է, և քայլերից մեկն էլ՝ Գլենդելում թուրքերին պատկանող «Պանինի» հայտնի ռեստորան հայերի այցելությունների դեմ պայքարն է, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել տեղի թուրքերի և նրանց մտերիմների շրջանում:
Վահան Կարախանյանը, սակայն, վստահ է, որ աղմուկ միշտ էլ լինելու է, բայց իրենք շարունակելու են պայքարը: «Մի քիչ դժվար է մեր ազգին արթնացնել, բայց որ արթնանում է, լավ է արթնանում»,-ասում է նա: