Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել ստատուս-քվոյի պահպանման դեպքում. վերլուծաբաններ
Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա: Սակայն, հակամարտությունը սառեցված վիճակում պահպանել այլեւս նույնպես հնարավոր չէ.
«Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում, կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի ձեռքի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են, սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների»:
Բլանկի կարծիքով, այսօր միջնորդներից եւ ոչ մեկը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները, հանդես չի գալիս խաղաղության նոր նախագծով, անտեսելով խնդրի կարեւորությունն ու հնարավոր պատերազմի հետ կապված վտանգները.
«Իրավիճակը կարող էր փոխվել, եթե Միացյալ Նահանգները հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ, սակայն, դա նույնպես տեղի չի ունենում»:
Քարնեգիի հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալը, ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորությունը, նշում է նաեւ, որ այն թույլ կտա նաեւ բարելավել տարածաշրջանի տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, խնդրի կարգավորումը թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, որոնք սառեցված են մնում հենց Ադրբեջանի ջանքերով, նշում է Դե Վաալը:
Սթիվեն Բլանկի խոսքով սակայն, Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման համար Թուրքիան առաջին հերթին պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որը փարատեց բոլոր կասկածները առաջինը ճանաչելով հրեաների Ողջակիզումը.
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է երկու հանգամանք, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորումը, եւ երկրորդը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը»
Մինչ այդ, Թուրքիայի նկատմամբ չի կարող լինել լիարժեք վստահություն եւ դրա համար ամենաբարձր գինը կվճարի հենց Թուրքիան, համոզված է Սթիվեն Բլանկը: