Հայ դպրոցականների ստեղծած խելացի այգին կներկայացվի միջազգային ժյուրիի քվեարկությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բյուրականի աստղադիտարանում երկրորդ անգամ իրականացվել է ՆԱՍԱ-ի տիեզերական հավելվածների մրցույթի հայաստանյան փուլը:
Հայաստանյան ժյուրիի քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Գևորգ Հովհաննիսյանի և Գուրգեն Հայրապետյանի Locotech թիմը, որը ներկայացնում էր խելացի այգու նախատիպ:
Հայ դպրոցականների ներկայացրած խելացի այգին ադապտացված համայնքի մոդել է: Կախված #NASAEarth-ի տրամադրած տվյալներից՝ համակարգը կարող է այգին ինքնուրույն ջրել, տեղեկացնել ձեզ, եթե այգում անցանկալի հյուր է հայտնվել, և այլն: Nasa-ի տվյալների բազայի հիման վրա՝ թիմի անդամները հաշվի են առել հողի խոնավությունը, տեղումների առատությունը, ուրբանիզացման մակարդակը տվյալ համայնքում, գրել են ալգորիթմներ: Սմարթֆոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ հողի խոնավության, այգու ջերմաստիճանի մասին, ինչպես նաև հնարավոր է ավտոմատ կերպով ոռոգել այգին, ազդանշանի միջոցով տեղեկանալ, թե երբ են կենդանիները մտնում այգի, և այլն:
Locotech թիմի անդամ Գուրգեն Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ գաղափարը ծագել է բավականին հանկարծակի: Նախ Գևորգն առաջարկել է ներկայացնել լազերային անվտանգության մոդել, և որոշել են մասնակցել այդ նախագծով, ապա ավելի խորքային ծանոթանալով մրցույթի պայմաններին, մինչև նախահեքեթոնային փուլը, զարգացրել են գաղափարը:
«Գաղափարը դպրոցում է առաջացել: Երբ ես և Գուրգենը որոշում էինք ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել, գաղափարի հարցում մեզ օգնում էր նաև մեր քիմիայի ուսուցչուհին: Գաղափարի առաջացումից հետո սկսեցինք մտածել այն իրականություն դարձնելու մասին. ես զբաղվում էի տեխնիկական մասով, Գուրգենը՝ ծրագրային»,- պատմում է Locotech թիմի մյուս ներկայացուցիչը՝ Գևորգ Հովհաննիսյանը:
Հայաստանյան փուլում հաղթանակից հետո հայ դպրոցականների նախագիծը ներկայացվելու է նաև միջազգային ժյուրիին: Տղաները պատրաստելու են տեսանյութ, ինչի հիման վրա էլ միջազգային ժյուրին գնահատելու է ադապտացված համայնքի հայկական մոդելը:
Գուրգեն Հայրապետյանը նշում է, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ մնացած պետություններում այս հեքեթոնն իրականացնում են հիմնականում համալսարանները, որոնք իրենց ռեսուրսներն են տրամադրում՝ ակնհայտորեն հեշտացնելով մասնակիցների գործը:
«Մեր դեպքում մենք մեր սարքի նախատիպը ստացել ենք այն ամենով, ինչ ունեցել ենք այդ պահին, ու, բնականաբար, օպտիմիզացման խնդիրներ են առաջացել։ Սակայն մրցույթը դատում են մի քանի կրիտերիաներով: Հետևելով անցած տարիներին հաղթող թիմերի կողմից առաջարկված մեխանիզմներին՝ փորձել ենք տալ մաքսիմալ բավարարող լուծումներ ու կարծում ենք՝ արժանի մրցակից ենք մնացած թիմերի համար»,- նշում է Գուրգենը:
Գևորգ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց առաջարկածը լիովին համապատասխանում է մրցույթի պահանջներին: Չնայած իրենք մրցելու են համալսարանների դեմ, սպասում են լավ լուրերի:
Տղաներն արդեն փորձարկում են խելացի այգու իրենց տարբերակը: Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ համակարգն արդեն տեղադրվել է իրենց այգում և աշխատում է բավականին լավ:
« Միջազգային ժյուրիի գնահատականն ու արձագանքը, իհարկե, անչափ կարևոր է մեզ համար, սակայն միայն դրանով չենք սահմանափակվի։ Հետագայում հավանաբար հնարավորություն կունենանք տեսնել այս նախագիծը տեղական ստարտափների ինկուբացիոն ծրագրերին»,- նշում է Գուրգեն Հայրապետյանը:
Սիրարփի Աղաբաբյան