Բաժիններ՝

«Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը նպաստում է համայնքներում ծնելիության աճին»

«Մենք՝ որպես անհատների մի խումբ, յուրաքանչյուրս հրավեր ենք ստացել մաս կազմելու մի խորհրդի, որը պետք է խորհրդատվություն տրամադրի Ամուլսարի ոսկու հանքի գործունեության վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հայտնի փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը:

Նշենք, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կամավոր նախաձեռնությամբ՝ ձևավորվել է 7 անդամից բաղկացած անկախ խորհրդատվական խումբ՝ Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգ իրականացնելու նպատակով։  Խումբում ընդգրկված են  բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային հեղինակավոր փորձագետներ՝ Ջոն Հարքերի նախագահությամբ, ով այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կողմից կատարվելիք աշխատանքները:

«Մի քանի տարվա ընթացքում յուրաքանչյուր հանգրվանին հասնելով՝ նոր հաշվետվություն կներկայացվի, որը կլինի հասանելի ձեզ և շահագրգիռ կողմերին: Մենք յուրաքանչյուրս հրավիրվել ենք՝ խորհրդատվություն տրամադրելու, և, բնականաբար, այդ խորհրդատվությունները կլինեն տարբեր: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ունենք պարտավորություն. այդ պարտավորությունն առաջին հերթին՝ հրապարակայնության ապահովումն է այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում այս թիրախային թեմայի զարգացումը, որը նկարագրված է՝ որպես պատասխանատու հանքարդյունաբերություն, որը պետք  է իրականացվի համաշխարհային համայնքի կողմից առաջադրված լավագույն ստանդարտներին համապատասխան»,- նշեց Ջոն Հարքերը:

Նկատենք, որ խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ խորհրդատվություն:

Կարդացեք նաև

Ջ. Հարքերն ասաց, որ այս առաքելության շրջանակներում իրենք վերջերս հավաքույթ են կազմակերպել. «Հանդիպեցինք հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ովքեր հանդիսանում են այս բազմակողմանի խնդրի շուրջ հավաքված պատասխանատու կողմերը: Դա նշանակում է, որ Կառավորությունը, քաղհասարակությունը, բիզնես ոլորտը՝ բոլորը միասին, պատրաստ են ներկայացնելու, թե ինչպես  են պատասխանատու հանքարդյունաբերության ստանդարտներն իրականացվելու այս ծրագրի շրջանակներում»:

Նշենք նաև, որ խումբը լիազորված կլինի անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները և դրանց կառավարման ուղղությամբ «Լիդիանի» նախաձեռնություններն ու ծրագրերը, հանգամանորեն ուսումնասիրել և խորհրդատվություն տրամադրել ընկերությանը՝ շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել միջազգային լավագույն չափանիշերի կիրառման մոնիտորինգ և այդ մասին տեղեկատվություն տրամադրել:

Տեղեկացնենք նաև, որ խմբի 7 անդամներից 6-ը մայիսի 2-4-ն այցելել են Ամուլսար և հարակից համայնքներ:

«Երբ մեր խորհրդատվությունները հրապարակվեն, դուք կարող եք ուսումնասիրել, քննադատել, անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Իհարկե, այսօր ևս հարցեր կունենաք, բայց կրկին մի ակնկալեք՝ այս պահին որևէ եզրակացություն կամ տեսակետ ունենանք, միակ տեսակետը, որ մենք ունենք այս պահին, այն է, որ նման հանքարդյունաբերական այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար»,- նշեց Ջ. Հարքերը՝ հավելելով, որ խմբի անդամներ կան ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Միացյալ Թագավորությունից և Հայաստանից:

Հարցին, թե՝ մարդկանց հետ շփումները Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն են ստեղծել «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ, Ջ. Հարքերն այսպես պատասխանեց. «Ես, իհարկե, չեմ ասի այդ մարդու անունը, բայց մի կին ինձ ասաց, որ ինքը շատ ուրախ է, որ «Լիդիանը» եկել է այստեղ, որովհետև իրենց համայնքում ծնելիությունը մեծացել է:

Պարզվեց, որ նկատի ուներ, որ համայնքում աշխատատեղերի ստեղծումը նպաստել է նրան, որ տղամարդիկ չեն գնում, և երեխաներն ավելանում են: Հանքարդյունաբերության հետաքրքիր հետևանք՝ ծնելիության աճ: Ես լսում եմ նման կարծիքներ»:

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարուն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը հնարավորություն է՝ իրականացնել պատասխանատու  հանքարդյունաբերություն.

«Ես հավատում եմ դրան, այդ պատճառով այստեղ եմ: Միջազգային փորձագետներից բաղկացած անկախ խորհրդատվական խմբի կազմումն ընկերության պարտավորությունների մեջ չէր մտնում, սա արել ենք կամավոր հիմունքով, որպեսզի ցույց տանք, որ մենք իսկապես պատասխանատու և թափանցիկ հանքարդյունաբերության կողմնակիցն ենք: Խումբը «Լիդիանից» անկախ է գործելու, աշխատելու է քաղաքացիական հասարակության և Ձեզ հետˋ  հետևելով, թե ինչպես են իրականացվում Ամուլսարի աշխատանքները, ու ինչ ազդեցություն է ունենում այն ազդակիր համայնքների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս