«Որևէ կախվածություն վտանգավոր է». Վարդան Արամյան
Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից նախորդ տարիների ընթացքում զգալի նվազել է: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանն անց է կացնում տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականություն՝ փորձելով արտահանման եւ ներդրումների նոր աղբյուրներ գտնել.
«Ես չէի ասի, որ ներկա դրությամբ չափազանց շատ ենք կախված, կամ, որ կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից նվազել է»:
Նախարարի խոսքով, 2013 թվականից ի վեր Ռուսաստանում տնտեսական անկման պատճառով նվազել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների չափը: Կրճատվել է նաեւ հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան.
«Երբ Ռուսաստանի տնտեսությունն ընկավ ռեցեսիոն ժամանակահատված՝ մենք ունեցանք նաեւ արտահանման կրճատում դեպի Ռուսաստան»:
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանի արտահանողները չեն զգացել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ակնկալվող առավելությունները.
«Արտահանման կշռի մասով վերջին ժամանակահատվածում այնպես չէ, որ անդամակցելով ԵԱՏՄ, դեպի Ռուսաստան մեր արտահանման կշիռը չափից ավելի մեծացել է»:
Փոխարենը հայ արտադրողները նոր շուկաներ են հայթայթել՝ ավելացնելով Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումն Արեւելք եւ Արեւմուտք: Վարդան Արամյանի համոզմամբ, 21-րդ դարում տնտեսական առաջընթացի համար առաջնահերթ դեր է խաղում ոչ թե բնական ռեսուրսների առկայությունը, այլ տեխնոլոգիական զարգացվածությունն ու ժողովրդի ստեղծարար ուժը: Հայաստանն իր աշխարհագրական դիրքի, ԵԱՏՄ-ում անդամակցության եւ Իրանի ու Եվրամիության հետ սերտ կապերի շնորհիվ կարող է դառնալ տնտեսական խաչմերուկ, համոզված է երկրի ֆինանսների նախարարը.
«Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ դա նշանակում է առեւտրային հոսքերի եւ կապիտալի հոսքերի ազատ տեղաշարժ»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից տնտեսական կախվածությանը, Վարդան Արամյանի պատասխանը միանշանակ է.
«Կախվածությունը՝ Ռուսաստանի տնտեսությունից թե միջազգային հումքի ապրանքների գներից, որեւէ բանից կախվածությունը վտանգավոր է»: