Պետական պարտքի, դեֆոլտի և գոյություն չունեցող 1.2 մլրդ դոլարի մասին

Տնտեսական լրահոսը որքան ծանր է, այնքան էլ՝ խոցելի։ Բավական է մեկ թվի, մեկ ստորակետի վրիպում կամ ընդամենը մեկ սխալ ձևակերպում և համեմատական՝ ամեն ինչ միանգամից փոխում է իմաստը։

Հետո այդ, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկատվությունը սկսում է տարածվել, դրա հիման վրա հարցազրույցներ և վերլուծություններ են արվում։ Իսկ դա, իր հերթին, ազդում է սպասումների ձևավորման վրա։ Հետո, որքան էլ պարզաբանումներ հնչեն, որ ի սկզբանե ամեն ինչ սխալ է հասկացվել և ներկայացվել, լսող չի լինելու։ Նման օրինակները բազում են, իսկ ամենաթարմը կապված է այն տեղեկատվության հետ, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արտաքին պետական պարտքն ավելացնել մի կլորիկ գումարով։

Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով։

ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 18-ին հայտարարություն է տարածում, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկելու է պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսեր։ Նշվում է, որ թողարկվելու է 3 տարի ժամկետայնության 200 մլրդ դրամի պարտատոմս (8.00% տարեկան եկամտաբերությամբ, մարման օրը՝ 29 ապրիլի 2020թ.), և ևս 200 մլրդ դրամի՝ 5 տարի ժամկետայնության պարտատոմս (9.00% տարեկան եկամտաբերությամբ, մարման օրը՝ 29 ապրիլի 2022թ.):

Դրանից 2 օր անց՝ ապրիլի 20-ին, ԿԲ-ն ևս մեկ հայտարարություն է տարածում, այս անգամ՝ երկարաժամկետ, 20 տարվա պարտատոմսերի թողարկման մասին։ Ծավալը՝ կրկին 200 մլրդ դրամ, տարեկան եկամտաբերությունը՝ 12.5%, մարման օրը՝ 29 ապրիլի 2037թ։

Հաջորդ օրը մեր գործընկեր ԶԼՄ-ներից մեկը որոշում է անդրադառնալ այս տեղեկատվությանը և այսպիսի վերնագրով լուր տարածում՝ «Հայաստանը 1.2 մլրդ դոլարի պարտք կվերցնի»։ Ընդ որում, նշել էին, որ դա տեղի է ունենալու ապրիլի 29-ին՝ միանգամից։

Թվում է՝ որևէ սխալ բան չկա, մարդիկ գումարել են 200 մլրդ դրամները, ստացել 600 մլրդ և վերածել այն դոլարի, որպեսզի ավելի տպավորիչ լինի։ Իսկ ո՞րն է խնդիրը։

Նախ՝ խոսքը վերաբերում է գանձապետական պարտատոմսերին, այսինքն՝ սա ներքին պարտք է, ՀՀ դրամով։ Այդ գումարը դոլարային արտահայտության վերածելը սխալ է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ խոսքը վերաբերում է արտաքին պարտքին։ Ընդ որում, սա ոչ թե աբստրակտ վտանգ է, այլ սոցիալական ցանցերում և մամուլում սկսեց ակտիվ շրջանառվել 1.2 մլրդ դոլար արտաքին պարտք վերցնելու թեման՝ հարցազրույցներով, մեկնաբանություններով և վերլուծություններով։

Սակայն սա խնդրի ընդամենը մի փոքր մասն է։ Որոշ պարզաբանումներից հետո, երբ հստակեցվեց, որ խոսքը ներքին շրջանառման պարտատոմսերի մասին է, այս թեմայով ակտիվ արտահայտվող մասնագետները սկսեցին ասել՝ ի՞նչ կապ ունի՝ արտաքի՞ն, թե՞ ներքին պարտք։ Թող լինի ներքին պարտք. 600 մլրդ դրամով ներքին պարտք ներգրավելը խոսում է պարտքային բեռի ծանրացման մասին և սրում է դեֆոլտի վտանգը։

Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունը պարզապես չի պատրաստվում 600 մլրդ դրամով ավելացնել ներքին պարտքը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, կառավարությունն այս տարի տեղաբաշխելու է ընդհանուր առմամբ 170 մլրդ դրամի պարտատոմս: Մյուս կողմից՝ մարվելու են նախկինում տեղաբաշխված 130 մլրդ դրամից ավելի պարտատոմսեր։ Կարճ ասած, ՀՀ պետական ներքին պարտքն այս տարի ավելանալու է 45 մլրդ դրամով (դոլարային արտահայտությամբ մտածողների համար՝ 93 մլն դոլարով)։ Բնականաբար, այդ պարտատոմսերը միանգամից չեն տեղաբաշխվելու։ Առաջին տեղաբաշխումն իրականացվելու է մայիսի 2-ին։ Տեղաբաշխվելու է 10 մլրդ դրամի 3 տարի ժամկետայնության պարտատոմս, և ևս 10 մլրդ դրամի՝ 5 տարի ժամկետայնության պարտատոմս։ Իսկ այդ դեպքում ի՞նչ 200 միլիարդ դրամների մասին է խոսքը (ընդհանուր՝ 600 մլրդ դրամի), որոնք բոլորին խառնել են իրար։

Արշալույս Մարգարյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ուղենիշային (բենչմարքինգ) պարտատոմսերին, և նպատակն այն է, որ այդ պարտատոմսերը շուկայում ազատ շրջանառվեն՝ ունենալով մարման ժամկետի միասնական օր (տվյալ դեպքում՝ ապրիլի 29-ը)։ Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է:

Փորձենք ավելի պարզ բացատրել։ Պետական պարտատոմսերի տեղաբաշխումն ու մարումն անընդհատ պրոցես է։ Ու որպեսզի յուրաքանչյուր տեղաբաշխումից առաջ չհայտարարես, որ պատրաստվում ես այսքան քանակի ու այսինչ ժամկետայնության պարտատոմս թողարկել, միանգամից թողարկում ես մեծ ծավալով և մաս-մաս տեղաբաշխում՝ ըստ ծրագրի կամ ըստ նպատակահարմարության։ Արդյունքը լինում է այն, որ որոշ ժամանակ անց՝ հին պարտատոմսերի մարվելուն զուգահեռ, շուկայում շրջանառվող բոլոր պարտատոմսերն ունենում են մարման նույն ամսաթիվը, ինչն ավելի հարմար է ֆինանսական շուկայի խաղացողների համար։

Կարծում ենք՝ հիմա պարզ է, որ այդ 200 միլիարդ դրամները տեղաբաշխման ծավալները չեն, և դրանց հիման վրա չի կարելի ներքին պարտքի ավելացման մասին դատողություններ անել։ Ավելին, ըստ Արշալույս Մարգարյանի՝ ի սկզբանե Ֆինանսների նախարարությունը ցանկացել է 200 մլրդ դրամի փոխարեն՝ հայտարարել 1 տրիլիոն դրամի մասին։ Դրանից ոչինչ չէր փոխվի, սակայն կարելի է ենթադրել, որ աղմուկն ավելի մեծ կլիներ։

Քանի որ այս «1.2 մլրդ դոլարի» համատեքստում կրկին սկսեցին ակտիվանալ հնարավոր դեֆոլտի մասին խոսակցությունները, պրն Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք դեֆոլտի վտանգ, և եթե այո՝ այդ վտանգն այսօ՞ր է ավելի իրատեսական, թե՞, ասենք, 1 տարի առաջ։

«Դեֆոլտի վտանգ չկա ո՛չ այսօր, ո՛չ մեկ տարի առաջ։ Պարտքը բնութագրող բոլոր ցուցանիշներով Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին»,- հավաստիացրեց պրն Մարգարյանը (աղյուսակում ներկայացված է այդ ցուցանիշների մի մասը)։

Իհարկե, մասնագետները կարող են վիճարկել այդ գնահատականները, պնդել, որ դեֆոլտի ենք գնում, և փաստարկներ ներկայացնել՝ ապացուցելով իրենց տեսակետը։ Սակայն պնդումներ անելիս պետք է հիմնվել գոնե ճիշտ տվյալների վրա։ «Արտաքին պարտքի ավելացումը 1.2 մլրդ դոլարով»-ը իրականության հետ կապ չունեցող դատողություն է, որի հիման վրա չի կարելի հեռուն գնացող վերլուծություններ անել։

Տեսանյութեր

Լրահոս