Բաժիններ՝

Սոցապնախարարությունը կստեղծի աշխատաշուկայի էլեկտրոնային բորսա

«2016 թվականի դեկտեմբերից ներդրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստները ստանալ առցանց եղանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքները:

Նա նշեց, որ այս մեթոդով առաջին անգամ քաղաքացուն հնարավորություն է տրվում՝ առանց տնից դուրս գալու օգտվել իր սոցիալական իրավունքից.

«Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Պարզեցվել են կենսաթոշակառու լինելու, կենսաթոշակի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, և հետայսու շահառուն կարող է դիմել սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին ու վերը նշված տեղեկանքը ստանալ ընդամենը 15 րոպեում՝ նախկին մի քանի օրերի փոխարեն»: Նա ասաց նաև, որ սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ են կատարվել:

Ա. Ասատրյանն ընդգծեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից չեղարկվել է կենսաթոշակներին և ծննդյան նպաստներին վերաբերող դիմումներն ըստ բնակության վայրի ներկայացնելու պահանջը, և շուրջ 100000 քաղաքացի սոցիալական ապահովության վերաբերող ցանկացած հարցի դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի բնակության վայրից: Նախարարը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից բնական գազի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում են շուրջ 76 հազար 205 անապահով ընտանիքներ.

Կարդացեք նաև

«Իսկ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում է 124 հազար 330 ընտանիք: 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է ՀՀ սոցիալական ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում՝ զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդրում՝ ուղղված երիատասարդ մայրերի՝ աշխատաշուկա մուտք գործելու, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև՝ աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը»:

Նախարարը հայտնեց նաև, որ նախարարությունը նախատեսում է ստեղծել աշխատանքային էլեկտրոնային բորսա, որը նախատեսում է, որ կձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն.

«2017 թվականին բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում լայնածավալ աշխատանքներ են սկսվել հաշմանդամության սահմաններում նոր մոդելի փորձնական կիրառման ուղղությամբ: Նոր մոդելի կիրառման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց վերականգնողական միջոցառումները կիրականացվեն վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա՝ անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համապատասխան»:

Ա. Ասատրյանի խոսքով՝ Աշխատանքային օրենսգքրի փոփոխությունների նախագիծ է մշակվել և ներկայացվել կառավարությանը.

«Դրա ներքո հիմնական շեշտադրումը գերփոքր կազմակերպությունների վարչական բեռի թեթևացումն է գործատուների համար, և աշխատողների իրավունքները որոշակիորեն հավասարակշռելով՝ բերելով փոխադարձ համաձայնության: Մենք գիտենք, որ աշխատանքի պայմանները, որոնք պետք է պայմանագրում արտացոլվեն, առաջին հերթին՝ ներառում են իրենց մեջ աշխատավարձի չափը: Բոլորս գիտենք, որ այդ աշխատավարձի չափը գործատուի ու աշխատողի պայմանավորվածության արդյունք է: Հիմա, եթե դա փաստված է, լրացուցիչ ծանրաբեռնել գործատուին, որ ինքն ամենատարբեր գրառումներն ու գրագրությունն անի, որպեսզի կարողանա վճարվող աշխատավարձը փաստել, կարծում ենք՝ էական կլինի, որ մենք այս ամբողջը վերացնենք»:

Հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ ստվերը կավելանա դրա արդյունքում, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց.

«Բացարձակապես այդ կարծիքին չեմ: Դուք ինձ հետ համամիտ կլինեք, որովհետև դուք և գործատուն պայմանավորվում եք՝ ինչ աշխատավարձ պետք է լինի, ի վերջո, ձեզ հետաքրքիր չէ՝ գործատուն ինչ փաստաթղթեր պետք է լրացնի, որ ձեզ այդ աշխատավարձը տա»: Նախարարը նաև նշեց, որ վարչապետի հանձնարարականով՝ տրվել է 9-ամսյա ժամկետ Աշխատանքային նոր օրենսգրքի մշակման համար, որը պատրաստ կլինի 2018 թվականին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս