«Ռուսաստանը նպաստում է Ադրբեջանի ռազմական առավելության ամրապնդմանը»

Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ՝ ապրիլի 26-ին Ադրբեջան հասավ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։

Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։

Հիշեցնենք, որ ռուս-ադրբեջանական ռազմական խորացված համագործակցությունը սկսվել է 2000-ական թթ., և մինչ այսօր ամենախոշոր գործարքը կնքվել է 2010-ին, որի շրջանակում Բաքուն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք ու զինտեխնիկա էր գնել Մոսկվայից, այդ թվում՝ 100 հատ T90C տանկ, մի քանի տասնյակ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգեր, չնայած ամենաբարձր մակարդակով ՀՀ իշխանությունների դժգոհություններին։ Ի թիվս այլ անդրադարձերի՝ ապրիլյան պատերազմից օրեր անց ռուսական զենքի վաճառքի մասին հայկական կողմի դժգոհությունը վարչապետ Մեդվեդևին էր փոխանցել Հայաստանի նախագահը.

«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որոնք նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»։ Հայկական կողմի այս դժգոհություններին ի պատասխան՝ ռուսական զենքի արտադրության ու վաճառքի համակարգումն իրականացնող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի հայտարարությունն Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, ասել էր.

«Ամեն ինչ պայմանագրի համաձայն է արվում։ Երկու կողմերն էլ մեր ռազմավարական գործընկերներն են, և Ռուսաստանը կշարունակի այս ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ»։ Ռուս ռազմական փորձագետներն իրենց հերթին՝ արդարացնելով հակամարտող երկրներին հարձակողական զինտեխնիկա վաճառելու ռուսական քաղաքականությունը, պնդում են, թե Ռուսաստանը փորձում է պահպանել ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկու երկրներին մատակարարելով համարժեք զենք ու զինամթերք։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը կրկին նշեց, որ ռուսական կողմը պահպանում է հավասարակշռությունը, և այսօր Հայաստանը նույնիսկ գերազանցում է Ադրբեջանին այդ հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանն Ադրբեջանին գերազանցում է առաջին հերթին՝ զինվորների պատրաստվածության մակարդակով, երկրորդ՝ հարձակողական զինատեսակներով։

«Ապրիլյան պատերազմից հետո ցուցադրվեցին Հայաստանին տրամադրված «Իսկանդեր» համակարգերը, որոնք ամենահզոր զինատեսակներն են և կարող են թիրախավորել Բաքուն անհրաժեշտության դեպքում։ Սակայն, մինչ այդ անհրաժեշտությունը՝ դրանք հզոր զսպող նշանակություն ունեն, դրա առկայության դեպքում Ադրբեջանը պարզապես չի համարձակվի ռազմական գործողությունների հարցում հեռուն գնալ՝ բավարարվելով միայն սադրանքներով կամ լոկալ բախումներով։ Ադրբեջանին խիստ մտահոգել էին, ի դեպ, այս մատակարարումները, Ադրբեջանը նույնիսկ ցանկանում էր դրանք թիրախավորել և վերացնել, եղան նաև այդպիսի հայտարարություններ»,- ասաց Ֆելգենգաուերը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի մտահոգությունները հասկանալի են, բայց Ռուսաստանը դրանք չի ընդունի, քանի որ Ռուսաստանի տեսանկյունից՝ անազնիվ ոչինչ տեղի չի ունենում։ «Վաճառվում է տեխնիկա Ադրբեջանին, վաճառվում է նաև Հայաստանին, եթե չվաճառի Ռուսաստանը, կվաճառի երրորդ երկիր, և դա կդառնա շատ ավելի անվերահսկելի գործընթաց»,- նկատեց ռուս փորձագետը։

Սակայն այս կարծիքը չեն կիսում եվրոպացի ռազմական փորձագետները, ովքեր տարածաշրջանով են զբաղվում։

Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը «168 Ժամի» հետ զրույցում հակադարձելով այս պնդումներին՝ ասաց, որ, եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին։

Ըստ նրա՝ պնդումները, թե Ադրբեջանն առավել էր միայն Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկայի հարցում, ևս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանին տրամադրվում են այլ մասշտաբի և այլ որակի զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ այլ։ «Հիշեցնեմ, թե ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական օրերին Բեռլինում։ Նա նշեց, որ հայկական կողմը պաշտպանվել է 1990-ական թթ. զինտեխնիկայով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գներով տրամադրում է հին, մաշված զինտեխնիկա, իսկ համաշխարհային գներով Ադրբեջանին է տրամադրում նորագույն ռազմամթերք, ինչն Ադրբեջանի պաշտպանունակության գլխավոր գործոնն է ներկայումս։ Ռուսաստանը, փաստորեն, նպաստում է Ադրբեջանի ռազմական առավելության ամրապնդմանը»,- մեկնաբանեց Թրեյսի Ջերմանը՝ շարունակելով, որ ռազմական ոլորտը ենթադրում է գաղտնիություն, այդ պատճառով շատ մանրամասներ դժվար է վերլուծել, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական առավելությունն այսօր պայմանավորված է այդ հանգամանքով։

Ըստ եվրոպացի ռազմական փորձագետի՝ եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները, տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր և որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։

«Հակամարտող երկրները մշտապես կանգնած են ռազմական գործողությունների վտանգի առջև, և այդ հավասարակշռման քաղաքականությունը վստահաբար տեսանելի կլիներ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում։ Իսկ դրան հաջորդած փուլում Ռուսաստանի քայլերն ուղղված էին հայաստանյան հասարակության դժգոհությունների չեզոքացմանը, որոնք, չեմ կարծում, թե հասան իրենց նպատակին, քանի որ Ադրբեջանին անընդհատ կերպով նորագույն սպառազինության մատակարարումը շարունակվում է, իսկ ի՞նչ է մատակարարվում Հայաստանին, այս մասին ավելի լավատեղյակ են ՀՀ համապատասխան պաշտոնյաները, որոնք կարող են հայտարարություններից քայլերի անցնել»,- ասաց Ջերմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն արժեքավոր գործընկեր է Ռուսաստանի համար, և այդ գործոնը կարող է օգտագործվել։ Ըստ լոնդոնցի վերլուծաբանի՝ Հայաստանը կարող է օգտագործել ՀԱՊԿ-ի հարթակը, երկկողմ հարաբերությունները, դիվանագիտական խողովակները՝ նոտա հղելու, պարզաբանումներ պահանջելու հնարավորությունները։ «Սակայն նման քայլեր չեն ձեռնարկվում, իսկ Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը՝ համարելով, որ Հայաստանին ձեռնտու է իրերի ներկայիս դրությունը։ Գուցե այդպես է, ես չեմ կարող ասել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս