ՍԴ-ն հրապարակեց սպասելի որոշումը. «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը մերժվեց

Սահմանադրական դատարանը մի քանի օր շարունակ քննելուց հետո երեկ հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով որոշումը՝ ուժի մեջ թողնելով ԱԺ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը:

Որոշման հրապարակման պահին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները, որպես բոյկոտի նշան՝ դուրս եկան դահլիճից: Դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ՍԴ-ում քննարկումը շատ կարևոր արդյունքներ է տվել, ապացուցվել է ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության լծակների և վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը, որը կրել է համակարգային և կազմակերպված բնույթ և էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապացուցվել է նաև, որ ԿԸՀ-ն և իրավապահ համակարգը պարտակել են այդ հանցագործությունը։ Նա վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն չի բավարարելու հայցը, թեև խնդիրը բավարար ապացույցների բացակայության մեջ չէ։ «Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք։

Դուք այստեղ իրականում միայն մեկ գործ եք անում՝ ինչքան հնարավոր է՝ ավելի լավ պաշտպանել Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի իշխանությունը և նրա կողմից կազմակերպված ընտրակեղծարարությունը։ Դրա համար երկրում ստեղծվել է ճշմարտության մերժման մի ամբողջ իրավաբանություն»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը՝ հավելելով, որ մեր ամբողջ ազգը հայտնվել է փակուղում, ժողովուրդը խաբված է, ահաբեկված, կորցրել է հավատն ընտրություններով որևէ հարց լուծելու նկատմամբ, հետևաբար՝ նաև ընդհանրապես որևէ հեռանկարի նկատմամբ։ Միաժամանակ, Զուրաբյանը հույս հայտնեց, որ մի օր ճշմարտությունը հաղթանակելու է։

Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով՝ երկրում ծայրահեղ հակասահմանադրական իրավիճակ է, քանի որ ՀՀԿ-ն վերահսկում է իշխանության 3 ճյուղերը, նաև տնօրինում է ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմներն, ու 20 տարի որևէ դիմող իր ջանքերի առավելագույն գործադրմամբ երբեք չի կարողացել ՍԴ-ի պահանջած ստանդարտի նույնիսկ նվազագույնը բավարարել. «Սահմանադրության 5-րդ հոդվածն այսօր փաստացի գետնին հավասարեցված է՝ օրենքի տառի խստիվ պահպանմամբ: Օրենքի ոչ մի տառ չի խախտվել 5-րդ հոդվածի ամբողջական տապալման համար, բայց այդ տապալումն անխուսափելիորեն հանգեցնելու է արդեն 6-րդ հոդվածի առաջ գալուն՝ արդեն ոչ ՀՀ-ի, մենք գիտենք՝ որ պետության: Անգիր գիտենք այդ հոդվածը: Մենք բոլորս գիտենք՝ ինչի մասին է խոսքը: Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները։ Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Բարձր դատարանին չներկայացվեց որևէ ապացույց, դիմումում ներկայացված դատողությունները սնանկ էին, չէին պարունակում փաստարկված ապացույցներ. «ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին անգամ Բարձր դատարանում քննվեց ընտրությունների հետ կապված դիմում, որը, իրավամբ, զուրկ էր և՛ իրավական հիմքից, և՛ ապացուցողական բազայից»։

Ի վերջո, Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, որը դիմող կողմը բոյկոտեց։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը թվարկեց մի շարք հիմքեր՝ դիմումը մերժելու համար, մասնավորապես՝ դիմող կողմը չի իրականացրել օրենքով սահմանված կարգով և ժամկետում որևէ իրավաչափ գործողություն, և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք, հանձնաժողովներում դաշինքի բոլոր անդամները ստորագրել են ընտրությունների արդյունքների արձանագրությունների տակ, դիտորդները դրական կարծիքներ են հայտնել, բացառությամբ՝ քաղաքական կոռուպցիայի դեպքի, և իշխանությունների առաջնային խնդիրն է՝ հաղթահարել այդ մտահոգությունները։

Նման իրավիճակներում ՍԴ-ում վեճի նախաձեռնումը Հարությունյանն անվանեց «ինքնանպատակ և քաղաքական շահարկումների տեղիք տվող»։ Այդպիսով, ՍԴ-ն ուժի մեջ թողեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։ Նիստից հետո Տ. Մուկուչյանը լրագրողներին ասաց, որ այս որոշումը սպասելի էր և որևէ մեկին անակնկալի չի բերի։ Այժմ ԿԸՀ-ն պատրաստվելու է անվանական գրանցել նորընտիր պատգամավորներին, մանդատից հրաժարվելու որևէ դիմում դեռ չի ստացվել։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին։

«168 Ժամ» թերթը

Տեսանյութեր

Լրահոս