«Պլագիատը՝ ուրիշի ուղեղի արդյունքը գողանալը, սղոցում է մեր տնտեսության հիմքերը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
– Պարոն Խուրշուդյան, 7-8 ամիս է, ինչ նոր վարչապետ ունենք, որ իր թիմակիցներով փորձում է վերականգնել, վերակառուցել մեր տնտեսությունը: Ի՞նչ եք կարծում, այս ժամանակաշրջանը շատ չէ՞ր, որ նա տրամադրեց տնտեսության ախտորոշման վրա: Եվ, ընդհանրապես, չե՞նք դանդաղում:
– Լճացված վիճակից դուրս գալն ամենադժվար բանն է, որովհետև եթե մի քիչ ուժեղ թափահարես, կարող ես խորասուզվել: Մի քանի երկարաժամկետ գործոններ կան, որոնք զգուշավորություն են պահանջում: Օրինա՝ կրթությունը: Նույնիսկ փող բերելը բավարար չէ տնտեսությունը կարգավորելու համար: Որովհետև մի բիզնեսը կուժեղացնես, մեկ ուրիշը մրցակցության հետևանքով կտուժի, եթե կապիտալն ու ընդհանուր աշխատուժն իրար հետ չհամադրվեն:
Իսկ մեր կրթությունը շատ երկար ժամանակ է, ինչ գտնվում է բարձիթողի վիճակում: Եվ չեմ էլ տեսնում հնարավորություն, որ կարելի է այս ոլորտը նույն կերպ թափ տալ:
Մինչդեռ տնտեսության երկարաժամկետ հիմքը կրթությունն է:
– Կրթություն ասելով ի՞նչ նկատի ունեք. նոր տեխնոլոգիանե՞ր, նոր գիտելիքնե՞ր, նոր տնտեսական մտածողությո՞ւն…
– Ո՛չ միայն: Ե՛վ ձեր թվարկած ուղղությունները, որոնք պետք է առաջ մղեն բիզնեսը, և՛ սոցիալական, այն է` հումանիտար գիտությունները: Սոցիալական գիտությունների ոլորտում տեղի է ունենում կարծես գիտությունից հեռու ինչ-որ բան: Կոպիտ եթե արտահայտվեմ` միջնադարյան վիճակ է ուղղակի: Երբ նայում ես գիտական աշխատանքները, ասես շարադրություններ լինեն, որոնք միջազգային գիտելիքի մրցակցային դաշտ հենց մտնեն, պարզապես կնետվեն աղբամանը:
– Իսկ գիտության այս ոլորտներն ինչպե՞ս կարող են ազդել տնտեսության զարգացման վրա:
– Մեծագույն խնդիրը պլագիատն է՝ գրագողությունը: Եվ մեր երկրում ձևավորված համակարգը հենց խթանում է պլագիատը: Այսինքն՝ ուսանողին թույլատրվում է արտագրել և արտագրելով ստանալ գնահատական: Ապա՝ դիպլոմ: Եվ հետո այս երևույթը տեղափոխվում է նրա աշխատավայր. նա սովորում է վերցնել ուրիշի աշխատանքը ու ներկայացնել որպես իրենը: Որովհետև նա ինքնուրույն աշխատել չի սովորել, ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է: Եվ այս ամենին զուգահեռ մենք ունենք պայծառ երիտասարդներ, որ կարողանում են աշխատաշուկայում արդյունք ապահովել: Իսկ առաջինները, քանի որ հմտացած են գողության մեջ, գողանում են այս մարդկանց արածը ու առաջ են գնում: Երկրորդներին այլևս բան չի մնում անել, քան դռները փակել ու ցտեսություն ասել հայրենիքին:
– Այսինքն` մեր երկրում գողությունը սկսվում է կրթությունից, հիմքը կրթության մեջ է, որքան էլ տարօրինակ հնչի:
– Այո՛, ուղեղի, գիտելիքի գողությունը կամ ուրիշի արածը սեփականելը դառնում է արդեն մտածողություն: Ընդ որում, դա միայն ուսանողների մակարդակով չէ, որ տեղի է ունենում: Նաև դասախոսներն են այդպես վարվում: Մենք ունենք դասախոսներ, որոնք դոկտորական են պաշտպանել՝ գողանոլով ուրիշի աշխատանքը: Նման մարդիկ պարզապես պետք է դուրս վռնդվեն համակարգից:
– Չէ, մենք լավ էլ ընդունում ենք նրանց…
– Մենք ընդունում ենք նրանց, պահում ենք, նրանք էլ շարունակում են վերարտադրվել:
– Ո՞րն է լուծումը:
– Ես լուծումը չգիտեմ: Գուցե պետք է որոշենք ու ասենք` եկեք բոլոր 40 տարի առաջվա գիտական թեզերը չեղյալ համարենք: Իհարկե, կան նաև արժանի աշխատանքներ դրանց մեջ: Բայց ուրիշ ի՞նչ կերպ վարվենք: Բանն այն է, որ թացն ու չորն այնքան են խառնվել, որ տարանջատել հնարավոր չէ: Եվ երբ հարցը փորձ է արվում սկզբունքորեն դնել, և քանի որ այս դեպքում գործ ենք ունենալու անհատների, նույնն է թե մարդկային ճակատագրերի հետ, ասում ենք՝ բա մեղք չէ՞:
Սակայն, հակընդեմ հարցն էլ պետք է հնչեցնենք` իսկ այս երկիրը մեղք չէ՞: Հիմա մեր երկրում ինչո՞ւ «չի աշխատում», այսպես ասած, տնտեսական այդ ցնցումը: Որովհետև տնտեսությունը սովորաբար հիմնվում է արտադրողականության վրա: Իսկ արտադրողական ոլորտը կպած է գիտելիքին: Ցանկացած ունակ մարդ աշխատում է, երբ զգում է սոցիալական արդարությունը: Հենց չզգաց, իր կարողությունը չի կիրառի: Եվ բոլոր ոլորտներում է այդպես:
– Մեր երկրում նաև նոր դպրոցներ են հիմնվում` ԱՅԲ-ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, դրանց կարգախոսն այն է, որ երեխան ինքնուրույն մտածել սովորի: Սրանք ինչ-որ փոփոխություն չե՞ն կարող մտցենել իրավիճակի մեջ:
– Կարող են: Բայց մյուս կողմն էլ իր հմտություններն է զարգացնում գողանալու մեջ: Միայն ձեր թվարկածները չեն. մեր հներից էլ լավ դպրոցներ կան` ֆիզմաթը և այլն: Այս դպրոցներում երեխաները տեսնում են, որ կա մրցակցային միջավայր, որ իրենք պետք է սովորեն, որպեսզի առաջ գնան ու հաջողության հասնեն: Բայց խնդիրն այն է, որ մտնելով կյանք, նրանք չունեն պաշտպանական հմտություններ: Նույնն էլ արտասահմանում սովորած երիտասարդների պարագայում է: Երբ վերջիններս մտնում են հատկապես մասնավոր հատված, տեսնում են, թե ինչ է կատարվում այստեղ: Ու չեն կարողանում ո՛չ իրենք իրենց և ո՛չ էլ իրենց արածը պաշտպանել: Եվ… պարզապես թողնում-գնում են երկրից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։