«Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով». Վիգեն Սարգսյան
Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի փակման օրը նախարար Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է առկա հակ ամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս համաժողովի հրաշալի կազմակերպման համար։
Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի սրացումների և սադրանքների զսպումը այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պետությունների ղեկավարները բանակցություններ են վարում՝ փնտրելով փոխզիջումներ հիմնախնդիրների էության շուրջ։
Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով։
Իհարկե՝ սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետևանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի։
Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։ Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով և մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների և դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն` մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք և սթափ դատող։
Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։
Ավելին. ինքնին ռազմական գործողությունների վարման ձևը, դրանց ազդեցությունը խաղաղ բնակչության, հասարակ քաղաքացիների վրա, խորը հակասության մեջ է գտնվում միջազգային մարդասիրական իրավունքի և սոցիալական զարգացման հետ։
21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա։ Այդ ուղղությամբ պետք է կենտրոնացած լինեն միջազգային հանրության ջանքերը։
Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել կլաուսվիցյան բանաձևով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետևանքներն ու գինը հասկացող և ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որևէ բանի տրամաբանական շարունակությունը լինել։
Պատմությունը մարդկությանը տրված է արարելու, զարգանալու համար, այլ ոչ թե պատերազմի և հակադրությունների։
Տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում զինված հակամարտությունը կյանքի կանոն է՝ խաղաղության կարճատև և անբնական ընդմիջումներով։
Այս օրերին մենք շատ էինք խոսում և շարունակում ենք խոսել տարածաշրջանների մասին։ Բայց հենց «տարածաշրջան» հասկացության խորը ձևափոխումն է ժամանակակից անվտանգության հիմնական խնդիրը։
Այն աշխարհագրական ձևավորումը, որը երեկ, աքսիոմատիկ կերպով, ընկալվում էր որպես «տարածաշրջան», այսօր մի ամբողջ շարք այլ, նոր, մինչ այդ անհայտ «տարածաշրջանների» մաս է հանդիսանում։
Տեղի է ունենում գլոբալացում ոչ պետական դերակատարների, որոնք ինքնուրույն սկսում են աշխարհի քարտեզի վրա նոր տարածաշրջաններ ձևավորել, ահաբեկչական խմբերի ու դրանց ուժի կենտրոնների տարածաշրջաններ։ Տարածաշրջաններ, որոնք առավել հասանելի են ԻԼԻՊ-ի շարքերի հավաքագրման համար, ատելության քարոզի առավել հեշտ տարածման տարածաշրջաններ։
Լեզվական, էթնիկ, կրոնական, գաղափարական տարածաշրջաններ, շատ դեպքերում՝ տարածվող սեփական քաղաքական քարտեզների սահմաններից դուրս։
Աղքատության տարածաշրջաններ՝ ընդդեմ բարեկեցության տարածաշրջանների, տարածաշրջաններ, որտեղից փախստականների հոսք կա, և տարածաշրջաններ, ուր նրանք գնում են ապրելու։ Տարածաշրջաններ, որտեղ զարգացման ծրագրեր են պետք, որտեղ, երբեմն, նույնիսկ սովորական խմելու ջուրը չի բավականացնում, և տարածաշրջաններ, որոնք պայքարում են օտարերկրյա ներդրումների առավել մեծ ծավալի համար։
Պատերազմի տարածաշրջաններ, և խաղաղության տարածաշրջաններ, տարածաշրջաններ, որտեղ երիտասարդությունը երազում է կրթական հաստատությունների լավագույն տասնյակի մասին, և տարածաշրջաններ, որտեղ համընդհանուր անգրագիտություն է տիրում։
Տարածաշրջաններ, որտեղ զենքը, թմրամիջոցները, մարդկանց շահագործումը ուժեղ են պետական սահմաններից և մաքսատներից, և տարածաշրջաններ, որտեղ այդ խնդիրները հեռավոր և իրականության հետ կապ չունեցող թրիլլերների սցենարներ են թվում։
Խոսքի և մտքի ազատության տարածաշրջաններ, և տարածաշրջաններ, որտեղ ժողովուրդը կարող է իշխանությունից մահապատժի վերականգնում պահանջել։
Որքան էլ տարբեր լինեն տարածաշրջանների այս դասակարգումները, ճշմարտությունը շատ պարզ է. անվտանգությունը կախված է տարածաշրջայնացման միտումների լիարժեք ընկալումից և վերահսկողության համակարգի ձևավորման ընթացքում տեղական առանձնահատկությունների հետ հաշվի նստելուց։
Չկա մեկ բաղադրատոմս բոլորի համար։ Բայց կա ակնհայտ իրականություն. միայն ընտրողականության, երկակի ստանդարտների ցանկացած դրսևորման բացառման, սեփական անվտանգությունը ուրիշների տառապանքների վրա կառուցելուց հրաժարվելու շարունակական և անբաժան մոտեցման, սկզբունքների գերակայության հիման վրա կարելի է հասնել երկարատև և հաստատուն արդյունքների։
Մեր օրերում բաժանումը տարածաշրջանների սկսել է հիմնվել շատ կոնկրետ առաջադրված խնդրի վրա։
Կյանքը մեզ հեռացնում է աշխարհագրական տարածաշրջայնացումից, իսկ մենք անընդհատ փորձում ենք վերադառնալ դրան։ Այդպես մեզ ավելի հարմարավետ, բնական է թվում։ 21-րդ դարի տարածաշրջայնացումը տարածաշրջայնացում է՝ առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների հենքի վրա, կարելի է ասել՝ դա նպատակային տարածաշրջայնացում է։ Այսինքն՝ միևնույն երկիրը միաժամանակ կարող է գտնվել տարբեր, որոշ դեպքերում՝՝ անհամադրելի թվացող տարածաշրջաններում՝՝ կախված առաջադրված խնդիրներից։
Այդ համատեքստում պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունն առավել կարևորված է դառնում։ Պահանջվում է
-ավելի շատ տեղեկատվության փոխանակում
-հաղորդակցության ուղիղ գծերի առկայություն
-խոստումը պահելու ունակություն՝ որպես փոխվստահության ձևավորում
-փոխըմբռնման մակարդակ. պարբերական փոխանակումներ, վերապատրաստումներ, ռազմական ներկայացուցիչների փոխգործակցություն
-միջազգային մարդասիրական նորմերի և կանոնների կոշտ պահպանում։
-և ամենակարևորը՝ հարգանք գործընկերների հանդեպ։ Որքան խոշոր է գործընկերը, այնքան շատ բան է կախված նրա քայլերից, գործողություններից, քաղաքականությունից, այնքան խորը պետք է լինի բառերի սրությամբ և այսրոպեական հաշվարկներով միմյանց հաղթելու փորձերի անթույլատրելիության գիտակցումը։ Որքան մեծ է միջազգային և տարածաշրջանային մասշտաբի խաղացողը, այնքան հստակ պետք է հաշվարկված լինեն հակադրություն առաջացնող նրա ցանկացած գործողության հետևանքները։
Գիտակցումը, որ մենք փոխգործակցում ենք ոչ թե այս օրվա, այլ երկարաժամկետ հեռանկարի համար՝ արդյունավետ միջազգային երկխոսության հիմքերի հիմքն է։ Իսկ գոյություն ունեցող մարտահրավերներն ու սպառնալիքներն ընդամենը թելադրում են դա։
Թվարկվածը փոփոխվող անվտանգային միջավայրում և տարածաշրջանային դինամիկ ձևափոխումներում ռազմական համագործակցության ոչ ամբողջական ցանկն է։
Միևնույն ժամանակ՝ բռնության և վրեժի պարույրը, գոյություն ունեցող խնդիրները մեկ հարվածով լուծելու փորձերը մեզ դեպի անկում են տանում, օրեցօր դեպի քաոս մղելով մեր տարածաշրջանները։
Ինչպես ակնհայտ դարձավ նույն՝ Մերձավոր Արևելքի օրինակով, ընդամենը օրեր են պետք՝ կայուն թվացող տարածաշրջանները մարտադաշտի, մահվան, աղքատության տարածքների վերածելու, փախստականների ալիք ձևավորելու և բռնությունը լեգիտիմացնելու համար։
Եվ դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե ինչպես պետք է մենք տանենք սխալներն ուղղելու աշխատանքը, որն այդ տարածաշրջանի ժողովուրդներին թույլ կտա խաղաղ կյանքի վերադառնալ։
Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի մեծագույն գրող Ժոզե Սարամագոյի «Կուրություն» վեպում նկարագրվում է դինամիկ կերպով փոփոխվող սոցիալական իրականության պայմաններում սոցիալական անպատասխանատվության և եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը։ Տպավորություն ունեմ, որ մենք բոլորս՝ որպես պետություններ, ժողովուրդներ, որպես անհատներ, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար, դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում ենք ներքև՝ անվտանգության համակարգերի դեգրադացման սարամագովյան պարույրով։
Մենք պատասխանատվության սլաքները մեզանից՝ որոշումներ կայացնող մարդկանցից, տեղափոխել ենք մեր ունեցած զինատեսակների վրա։
«Կարելի է-չի կարելի»-ն՝ կայացված անվտանգային որոշումների պարադիգմայում առավել հաճախ փոխարինվում են «կարող եմ-չեմ կարող» հասկացությամբ, «ունեմ, թե՞ ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ» հարցադրմամբ։
Որքան մենք հեռանում ենք 20-րդ դարի երկու տոտալ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանի ավարտի պատմական պահից, այնքան բթանում է սկզբունքների և արժեքների, այլ ոչ թե պետությունների ռազմական պոտենցիալների վրա հիմնված սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը։
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հյուրընկալ տանտերերին՝ համաժողովի հրաշալի կազմակերպման համար, ուզում եմ հույս հայտնել, որ այսպիսի քննարկումները, հանդիպումներն ու բանավեճերը խաղաղության պահպանման և անվտանգության համար չափազանց կարևոր՝ փոխադարձ վստահության ձևավորման, ըմբռնման և հարգանքի կարևորագույն գործոն են հանդիսանում։ Շնորհակալություն»: