
Ընտրություններից հինգ ամիս առաջ Մերկելը վստահորեն առաջ է անցել Շուլցից. Politbarometer

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 24-ին կայանալիք քվեարկությունից հինգ ամիս առաջ վստահորեն առաջ է անցել Բունդեսթագի ընտրություններում իր հիմնական մրցակցից՝ կանցլերի թեկնածու եւ Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահ Մարտին Շուլցից։
Այդ մասին վկայում են Politbarometer-ի ազգային սոցիոլոգիական ավանդական հարցման արդյունքները, որոնք ապրիլի 28-ին ներկայացրել է ZDF հեռուստաալիքը:
Նոր տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 50 տոկոսը գործող կանցլեր Անգելա Մերկելին նշել է որպես կառավարության ապագա ղեկավարի պաշտոնի իր ֆավորիտի (ապրիլի սկզբին՝ 48 տոկոս), 37 տոկոսը՝ Մարտին Շուլցին (ամսվա սկզբին՝ 40 տոկոս):
Կուսակցությունների ընդհանուր վարկանիշում ԳՍԴԿ-ն ամսվա ընթացքում կորցել է աջակցության 3 տոկոսը: Եթե ընտրություններն անցկացվեին ապրիլի 30-ին, ԳՍԴԿ-ի օգտին կքվեարկեր ընտրողների 29 տոկոսը, ապրիլի սկզբին կուսակցությանն աջակցելու մասին հայտարարել էր հարցվածների 32 տոկոսը:
Մերկելի գլխավորած քրիստոնյա դեմոկրատների ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշն աճել է մինչեւ 37 տոկոս: Ժողովրդականության ցուցանիշով երրորդը «Ձախեր» կուսակցությունն է (9 տոկոս), այնուհետեւ գալիս են «Կանաչները» (8 տոկոս), «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (8 տոկոս) եւ ազատ դեմոկրատները (6 տոկոս):
Politbarometer-ի ուսումնասիրությունն անցկացվել է Mannheimer Forschungsgruppe Wahlen սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, որի ընթացքում ապրիլի 25-27-ը հեռախոսով հարցում է արվել Գերմանիայի՝ պատահականորեն ընտրված 1328 չափահաս քաղաքացիների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: