
Հայկական ՏՀՏ-ի ներկայացուցչական գրասենյակներ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում և Բոլիվիայում

Armenian Science & Technology Center ծրագրի շրջանակներում հայկական ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել 4 երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում:
Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հուշագրեր ստորագրելու նպատակով հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ:
Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:
Մեկ ամսից ավելի է՝ TSD ընկերությունն ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների` ապագա աշխատակիցների: Վերջիններս շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Արդեն կազմավորված է 30 մասնագետից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ: Նրանք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:
Armenian Science & Technology Center ծրագիրն առաջիկայում նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրներում:
Armenian Science & Technology Center ծրագիրն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի համաձայն:
Սիրարփի Աղաբաբյան